Բաժիններ՝

Սթեֆըն Քուրքչյան. «Լրագրողը պարզապես համառորեն շարունակում է հարցեր տալ». media.am

Սթեֆըն Քուրքչյանը ամերիկահայ հետաքննող լրագրող է ու Պուլիցերյան մրցանակակիր: Նա եղել է «Boston Globe»-ի «Spotlight» հետաքննող թիմի հիմնադիր-անդամ և երկար տարիներ հետաքննել է կառավարությունում կոռուպցիայի դեպքերը: Այժմ զբաղվում է արվեստի հայտնի գործերի գողությունները բացահայտելով: Քուրքչյանը կարծում է, որ հետաքննության արժանի են հատկապես այն թեմաները, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա եւ կարող են փոխել այն: Նրա համոզմամբ՝ նույնիսկ այն երկրներում, որտեղ մեդիան վերահսկվում է կառավարության կողմից, գուցե ոչ անմիջապես, տեւական ժամանակում, բայց հնարավոր է հասնել հաջողության. լրագրողը պարզապես պետք է չհանձնվի ու շարունակի աշխատել: «Հետաքննող լրագրողը պետք լսելի դարձնի այն մարդկանց խնդիրները, որոնք ձայն չունեն հասարակության մեջ»,- media.am-ի հետ զրույցում ասում է նա:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով Քուրքչյանը Երևանում է: Նա հետաքննական ամառային դպրոցում երիտասարդ լրագրողներին սովորեցնում է լրագրողական հետաքննություններ վարելու ամբողջ գործընթացը՝ նյութի որոնումից, աղբյուրների հետ աշխատանքից մինչև վարկածների մշակում, փաստերի ստուգում, համադրում, նյութի պատրաստում:

– Ո՞րն է հետաքննական լրագրության կարևորությունը այն երկրներում, որտեղ լրագրողական նյութերը հաճախ անարձագանք ու անարդյունք են մնում:

– Հետաքննական լրագրությունը չպետք է չափել կառավարության կողմից արված փոփոխություններով: Հետաքաննական լրագրությունը հանրությանը տեղեկացնելու առաքելություն ունի, որպեսզի հանրությու՛նը որոշի, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ: Կառավարության՝ քննադատության հանդեպ անհանդուրժող կամ ռեպրեսիվ լինելը բարդացնում է աշխատանքը, բայց չի ժխտում հետաքննական լրագրության կարիքը: Որովհետև լրագրողի նպատակն, ի վերջո, հանրությանը տեղեկացնելն է անհրաժեշտ փոփոխությունների, չմատուցված ծառայությունների մասին, որոնց վրա փող է ծախսվում:

Եթե ցանկացած երկիր կամ կառավարություն համեմատեք ԱՄՆ-ի հետ, կասեք, որ ամերիկյան լրագրողներին ամեն ինչ հեշտ է տրվում, որովհետև Նահանգներում հանրությունը հարգում է լրագրողի աշխատանքը: 400 տարի առաջ այդպես չէր, երբ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը մի սեղանի շուրջ նստած քննարկում էին արտահայտվելու, խոսքի, կրոնի և մամուլի ազատությունները, որոնք տեղ են գտել Սահմանադրության Առաջին փոփոխությունում:

Մամուլը պատասխանատու չէր, այն չէր ծառայում հանրությանը, բայց Թոմաս Ջեֆերսոնը (հիմնադիր հայրերից մեկը, ԱՄՆ երրորդ նախագահ), որը մամուլի ազատության պաշտպան էր, ասաց` «Եթե ընտրելու լինեմ կառավարության և մամուլի միջև, կընտրեմ մամուլը, քանի որ մամուլը բոլորին տալիս է այն զգացումը, թե իրենց ձայնը լսելի է»: Եթե զգացում չունենաս, որ ձայնդ ու կարծիքդ լսելի են, որ մամուլը խնդիրներդ լուսաբանելու համար է, դուրս կգաս փողոց` Սահմանադրության Երկրորդ փոփոխությամբ ամրագրված իրավունքներդ իրագործելու, որի համաձայն՝ «կարող ես զենք կրել»:

Ջեֆերսոնն ասաց` եթե չլինի մամուլի ազատություն, մարդիկ քսան տարին մեկ դուրս կգան փողոց՝ կառավարության հրաժարականը պահանջելու: Մենք նման արյունալի հանրահավաքներ երբեք չենք ունեցել: Ինչու՞: Որովհետև մամուլի ազատությունը ամրագրված էր Առաջին փոփոխության մեջ. «հնարավոր է՝ չկարողանամ փոխել կառավարությունը, բայց գոնե կարող եմ լսելի լինել»:

– Հաճա՞խ եք սպառնալիքներ ստանում կամ վտանգավոր իրավիճակներում հայտնվում:

– Հաճախ՝ չէ: Որոշ մարդիկ հիմար բաներ ասում են, բայց չեն հասկանում, թե մենք ինչպես ենք աշխատում: Մենք զրուցակցին անակնկալի չենք բերում: Դա ամենավատ բանն է: Պետք է ասեք, թե ինչ եք ուզում իմանալ, թե որոնք են հարցերը:

Եվ եթե նույնիսկ հեռախոսը անջատում են զրույցի պահին, հարցերը պետք է գրեք և ուղարկեք նրանց: Եթե դարձյալ չեն պատասխանում, հանրությանը տեղեկացրեք, թե որոնք են եղել հարցերը: Ոչ մեկին չպետք է անակնկալի բերել: Պետք է լինել պրոֆեսիոնալ:

Ես խորամանկություններ չեմ սիրում, թաքնված տեսախցիկներ էլ չեմ օգտագործում: Պարզապես գնում, ասում եմ` ոչ մի տեղ չեմ գնա, մինչև չպատասխանեք հարցերիս: Երբեմն նրանք ոստիկանություն են կանչում, և ոստիկանությունը ինձ դուրս է շպրտում, բայց, միևնույն է, նրանք գիտեն, որ ոչ մի տեղ չեմ գնա, մինչև հարցերիս չպատասխանեն:

Հարցերն ուղարկում եմ նրանց, խոսում եմ նրանց իրավաբանների հետ, ցույց եմ տալիս, թե կոնկրետ ինչ եմ գրելու թերթում և ասում եմ` եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչ գրված է, հայտնեք ձեր տեսակետը, հարցազրույց տվեք ինձ, հարցերիս պատասխանեք: Երբեմն անում են, ավելի հաճախ` չեն անում:

Բայց երբ նյութն արդեն տպագրված տեսնում են թերթում, սովորաբար ասում են` ավելի քիչ բան ես գրել, քան կարծում էինք: Քանի որ ավելի վատ բաներ գիտեն: Բայց ինձ համար կարևոր է հիմնավոր և արդար աշխատելը:

– Բայց դեպքեր կան, երբ թաքնված տեսախցիկի օգտագործումն արդարացված է, այդպես չէ՞: Ձեր մոտեցումը ո՞րն է այս հարցում:

– Ճիշտ է, մենք նման մի բան անում էինք Ամերիկայում: Բայց ուզում եմ, որ իմ լրագրողները պրոֆեսիոնալ լինեն: Եթե պրոֆեսիոնալ ես, պարզապես առերեսվում ես իրավիճակին, գնում ես ու ասում` «Ես հարցեր ունեմ: Ձեր դեմ երեք բողոք կա՝ որպես ագրեսիվ ոստիկանի: Դուք իսկապե՞ս ագրեսիվ եք»: Այնուհետև գնում ես նրա ղեկավարի մոտ և ասում` «Եթե այս ոստիկանը ագրեսիվ լինելու առիթով երեք բողոք ունի, որոնք բավարարվել են, ինչպե՞ս է շարունակում աշխատել ոստիկանությունում»:

Դուք պարզապես համառորեն շարունակում եք հարցեր տալ: Որևէ մեկը չի կարող լրագրողին դուրս անել: Մենք ներկայացնում ենք հանրությունը:

Իհարկե, հեռուստատեսության պարագայում ունենում ես լավ տեսաշար կամ հետաքրքիր պատմություն, երբ թաքնված տեսախցիկ ես օգտագործում, քանի որ այդպես ապացույցն անհերքելի է: Բայց դա չափազանց թատերական է: Ես թատերականություն չեմ փնտրում, այլ ապացույց՝ դատարան ներկայացնելու, մարդկանց դատին հանձնելու համար: Մարդիկ չեն սիրում խորամանկություններ: Պետք է պրոֆեսիոնալ աշխատել:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի
Ամբողջությամբ՝
սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս