ԵՏՀ նախարար. «ԵՏՄ տարածքում միասնական արժույթ ներդնելու հարց չի քննարկվում»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Սուլեյմենովը վստահեցնում է, որ Եվրասիական  տնտեսական միության տարածքում միասնական արժույթ ներդնելու հարց չի քննարկվում, քանի որ այն ամրագրված չէ ո՛չ ԵԱՏՄ մեծ համաձայնագրում, ո՛չ էլ այլ փաստաթղթերում:

«Միասնական արժույթի ներդրման հարցը չի քննարկվում ԵԱՏՄ որևէ հարթակում, քանի որ ոչ ԵԱՏՄ մեծ համաձայնագրում, ոչ էլ այլ փաստաթղթերում չի խոսվում միասնական արժույթի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Նրա խոսքով` փորձ է արվում ԵԱՏՄ տարածքում ունենալ ներդաշնակեցված արժութային կարգավորում, փոխադարձ առևտրում արժութային սահմանափակումներից խուսափում, ինչպես նաև ընդհանուր ֆինանսական շուկա մուտքի հնարավորություններ: «Ինչ վերաբերում է դրամավարկային, արժութային քաղաքականությանը, ապա այն գտնվում է երկրների տիրույթում, դեռ նրանք պատրաստ չեն դա փոխանցել վերազգային մակարդակ, իսկ առանց դրա միասնական արժույթը չի կարող կայանալ»,- նշեց Սուլեյմենովը:

Ինչ վերաբերում է հարկային կարգավորումներին, ապա Տիմուր Սուլեյմենովի խոսքով` այդ հարցերը ևս պետությունների ազգային տիրույթում են: «Հարկերի դրույքները, հարկաբաժինները, հարկային արտոնությունները որոշվում են պետությունների մակարդակում: Մենք որպես հանձնաժողով պետք է ցուցաբերենք չեզոքություն, հետևենք, որ խտրական վերաբերմունքի չարժանանան այս կամ այն ապրանքները անդամ-երկրների շուկաներում: Եթե հայկական ապրանքը հայտնվում է, օրինակ, Ղազախստանում, այն չպետք է ավելի շատ հարկվի, քան այնտեղ արտադրվածը»,-նշեց պաշտոնյան` ավելացնելով, որ դա հիմնային սկզբունք է, որի իրականացման համար մշտապես մոնիտորինգ ու վերահսկողություն է իրականացվում:

Կարդացեք նաև

Անդրադառնալով միասնական Մաքսային օրենսգրքին` ԵՏՀ նախարարը նշեց, որ դա թերևս ամենակարևոր փաստաթուղթն է ծավալի ու խորության իմաստով: «Մենք շատ համաձայնագրեր ունենք, որոնք կարգավորում են ոլորտները հիմնային մակարդակում, մնացածը մնում է ազգային մակարդակում: Մաքսային օրենսգիրքը թույլ է տալիս կարգավորել մաքսային իրավահարաբերությունների ամբողջությունը, հետևաբար ակնհայտ է, որ ռիսկերի կառավարման և մաքսային ծառայությունների համակարգերի, ինչպես նաև բիզնեսի ու պետության փոխհարաբերություններում տեսակետների տարբերության պայմաններում, շ ատ դժվար է այդ բոլոր փաստաթղթերի համաձայնեցումը»,-ասաց Սուլեյմենով:

Նա հիշեցրեց, որ մայիսին Հայաստանում կայացած ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստին սահմանվել է Մաքսային օրենսգրքի մշակումն ավարտելու ժամկետը. «Բավականին խիստ ժամկետ է դրվել, մինչ այս տարվա դեկտեմբերի 1-ը մենք կունենանք Մաքսային օրենսգիրքը»:

Տեսանյութեր

Լրահոս