«Ռուս-թուրքական մերձեցումը դրականորեն կանդրադառնա ղարաբաղյան իրադրության վրա». Սկակով

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը ՄԽ համաձայնեցված գործողություններն են»,- 168.am-ի զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանն ու այս փուլում անվտանգության մեխանիզմների ներդրման հնարավորությանը:

Նա նշեց, որ բանակցային գործընթացում ստեղծվել է մի իրավիճակ, երբ դժվար է որևէ միջնորդի դերակատարությունը գերիշխող համարել, այդ թվում՝ Մոսկվայինը, թեև Մոսկվան դա շատ է ցանկացել: Նրա որակմամբ, իրավիճակի էությունն այն է, որ միջնորդները և կողմերը հասկացել են, որ պատերազմը շատ հավանական է, դրա վտանգը չափազանց բարձր է, և պետք է ընթանալ այն կանխարգելելու ուղղությամբ:

Սկակովի համոզմամբ՝ փաստորեն դա ևս հեշտ գործ չէ, քանի որ կողմերը, մասնավորապես՝ Ադրբեջանը, դեմ են շփման գիծը կայունացնելուն ուղղված միջոցառումներին, ինչը երկարաձգում է բանակցային այս փուլը: Ըստ նրա, միջնորդների նախաձեռնած վերջին երկու հանդիպումները, առաջինը՝ Վիեննայում, երկրորդը՝ Սանկտ Պետերբուրգում, հիմքեր ստեղծեցին հետաքննող մեխանիզմների ուղղությամբ պարտավորեցնող պայմանագիր կամ պատասխանատվություն ստանձնելու ուղղությամբ: Բայց ռուս վերլուծաբանի կարծիքով, հաշվի առնելով Ադրբեջանի ժխտողական քաղաքականությունն այս հարցի վերաբերյալ՝ գուցե կարիք լինի, որպեսզի միջնորդները ճնշումներ բանեցնեն: «Այս փուլում անհնար եմ համարում լուրջ բանակցությունների հեռանկարի ուրվագծումը Փարիզում, ԱՄՆ-ում, Մոսկվայում, քանի որ կողմերն ըստ էության չեն բանակցում, միջնորդներն են ջանքեր գործադրում գոնե շփման գիծը կայունացնելու ուղղությամբ, որը ևս չի հաջողվում: Իրական բանակցությունների համար պետք է սպասել մի որոշ ժամանակ»,- ասաց Սկակովը:

Խոսելով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա ռուս-թուրքական մերձեցման հնարավոր հետևանքների մասին, նա ասաց, որ ձևավորվող իրավիճակը բարենպաստ կլինի ԼՂ հակամարտության համար ևս: Ըստ նրա՝ հասկանալի է, որ Ռուսաստանը և Թուրքիան մեկ օրվա ընթացքում չմոռացան իրենց բոլոր վիրավորանքները, մրցակցությունը, բայց բարձրագույն դիվանագիտության համատեքստում Թուրքիան կդադարեցնի Ռուսաստանի դեմ սադրանքները:

«Ադրբեջանի վերջին շրջանի գործղություններում իր գործուն դերակատարությունն է ունեցել Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը: Երևի թե կարիք չկա հիշեցնելու ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիայի իշխանությունների տարածած հայտարարությունները, որոնց բազմիցս անդրադարձել ենք և պնդել, որ դրանք հրահրում են Ադրբեջանին սադրանքների շփման գծում: Դրան ռուսական կողմը ՌԴ ԱԳ նախարարի մակարդակով ևս անդրադարձել է: Կարծում եմ՝ այս փուլում, երբ ՌԴ նախագահն ընդունեց Թուրքիայի նախագահի ներողությունը, և վերանում են երկկողմ պատժամիջոցները, կվերանա նաև լարվածությունն ավելի լայն կոնտեքստում, վստահ եմ, մերձեցումը դրական կանդրադառնա, վստահ եմ»,- նշեց Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս