«Ռուս-թուրքական ռեաբիլիտացիան չի վերացնում ԼՂ հակամարտության բռնկման վտանգը». Ջենգիզ Աքթար
«Ռուս-թուրքական ռեաբիլիտացիան դրական կանդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վրա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սուլեյման Շահ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, հայտնի հրապարակախոս Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին ու ԼՂ հակամարտությանը:
Ջենգիզ Աքթարն ասաց, որ ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած ճգնաժամն անխուսափելի էր, հաշվի առնելով Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների բնույթն ու աշխարհաքաղաքական հավակնությունները: Բայց, ըստ նրա, ժամանակը ցույց տվեց, որ նրանք այդ վատթարացման համար բավականին բարձր գին վճարեցին այն դեպքում, երբ նրանց ռեսուրսները խիստ սահմանափակ էին: Նրա հստակեցմամբ, խոսքն իսկապես գնի մասին է, շահերի, գումարների: «Խոսքը և Ռուսաստանի, և Թուրքիայի մասին է: Այդ պատճառով Էրդողանի այդ թույլ նամակը նման խանդավառությամբ ընդունվեց Մոսկվայում, Ռուսաստանն ու Թուրքիան իրենց չէին կարող թույլ տալ շռայլություն` շարունակել այս առճակատումը, քանի որ տնտեսական պրոյեկտներն ու շրջանառությունը բավականին լուրջ ծավալներ ուներ, իսկ այսօր Թուրքիան և Ռուսաստանը տնտեսական առումով նախանձելի վիճակում չեն: Այլ իրողությունների պայմաններում գուցե այս առճակատումը երկար շարունակվեր, բայց Պուտինը ճնշվեց պատժամիջոցներից, իսկ Էրդողանը՝ աշխարհաքաղաքական և ներքին լուրջ խնդիրներից, որոնք ևս ծախսատար են, որոնք Էրդողանին ստիպեցին զգուշանալ, ուստի ժամանակն էր վերականգնել այդ կորուստը»,- ասաց Ջենգիզ Աքթարը:
Նա այն կարծիքին է, որ ռուս-թուրքական հարաբերություններն այլևս երբեք չեն լինի նախկինի նման, ավելին, կլինեն չափազանց զգուշավոր և հավասարակշռված, քանի որ երկու երկրների ղեկավարները հասկացան այդ հարաբերությունների իրական արժեքն ու գինը: Նրա համոզմամբ, այսուհետ երկու երկրների ղեկավարները ավելի շատ հաշվի կնստեն միմյանց քայլերի հետ, սրա արդյունքն ընդհանուր առմամբ դրական կլինի երկու երկրների հարաբերությունների համար վերջնարդյունքում:
Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրից, Աքթարն ասաց, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը որոշակիորեն կայունացնող գործոն պետք է դառնա տարածաշրջանի համար:
«Ես իմ նախկին անդրադարձներում ասել էի, որ Ադրբեջանը փորձելու է օգտվել տարածաշրջանում ցանկացած անկայունությունից, ինչը և փորձեց անել ապրիլ ամսին: Ես այն համոզմանն եմ նաև, որ Ադրբեջանի գործողությունները Թուրքիայի հետ առանձնապես համաձայնեցված չեն, քանի որ Թուրքիան փորձում է որոշակի հեռավորություն պահպանել հակամարտությունից, իսկ Ադրբեջանը ձգտում է Թուրքիային ներքաշել: Պարզապես ցանկացած անկայունություն Ադրբեջանի օգտին է: Կարծում եմ՝ կարճաժամկետ ապագայի համար ռուս-թուրքական հարաբերությունների ռեաբիլիտացիան դրականորեն կանդրադառնա ԼՂ հակամարտության վրա, բայց ամբողջությամբ չի վերացնի ԼՂ հակամարտության բռնկման վտանգը, քանի որ Ադրբեջանը ցանկանում է ուժի գործադրմամբ հասնել ԼՂ հակամարտության իր պատկերացրած կարգավորմանը: Դա է ցույց տալիս հակամարտության պատմությունը և Ադրբեջանի վերջին ժամանակաշրջանի գործողությունները:
Ուստի պետք է բանակցություններին մեծ ուշադրություն հատկացնեն միջնորդները՝ փորձելով հավասարակշռել Մոսկվայի տարածաշրջանային հավակնությունները, հաշվի առնելով ստեղծված հարմար պահը, երբ Մոսկվան որոշակի զիջումների է գնում որոշ դժվար հարցերի շուրջ: Գուցե գործարքն այստեղ ևս Մոսկվայի հետ հնարավոր լինի, պետք է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ և կողմերին թողնել հակամարտության կարգավորումը»,- ասաց Աքթարը: