Լոնդոնը խոստովանել է, որ Իրաք ներխուժումը սխալ է եղել
Մեծ Բրիտանիայի կողմից մինչև Իրաք ներխուժումը հարցի խաղաղ լուծման հնարավորությունները չէին սպառվել, հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ջոն Չիլկոտը, որն ուսումնասիրել է իրաքյան արշավում (2003–2009թթ.) բրիտանական մասնակցության հարցը:
«Մենք եզրակացրել ենք, որ Բրիտանիան օպերացիային միանալու և Իրաք ներխուժելու ընտրություն է կատարել մինչ այն պահը, երբ խաղաղ զինաթափման հարցերը կլուծվեին: Ռազմական գործողություններն այն ժամանակ վերջին եղանակը չէին»,- ասել է Չիլկոտը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ Բրիտանիայի կառավարությունը թերագնահատել է Իրաք ներխուժման հետևանքները ու իր զորքերն ուղարկել է երկիր՝ առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների մեծ մասի աջակցության:
Զեկույցում ասվում է, որ Իրաքում միջուկային զենքի առկայության պատճառով ներխուժումը երկիր կատարվել է «չապացուցված տվյալների» հիման վրա:
«Զինվորականները հույս ունեին հաջող ելքի՝ հարձակումը Բաղդադի վրա և Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի ձերբակալությունը պետք է տեղի ունենար նվազագույնը 1 ամսում»,- ասել է Չիլկոտը:
Զեկույցի հեղինակները գրել են, որ ներխուժումը եղել է սխալ, որի հետևանքները զգացվում են մինչ օրս:
Զեկույցի հրապարակումից հետո շենքի մոտ, որտեղ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը, հավաքվել էին տասնյակ մարդիկ՝ պահանջելով պատժել Թոնի Բլեերին, որը գլխավորել է Մեծ Բրիտանիան 1997-2007թթ.: