
Ինչպես ամռանը խուսափել աղիքային խնդիրներից. վարակաբան

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ, վարակաբան Մելանյա Շմավոնյանի խոսքով՝ ամռանն ավելանում է աղիքային խնդիրներով հիվանդների թիվը, ինչը, սակայն, ընդհանուր առմամբ այնքան էլ մեծ չէ:
«Գիտենք, որ մարդիկ ամռանը շատ են օգտագործում միրգ, բանջարեղեն, կանաչեղեն, եւ երբեմն, միգուցե, անփութության պատճառով լավ չեն լվանում, կամ պատրաստի սնունդը լավ չի պահպանվում, ինչն էլ հենց հանգեցնում է վարակների առաջացմանը: Կան հիվանդներ աղիքային վարակներով, վիրուսային վարակներով, որոնք հիմնականում ավելի շատ երեխաների մոտ են նկատվում ամռան սեզոնին, իսկ մի մասն էլ ստամոքսի, աղիքների սուր բորբոքմամբ է դիմում: Այս ամենը միանշանակ կապված է ոչ բարվոք սնունդ օգտագործելու հետ: Առհասարակ բոլոր աղիքային վարակները կոչվում են «կեղտոտ ձեռ քերի հիվանդություն»,- նշեց վարակաբանը:
Նրա խոսքով՝ նախորդ տարիներին գրանցվել են հիվանդացության խմբակային դեպքեր, մինչդեռ այս տարի չկան:
«Այժմ օրական 2-3 դեպք է գրանցվում հիվանդանոցում, սակայն մեծահասակների շրջանում միայն, իսկ երեխաները այս առումով ավելի խոցելի են»,- ասաց նա:
Ամռանը աղիքային խնդիրներից խուսափելու համար Մելանյա Շմավոնյանը խորհուրդ է տալիս կերակուրը պատրաստել բացառապես ձեռքերը լվանալուց հետո, պատրաստի կերակուրը պահպանել սառնարանում, լվանալ մրգերը, բանջարեղենը, օգտագործել հեղուկներ, սննդակարգի մեջ չներառել երշիկեղեն եւ ապխտած մթերք: