Բաժիններ՝

Ո՞ւր կհասցնի Հարկային օրենսգրքի անօրինական հետագիծը

Գործարար հանրության կրքերը թեժացրած Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումները կառավարությունում պարբերաբար շարունակվում են: Շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները խորհրդակցում են, թե ինչպե՞ս բացասական կտրուկ արձագանքը փոխել դրական ուղղությամբ: ՀՕ-ի շուրջ, առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո, քննարկումներ էին կազմակերպվել նախ խորհրդարանում, որոնք, սակայն, անորոշ ժամանակով դադարեցվեցին՝ հանդիպումների նախաձեռնող՝ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գործուղման պատճառով: Սակայն այդ ընդմիջումն արդեն բավականին երկար տևեց, Այվազյանը, կարծես, արդեն պետք է վերադարձած լիներ գործուղումից, բայց քննարկումները չեն վերսկսվել: Եվ հայտնի չէ՝ ինչո՞ւ: Մեր բազմաթիվ զանգերը Վ.Այվազյանին՝ մնացին անպատասխան:

Սովորաբար, յուրաքանչյուր օրենսդրական փոփոխություն, նախքան կառավարության հաստատումը, ուղարկվում է բոլոր գերատեսչություններին՝ եզրակացություն ստանալու համար: Եվ այդ բոլորի կարծիքները կցված են լինում օրինագծին ու հասանելի կառավարության կայքում, ապա նաև՝ խորհրդարանի: Սակայն դրանցից ոչ մեկում Հարկային օրենսգրքի վերաբերյալ գերատեսչությունների գնահատականները մինչ օրս չեն հրապարակվել: Ավելին՝ լիազոր մարմինը՝ ՊԵԿ-ը, հրաժարվում է տրամադրել դրանք: Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՀՀ գերատեսչությունների եզրակացությունները տրամադրելու մասին «168 Ժամի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացանք հետևյալ գրությունը.

«Հարկային օրենսգրքի նախագիծը մշակման տարբեր փուլերում բազմիցս քննարկ­­վել է պետական կառավարման բոլոր շահագրգիռ մարմինների հետ, որոնք օրենսգրքի վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացրել են նախագծի մշակման աշխատանքային խմբին: Պետական կառավարման մարմինների գրությունները ներքին աշխատանքային, և միաժամանակ, ծավալուն փաստաթղթեր են: Հետևաբար՝ հայտնում ենք, որ, եթե հետաքրքրված եք հարկային օրենսգրքի նախագծին առնչվող կոնկրետ հարցով, ապա պատրաստակամ ենք տրամադրել այդ հարցի վերաբերյալ ինչպես՝ շահագրգիռ պետական կառավարման մար­մին­ների, այնպես էլ՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի դիրքորոշումը»:

Միաժամանակ, ՊԵԿ-ից «խորհուրդ են տվել», որ ՀՕ նախագծի վերաբերյալ պետական կառավարման մարմինների առաջարկները ստանալու նպատակով կարող ենք դիմել նաև համապատասխան մարմնին:

Մեր տեղեկություններով՝ ՀՕ-ի վերաբերյալ գերատեսչությունների գնահատականներ պարզապես չկան: Դա է վկայում նաև այդ փաստաթղթերի որևէ հրապարակման բացակայությունը: Իսկ առանց համապատասխան եզրակացությունն ունենալու նախագծի ընդունումն ուղղակի օրենքի խախտում է: Առավել արժեքավոր կլիներ էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը: Դրա բացակայությունն ինքնին արդեն խոսուն է, պարզ է, որ Արծվիկ Մինասյանը չի ցանկացել ստորագրել իրականությունից հեռու եզրակացության տակ և իր վրա նման ծանր բեռ վերցնել, իսկ բազմաթիվ կետերով բացասական եզրակացությունն էլ ՊԵԿ-ը չէր ընդունի:

Կառավարությունում ՀՕ քննարկումներին միացել է նաև վարչապետի նորանշանակ խորհրդական Գագիկ Արզումանյանը, ով մեծ փորձառություն ունի բիզնեսում: Այժմ որոշ գործարարներ նրա հետ են կապում իրենց շահերի պաշտպանությունը և մեծ հույսեր են փայփայում, որ Հարկային օրենսգիրքը, ի վերջո, կփոփոխվի այնպես, որ գոնե չի վնասի տնտեսությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս