Անճանապարհ

Հունիսի 23-ից տեղացած հորդառատ անձրևների պատճառով Թերեք գետը հունից դուրս եկավ և փոխեց ուղղությունը՝ հեղեղելով Թբիլիսի-Վլադիկավկազ ճանապարհի մի հատվածը։ Հայաստանին Ռուսաստանի և այլ երկրների հետ կապող միակ ցամաքային ճանապարհը դարձավ անանցանելի՝ փաստի առաջ կանգնեցնելով բեռնափոխադրողներին և հերթական անգամ հիշեցնելով, թե որքան խոցելի վիճակում ենք տրանսպորտային հաղորդակցության հարցում։
կզբում հույս կար, որ ճանապարհը արագ կվերականգնվի, սակայն պարզվեց, որ լավատեսությունն արդարացված չէ։ Պաշտոնական վերջին տեղեկությունների համաձայն՝ Վերին Լարսով երթևեկությունը կրկին հնարավոր կդառնա 10-14 օրից, հնարավոր է՝ ձգվի մինչև 3 շաբաթ։ Բեռնատարներն այժմ երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ՝ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով:

Ճանապարհը, որը փլուզվեց

Վերին Լարսի թեման, մեծ հաշվով, առնչվում է ՀՀ բոլոր բնակիչներին, քանի որ արտաքին առևտրաշրջանառության մեծ մասն իրականացվում է հենց այդ ճանապարհով։ Սակայն ոչ բոլորն են հստակ պատկերացնում՝ ինչ է այդ ճանապարհը, որ մասում է տեղի ունեցել փլուզումը, և ներկայումս ինչ ճանապարհից են օգտվում բեռնափոխադրողները: Որոշեցինք մի փոքր ներկայացնել այս ամենը։ Հիմնական ճանապարհը (քարտեզ 1-ում՝ մուգ գույնով), որով մեր բեռնատարները հասնում են Ռուսաստան, Ռազմավիրական ճանապարհն է (Военно-Грузинская дорога), որը կապում է Թբիլիսին Վլադիկավկազին։ Վերին Լարսի անցակետը գտնվում է հենց այս ճանապարհի վրա։ Ռազմավիրական ճանապարհով Երևանից Մոսկվա երկարությունը մոտ 2260 կմ է (ըստ Google Maps-ի, Բագրատաշենի անցակետով)։

LARS01

Բարձրլեռնային այս ճանապարհը վտանգավոր է և անհարմար՝ ձմռանը երբեմն անհնարին է դառնում երթևեկությունը։ Իսկ գարնանը Թերեք գետը վարարում է և ողողում այն։ Սակայն այս պահին շուրջ 210կմ-անոց այս հատվածը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ հնարավոր ցամաքային ճանապարհն է։ Քանի որ շատերի համար մինչև հիմա պարզ չէ՝ նշենք, որ փլուզումը տեղի է ունեցել Վրաստանի տարածքում։ Բեռնափոխադրողների խոսքով՝ դա տեղի է ունեցել Վերին Լարսի սահմանային անցակետից մոտ 4-5 կմ հեռավորության վրա (մեր զրուցակիցները, որպես կողմնորոշիչ կետ, նշում էին եկեղեցին, որի հարևանությամբ է գետը հունից դուրս եկել – Քարտեզ 2)։

LARS02

Նշենք, որ քարտեզները և հաշվարկներն արել ենք ինքնուրույն՝ Google Maps-ի օգնությամբ, այսինքն, այդտեղ հնարավոր է՝ որոշ անճշտություններ լինեն։
Ըստ տարբեր աղբյուրների՝ խոսքը գնում է 600-800 մետր հատվածի մասին, որտեղ պետք է վերականգնման աշխատանքներ կատարվեն։ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հինգշաբթի օրը տեղեկացրեց, որ վերականգնման աշխատանքները կարող են տևել 2-3 շաբաթ։ Թեպետ մեզ հետ զրույցում որոշ բեռնափոխադրողներ նշում էին, որ ցանկության դեպքում կարելի էր շատ ավելի արագ ավարտել աշխատանքները։

Նշենք, որ ՀՀ միջազգային բեռնափոխադրումների կեսից ավելին բաժին է ընկնում հենց ավտոտրանսպորտին, այսինքն՝ կարելի է հասկանալ, թե սա ինչ լուրջ խնդիր է Հայաստանի համար։

Ճանապարհը, որն այժմ շահագործվում է

Բեռնափոխադրողներին այսօր առաջարկվում է այլընտրանքային ճանապարհ՝ ծովով։ Ռուսաստան հասնելու համար մեր բեռնատարները պետք է ուղևորվեն Փոթի, որտեղից լաստանավով տեղափոխվեն Նովոռիսիյսկի նավահանգիստ և շարունակեն ցամաքային ճանապարհը։ Սա մի կողմից՝ երկարացնում է ճանապարհը, մյուս կողմից՝ լրացուցիչ ֆինանսական և այլ դժվարություններ է ստեղծում բեռնափոխադրողների համար։ «Սպայկա» ընկերության վարձակալած լաստանավով 1 բեռնատարի տեղափոխման համար անհրաժեշտ է վճարել 1100 դոլար, ընդ որում՝ նախապես անհրաժեշտ է ամրագրել տեղերը։ Լրացուցիչ գլխացավանք է նաև այն, որ բեռնատարի վարորդն իրավունք չունի գնալ նույն լաստանավով՝ իր մեքենայի հետ միասին։

Այսինքն՝ վարորդը պետք է այլ ճանապարհով տեղափոխվի Նովոռոսիյսկ և սպասի իր մեքենայի ժամանմանը։ Սակայն բեռնափոխադրողներին ամենից շատ մտահոգում է անկազմակերպ վիճակը։ Կան մարդիկ, որոնց վարորդներն արդեն տևական ժամանակ Նովոռոսիյսկում սպասում են, սակայն բեռնատարն անգամ լաստանավ չի բարձրացել Փոթիում։ Չնայած մեր իշխանությունների պնդումներին, որ իրավիճակը վերահսկողության տակ է, բեռնափոխադրողներն ասում են, որ իսկական «անտերություն է տիրում»։ Շատերը համոզված են, որ Վերին Լարսի ճանապարհն ավելի շուտ կվերականգնվի, քան իրենց բեռնատարը լաստանավով տեղ կհասնի։

Այլընտրանքային ճանապարհը

Բացի Ռազմավիրական ճանապարհից՝ կա նաև մեկ այլ ճանապարհ, որն անցնում է Հարավային Օսիայով (քարտեզ 1-ի վրա՝ կետագծերով)։ Վարորդներն ասում են, որ ճանապարհը նորմալ վիճակում է։ Այն մի փոքր երկարացնում է ճանապարհը, սակայն ավելի անվտանգ է, հեղեղումների վտանգ չկա և շահագործելի է տարվա բոլոր եղանակներին։ Այսինքն՝ բեռնափոխադրողները դեմ չեն օգտագործել այդ ճանապարհը։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այդ ճանապարհը փակ է՝ Վրաստանից հնարավոր չէ մուտք գործել Հարավային Օսիա՝ հասկանալի աշխարհաքաղաքական պատճառներով։ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հինգշաբթի օրն ասաց, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում վրացական և ռուսական կողմի հետ այլընտրանքային ճանապարհի համար, սակայն Հարավային Օսիայի նախագահի մամուլի խոսնակ Հանա Յանովսկայան երեկ հայտարարել է, որ Հարավային Օսիան չի ստացել որևէ դիմում Հայաաստանից՝ հայկական բեռնատարներն իր տարածքով տարանցելու վերաբերյալ։ Ըստ էության՝ մեր կառավարությունն առայժմ տեսականորեն է դիտարկում այդ տարբերակը։

Իհարկե, պաշտոնական Ցխինվալը միայն ուրախ կլինի տարանցիկ երկիր դառնալու համար, որից կշահի թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքական առումով։ Սակայն վրացիներին դա, մեղմ ասած, դուր չի գա։ Անգամ, եթե տեսականորեն համարենք, որ կողմերին կհաջողվի համաձայնության գալ, միևնույն է՝ դա չի լուծում բոլոր խնդիրները։ Ստացվում է, որ եթե այսօր Ռուսաստանի հետ ցամաքային կապ հաստատելու համար տարանցում ենք մեկ երկրի՝ Վրաստանի տարածքով, այդ դեպքում տարանցիկ երկրների թիվը կդառնա 2։ Դա նշանակում է՝ լրացուցիչ ծախս, լրացուցիչ քաշքշուկ մաքսակետում, և այլն։ Այնպես որ, Հարավային Օսիան որպես տարանցիկ երկիր օգտագործելն այս պահին ընդամենը ցանկություն է։

Ժամանակին, երբ դեռ ամեն ինչ անում էինք, որ չմտնենք Մաքսային միություն, մեր հիմնական փաստարկն ընդհանուր սահմանի բացակայությունն էր այդ միության հետ։ Այսինքն՝ ճանապարհի խնդիրը։ Իսկ հիմա պարզվում է, որ կարող է ստեղծվել մի վիճակ, երբ ոչ թե՝ ճանապարհը տարանցիկ է, այլ՝ ցամաքային ճանապարհ ընդհանրապես չկա։ Սակայն կարևորը՝ մենք արդեն ԵՏՄ անդամ ենք։

Տեսանյութեր

Լրահոս