Բաժիններ՝

Ճապոնիայում մեկնարկել է պետծառայողների երեկոյան աշխատանքը կրճատելու արշավը

Ճապոնիայում պետական ծառայողների համար մեկնարկել է ամառային երեկոներին նրանց ազատ ժամանակն ավելացնելու արշավը:

Արշավը, որն ստացել է «յու-կացու» անվանումը, որտեղ «յու»-ն կարող է նշանակել և՛ «երեկո», և՛ «արդյունավետություն», իսկ «կացուն»-ն՝ «գործունեություն», վերաբերում է բոլոր մակարդակների պետական ծառայողներին: Այն ենթադրում է աշխատանքային օրվա ավելի վաղ սկսում եւ, համապատասխանաբար, աշխատանքի ավելի վաղ ավարտում: Արշավի նպատակն այն է, որ ծառայողները երեկոյան ազատ ժամանակ ունենան, որը նրանք կարող են օգտագործել իրենց սիրած զբաղմունքների, սպորտի կամ ընտանիքի հետ անցկացնելու համար:

Վերջին տարիներին ճապոնացի գիտնականները եւ կառավարությունը եկել են այն եզրակացության, որ նորմայից ավելի աշխատանքը եւ երկար աշխատանքային օրն ազգային հպարտության առիթ չէ եւ ոչ էլ աշխատանքի արդյունավետության խորհրդանիշ:

Չնայած երկարատեւ աշխատանքային օրվան, Ճապոնիան չի կարող պարծենալ աշխատանքի բարձր արտադրողականությամբ:

Միեւնույն ժամանակ առկա է ցածր ծնելիության եւ հասարակության ծերացման խնդիրը: Աշխատունակ բնակչության բաժնի կրճատումը պետությանը հարկադրում է խթանել կանանց ավելի ակտիվ աշխատանքային գործունեությունը: Այն պայմաններում, երբ աշխատակիցները մինչեւ ուշ երեկո մնում են աշխատավայրում, աշխատանքի, ընտանիքի եւ երեխաների դաստիարակության համատեղումը բարդ խնդիր է այն ընտանիքներում, որտեղ երկու ամուսիններն աշխատում են: Նախկին համակարգի պահպանումը, երբ տղամարդն աշխատում էր մինչեւ ուշ երեկո, իսկ տանը եւ երեխաներին հետեւում էր կինը, տնտեսապես անհնար ին է դարձնում երկրորդ կամ երրորդ երեխայի ծնվելը:

«Յու-կացու» արշավը դարձել է կառավարության առաջին քայլերից մեկը, որը միտված է երկարատեւ եւ անարդյունավետ աշխատանքային օրվա համակարգի փոփոխմանը: Երկու ամսվա ընթացքում, երբ կշարունակվի «յու-կացու»-ն, դրան կմասնակցեն 220 հազար պետական ծառայողներ, որոնց աշխատանքային գրաֆիկը թույլ է տալիս աշխատանքային օրվա սկիզբը եւ ավարտը առաջ տանել մեկ ժամով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս