Բաժիններ՝

Բարդուղ Գաբրիելյանն ահազանգում է. «Խեցգետնի համար նոր որսագործիքներ են բերվել, որոնք սելեկտիվ որս չեն կատարում՝ որսում են և՛ մանր, և՛ մեծ»

Հայաստանում սիգի պաշարները մի քիչ ավելացել են, բայց դեռ չի կարելի վերականգնման մասին խոսել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ այս տարի էլ շարունակվում է մեծ և փոքր սիգերի որսը, ինչն արգելվում է ամբողջ աշխարհում: «Նամակով դիմել ենք համապատասխան մարմիններին՝ պահպանությունն ուժեղացնելու համար: Շատ կարևոր է այդ մանրաձուկը և մայրական կազմը պահպանելը: Այդ դեպքում մենք իրոք կունենանք պաշարների ավելացում, և որոշ ժամանակ հետո նույնիսկ կարող են թույլատրել ինչ-որ չափով արդյունագործական որսը»,- նշեց բանախոսը:

Խոսելով իշխան ձկան պաշարների մասին՝ Բ. Գաբրիելյանը նշեց, որ լճում իշխանի պոպուլյացիա կա, բայց դա դեռ չի կարելի համարել վերականգնված, որովհետև բնական բազմացում չի գնում. «Դրա համար պետք է շատ խիստ ուշադրություն դարձնել այն գետերին, որոնք հանդիսանում են իշխանի ձվադրավայր: Մեր ուսումնասիրությունների արդյունքում բոլոր ձվադրավայր հանդիսացող գետերն ունեն ոչ բարենպաստ պայմաններ»:

Նա հայտնեց, որ ստեղծված ոչ բարենպաստ պայմանների պատճառը և՛ հէկ-երն են, և՛ մարդկանց կողմից այդ գետեր աղբ նետելը. «Դա ոչ միայն իշխանին է վերաբերում, այլև էնդեմիկ ձկնատեսակներին՝ դրանք են կողակն ու բեղլուն, որոնց հարցն այսօր ավելի լուրջ է, քան, օրինակ, իշխանի կամ սիգի հարցը: Կողակի և բեղլուի պաշարներն ընդհանրապես խզված են: Եթե տեսնում եք շուկաներում կողակ և բեղլու, դրանք ոչ թե Սևանինն են, այլ՝ այլ տեղերից բերված ձկներ են, որոնք էնդեմիկ չեն»:

Բ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ իրենք տարվա կտրվածքով ուսումնասիրություններ են կատարում ու անցյալ տարվա վերջին սիգի պաշարը եղել է 430 տոննա, կողակի և բեղլուի պաշարները խզված են, իշխանը երկար տարիներ արդեն արգելքի մեջ է ու Կարմիր գրքի մեջ է մտցված:

Նա նշեց, որ թույլատրելի որսի համար սիգի արդյունագործական պաշարը պետք է լինի գոնե 1000 տոննա. «Եթե ճիշտ կառավարվի, որսագողությունը մինիմալիզացվի, ապա սիգը շատ արագ բազմացող է, 2-3 տարում կարելի է 1000 տոննայի հասնել»:

Հարցին՝ եթե կա ձկնագողություն, ճիշտ չի՞ լինի սահմանել որսի որոշակի թույլատրելի սահման, որ այդ ոլորտը դառնա վերահսկելի, բանախոսն այսպես պատասխանեց. «Նույնն է թե՝ ասենք՝ եկեք թույլատրենք՝ մի քիչ գողություն անեն: Սա էլ է գողություն, սա պետական պաշարների գողություն է, ի՞նչ տարբերություն: Նման կարծիքներ կան, ու դրանք դիտվում են, որ միգուցե թույլատրեն որոշ սեզոններին որոշ չափի և քանակի որս, որը որոշ չափով կմեղմի այդ որսագողությունը, և երևի ավելի հեշտ կլինի վերահսկել, ուղղակի մենք պետք է ունենանք այդ պաշարը, որ թույլատրենք»:

Բ. Գաբրիելյանը նաև հայտնեց, որ Սևանի խեցգետնի պաշարները գրեթե ստաբիլ են, ու նույնիսկ մի քիչ աճ է նկատվում՝ ի հաշիվ մանր առանձնյակների, քանի որ մեծերն ավելի շատ են որսվում. «Մեր գնահատմամբ՝ մոտավորապես 2000 տոննայի հասնում է արդյունագործական չափերը, բայց այստեղ մի մտավախություն կա, որ բերվել են նոր որսագործիքներ խեցգետնի համար, դրանք չինական որսագործիքներ են, որոնք սելեկտիվ որս չեն կատարում՝ որսում են և՛ մանր, և՛ մեծ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս