«Ռուս-թուրքական մերձեցումն էականորեն չի փոխի ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը». Մալաշենկո
«Ռուս-թուրքական մերձեցումը կկայունացնի տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտաշխատող, արևելագետ, քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին ու դրանց ազդեցությանը ԼՂ հակամարտության վրա:
Ալեքսեյ Մալաշենկոն նշեց, թե ինչու Թուրքիայի նախագահ Էրդողանը որոշեց կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Ըստ ռուս վերլուծաբանի, Թուրքիայի շուրջ իրավիճակը կտրուկ կերպով փոխվել է վերջին ամիսների ընթացքում՝ վատթարացել են ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, վատթարացել է իրավիճակը երկրի ներսում և Սիրիայում, Էրդողանը ողջունեց նաև Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ն լքելու որոշումը: Մալաշենկոյի համոզմամբ, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Թուրքիան մի քանի խնդիր կլուծի, որոնցից գլխավորը Եվրոպային հեղինակազրկելն է և ներկայացնելը՝ որպես մի կառույց, որից ԵՄ անդամ երկրները պարզապես փախչում են:
«Էրդողանը համարձակ և անսպասելի քայլի դիմեց, հստակ իմանալով, թե դրանից ինչ օգուտներ է ստանալու, և իր այդ քայլով Ռուսաստանին անակնկալի բերեց: Ներկայումս ռուսական կողմը պետք է հասկանա, թե ինչպես պետք է արձագանքի Թուրքիայի մերձեցման փորձերին, քանի որ չպետք է ինչպես՝ ոգևորվել, այնպես էլ՝ կորցնել Թուրքիային, քանի որ նոր ճգնաժամի ռուս-թուրքական հարաբերությունները չեն դիմանա, չպետք է «վախեցնել» և հրահրել Թուրքիային, ճանաչելով Էրդողանի ցավոտ կետերը:
Չնայած այս ընթացքում ռուսական դիվանագիտությունը բավականի կոշտ ձևակերպումներով է հանդես եկել Թուրքիայի քաղաքականության հասցեին՝ փորձելով ապացույցներ ներկայացնել ԻՊ-Թուրքիա համագործակցության մասին: Այս ամենը դեռ պետք է հաղթահարել, ինչը հեշտ խնդիր չէ Ռուսաստանի համար:
Այնուամենայնիվ, իմ համոզմամբ, ներկայումս մերձեցումը ձեռնտու է Մոսկվային, քանի որ սա կարող է խաղաքարտ դառնալ Ռուսաստանի ձեռքում Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հետ հարաբերությունների հարցում»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսեյ Մալաշենկոն՝ մերձեցման փորձերը որակելով փոխշահավետ Ռուսաստանի և Թուրքիայի համար: Վերջինիս համոզմամբ, դեռ դժվար է ասել, թե երկու երկրների հարաբերությունները կվերադառնա՞ն նախկին ծավալներին, թե՞ ոչ: Նրա որակմամբ՝ դեռ մի շարք հարցեր պետք է հաղթահարվեն:
Ալեքսեյ Մալաշենկոն կարծում է, որ ռուս-թուրքական հաշտեցումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, քանի որ ռուս-թուրքական ճգնաժամը բաժանարար գծեր, ճամբարներ էր մտցրել ԼՂ հակամարտությունում: Դրանք, նրա որակմամբ, կվերանան: «Ասել, որ սա էական փոփոխություններ կտա ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին, սխալ կլինի, քանի որ Թուրքիան, ըստ էության, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից հեռու է գտնվում, Ռուսաստանը միջնորդ է, շարունակելու է իր ավանդական քաղաքականությունը, և ներկայիս ստատուս-քվոն պահպանվելու է, որևէ փոփոխություն այս առնչությամբ տեղի չի ունենալու»,- նկատեց Մալաշենկոն:
Հարցին, թե ռուս-թուրքական մերձեցման ընթացքում հնարավո՞ր են արդյոք գործարքներ, որոշումներ Հայաստանի շահերի հաշվին, հատկապես, երբ քննարկվում են ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական ծրագրեր՝ ադրբեջանամետ բաղադրիչներով, Մալաշենկոն պատասխանեց, որ Ռուսաստանը շարունակում է պահպանել իր չեզոքությունը՝ չսատարելով ոչ մի կողմի դիրքորոշմանը, հետաքրքրված չլինելով ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հակամարտությունում ավելի գերակա դիրքերով: Ըստ նրա՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերի էությունը հենց ստատուս-քվոյի պահպանմանն է ուղղված՝ առանց հակամարտող որևէ կողմին առաջնայնություն շնորհելու: «Այս գործընթացում որևէ փոփոխություն առայժմ չեմ կանխատեսում»,- ասաց նա: