«ԼՂ հակամարտության գոտում ռազմական սրացման վերսկսումն ավելի ավերիչ կլինի ապրիլյան իրադարձություններից». Միջազգային ճգնաժամային խումբ
Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին ծավալված ռազմական գործողություններին:
Խմբի զեկույցի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական սրացման վերսկսումն ավելի ավերիչ կլինի ապրիլյան իրադարձություններից:
Կազմակերպությունը նշում է, որ լուրջ ռիսկ կա, որ այս անգամ կարող են կիրառվել «երկիր-երկիր» դասի հրթիռներ, իսկ զոհերի թիվը խաղաղ բնակիչների շրջանում անհամեմատ բարձր կլինի:
Զեկույցում ասվում է, որ ապրիլյան մարտերի ժամանակ կիրառվել են համազարկային կրակի հրթիռային համալիրներ, ծանր հրետանի, տանկեր, ԱԹՍ-ներ:
Նշվում է, որ ապրիլի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունն ավելի հակված էր հակամարտության լուծմանը ռազմական ճանապարհով, քան 25 տարի առաջ:
Զեկույցի հեղինակները կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առաջընթացը բանակցությունների ժամանակ:
Մեկնաբանելով երրորդ երկրների դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ Ռուսաստանն իրեն ներկայացնում է՝ որպես առանցքային միջնորդ և անվտանգության երաշխավոր, որը պարտադիր է միջամտել այդ հարցին, հիմնականում՝ Հայաստանի հետ համաձայնագրերի պատճառով:
«Իր հերթին՝ Թուրքիան Ադրբեջանի հետ ունի ռազմական գործակցություն, կարևոր էներգետիկ համագործակցություն, քաղաքական և տնտեսական սերտ կապեր: Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները լարված են: Իրանն էլ դեռ որոշում է իր մոտեցումը տարածաշրջանի նկատմամբ, սակայն ձգտում է մեծ դեր խաղալ: Շահերը համընկնում են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, սակայն Մոսկվան, որն իրեն համարում է գլխավոր միջնորդ, փորձում է ամրապնդել իր դիրքերն այդ տարածաշրջանում, որը համարում է իր ազդեցության գոտին»,- նշված է զեկույցում:
Փորձագետները նշում են, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է ԼՂ հակամարտության կարգավորման հետ:
Զեկույցում անդրադարձ կա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին, որոնց մասնակցել էին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է միջնորդական ջանքերին մասնակցեն քաղաքական բարձր մակարդակով, պետք է ուժեղացնեն ճնշումը բանակցող կողմերի վրա փոխզիջումների նպատակով, այն է՝ Հայաստանը պետք է վերադարձնի ադրբեջանական տարածքները, իսկ Ադրբեջանն անվտանգության միջանկյալ կարգավիճակ տա ԼՂՀ-ին:
Ինչ վերաբերում է Եվրամիության ունեցած դերին, կազմակերպությունը նշում է, որ ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
«Եվրամիությունը պետք է նաև մտածի այն մասին, թե ինչ օգնություն կարող է ցուցաբերել հետկոնֆլիկտային շրջանում, ներառյալ՝ հեռահաղորդակցությունների վերականգնումը»,- ասված է զեկույցում:
Ի ամփոփումն՝ Միջազգային ճգնաժամային խումբը հայտարարում է , որ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խումբը պետք է ուժեղացնի ջանքերն ապագա խաղաղարար առաքելության հարցում. «Այդ հարցի շուրջ կլինի շատ քաղաքականություն, սակայն քննարկումները պետէ է անցկացվեն պլանավորումն արագացնելու համար»: