Ում հետ է Ռուսաստանը խաղում ղարաբաղյան խաղը

ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահներն ամենաբարձր մակարդակով անցել են Սարգսյան-Ալիև հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։ Չնայած օրերս ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը նշել էր, թե Ռուսաստանն առաջատար դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ասել, թե որևէ բեկումնային որոշում չի ակնկալում ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Երևան և Բաքու կատարած այցերից, չնայած Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում նախագահները պատրաստակամություն էին հայտնել շարունակել նման ձևաչափով հանդիպումները, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով շարունակում են բանակցային գործընթացում հավասարակշռություն պահպանելու փորձերը։

Վերջին շաբաթվա ընթացքում կայացան ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերի այցը Հարավային Կովկաս, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, այլև Պուտին-Օլանդ հեռախոսազրույցը։ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին տեղեկացրել է, որ հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում զինադադարի պահպանմանն ուղղված կողմերի ջանքերի և համապարփակ կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

Նույն օրը՝ հունիսի 30-ի երեկոյան, հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջև։ Նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Օլանդը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ուկրաինական ճգնաժամի և Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ մի շարք հարցեր։ Ըստ հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինը Ֆրանսուա Օլանդին է ներկայացրել 2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ հանդիպման արդյունքները։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները հույս են հայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված արդյունքները կնպաստեն հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առաջխաղացմանը։

Սակայն հետաքրքրականն այն է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը շարունակում է ռուսական կողմով պայմանավորել նախագահական հաջորդ հանդիպումներն այն դեպքում, երբ հաջորդ հանդիպման ժամկետներն արդեն ուրվագծվում են։ Էլմար Մամեդյարովը Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հաջորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարելիք այցին, ասել էր, թե Լավրովի այցից կախված կլինի՝ կկայանա՞ արդյոք հաջորդ հանդիպումը ԼՂ հակամարտության շուրջ նախագահական մակարդակով, թե՞ ոչ։

Stanislav Tarasov«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան, «Ռեգնում» գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Մամեդյարովի վերոնշյալ դիտարկումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Բաքուն մեծ հույսեր էր կապում Մոսկվայի հետ, և այդ հույսերը չարդարացան։

«Ադրբեջանական կողմը կարծում էր, թե Մոսկվան պետք է դուրս գա ՄԽ ձևաչափից ու պարտավորություններից, սկսի գործել ի օգուտ ադրբեջանական կողմի, սակայն ՌԴ նախագահը սահուն կերպով հանդիպման հաջորդ փուլը փոխանցեց ֆրանսիական կողմի հյուրընկալությանը։ Բաքուն այդպես է վարվում, քանի որ վստահ է, որ արևմտյան համանախագահներն աջակցում են մեխանիզմներ ներդնելու և Կասպրչիկի առաքելության իրավասությունների ընդլայնմանը, որը չի բխում Ադրբեջանի շահերից։ Ադրբեջանին չհաջողվեց բաժանել Մինսկի խումբը երկու հատվածի, ավելին, ինչպես ռուսական և ամերիկյան համանախագահներն են պնդում, աշխատում են մեխանիզմների ներդրման փաստաթղթերը պատրաստելու ուղղությամբ, և այդ հարցով առաջընթաց է ակնկալվում Ֆրանսիայում։

Փաստաթղթերի մասին խոսել էր ռուս համանախագահ Իգոր Պոպովը, և այդ փաստաթղթերը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինեն արդեն Ֆրանսիայում կայանալիք հանդիպմանը»,- նման տեսակետ հայտնեց Ստանիսլավ Տարասովը՝ հավելելով, որ Մխ համանախագահները գործում են համաձայնեցված, փոխզիջումների հերթը հակամարտող կողմերինն է։

Մեզ հետ զրույցում ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ ԼՂ-ի շուրջ իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ, ուստի ամենակարևոր հարցն այսօր, որով և զբաղվում են համանախագահները, անվտանգության միջոցառումների ամրապնդումն է, քանի որ առանց դրա ապրիլյան պատերազմից հետո հնարավոր չի լինի սկսել բանակցություններ, հատկապես՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը հստակորեն չի հայտարարել հակամարտությունը ռազմական ճանապարհով չլուծելու իր ցանկության մասին։

EvseevԸստ նրա, մեխանիզմներից հետո անպայմանորեն Ստեփանակերտը պետք է ներառվի բանակցային գործընթացում, որպեսզի քննարկվեն կարգավորման տարրերը։ «Դժվար է ասել, թե որքանով արդյունավետ կլինեն հաջորդ նախագահական հանդիպումները, ամեն դեպքում նախորդ հանդիպումներով դրական իմպուլս է հաղորդվել բանակցային գործընթացին, ու մեխանիզմների ընդունումն այս փուլում կարելի է ձեռքբերում համարել»,- ասաց Եվսեևը։

Օքսֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Նեյլ Մաքֆարլեյնը «168 Ժամի» հետ զրույցում դրական որակեց ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խմբի սկսած գործընթացը՝ նախագահների հանդիպումները հաճախակիացնելու ուղղությամբ։

neil_macfarlaneՆրա դիտարկումների համաձայն՝ ներկայումս կարծես ռուսական կողմը Ղարաբաղում իր առանձին ծրագրերն առաջ չի մղում՝ փորձելով շարժվել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցության ճանապարհով՝ Արևմուտքի հետ շատ ավելի լայն հարաբերությունները կարգավորելու հեռանկար ունենալով։ Սա, Մաքֆարլեյնի համոզմամբ, իր դրական ազդեցությունը չի կարող չունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, քանի որ նախկինում համանախագահ երկրների ներուժը կիսված էր՝ պայմանավորված նրանց առանձին հետաքրքրություններով. նրանցից յուրաքանչյուրը կարգավորման իր պատկերացրած սցենարն էր պարտադրում կողմերին։ Իսկ այսօր, նրա խոսքով, համանախագահները միահամուռ կողմերից պահանջում են կայունություն ապահովել շփման գծում՝ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի լիազորություններն ընդլայնելու և հետաքննական մեխանիզմներ ներդնելու շնորհիվ։

«Կարծում եմ, որ ի վերջո այս մեխանիզմները կընդունվեն, քանի որ կա կոնսոլիդացված աշխատանք համանախագահների միջև։ Կարգավորման գործընթացում, իմ համոզմամբ, շատ նուրբ հարցեր առաջ կգան, ինչպես ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներն են, այդ հարցում դեռ շատ համաձայնեցման կարիք ունեցող նրբություններ կան։ Բայց կարծում եմ՝ այդ փուլին դեռ բավականին ժամանակ կա»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել Ֆրանսիայում կայանալիք հանդիպումից, Նեյլ Մաքֆարլեյնը պատասխանեց, որ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը մեխանիզմների ներդրման հարցում, դժվար է խոսել Ֆրանսիայում այդ մեխանիզմների շուրջ ամբողջական հաջողության մասին։ «Այնուամենայնիվ ինձ թվում է, որ համանախագահների համախմբվածությունը կողմերին կսթափեցնի, և նրանք կընդունեն իրավիճակի կայունացմանն ուղղված առաջարկները։ Առանց դրա՝ համանախագահները հասկանում են, որ պատերազմի հավանականությունը մնում է բարձր»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս