«ԵԱՀԿ բոլոր ուժերը կենտրոնացված են ԼՂ հակամարտությունը «հանգցնելու» վրա». Ալեքսանդր Ռար

«Դժվար է ասել, թե ինչ արդյունքներով կավարտվի Շտայնմայերի տարածաշրջանային այցը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան, ռուսական «Վալդայ» ակումբի ներկայացուցիչ, Գերմանառուսական ֆորումի գիտական տնօրեն Ալեքսանդր Ռարը՝ գնահատելով ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի տարածաշրջան կատարած այցի հնարավոր արդյունքները:

Հիշեցնենք, որ գերմանացի նախարարը երեկ Երևանում հայտարարեց, որ ստատուս-քվոն իր ներկայիս տեսքով չի կարող շարունակվել, բայցև ռազմական գործողությունները կրկնվելու իրավունք չունեն: Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն ակնկալիքներ ունի ինչպես՝ հայկական, այնպես էլ՝ ադրբեջանական կողմից, ավելին, պետք է զինադադարը պահպանվի, որպեսզի կողմերը կարողանան անցնել առարկայական բանակցությունների:

Ալեքսանդր Ռարը նշեց, որ Գերմանիան նախագահում է ԵԱՀԿ-ն, Գերմանիան Եվրոպայի ամենահզոր երկրներից մեկն է, որով պայմանավորված՝ գերմանացիները ցանկանում են պատասխանատվություն ստանձնել ԵԱՀԿ-ի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների համար: Ռարն արձանագրեց, որ Գերմանիայի նախագահության կես տարին արդեն անցել է, ավելին, ԼՂ հակամարտության գոտում բախումներ են բռնկվել, որը ԼՂ հակամարտության կարգավորումը գցել է փակուղային իրավիճակի մեջ:

«Գերմանացիները ցանկանում են ինչ-որ արդյունքի հասնել իրենց նախագահության ավարտին, և ներկայումս ԵԱՀԿ բոլոր ուժերը կենտրոնացված են ԼՂ հակամարտության կրակը հանգցնելու վրա, քանի որ հակամարտությունը բավականին լուրջ է, վերսկսվել է ապրիլին, կա վտանգ, որ կրկին գլուխ կբարձրացնի:

Գերմանիայում ԼՂ հակամարտության գոտում լարվածության թուլացման հարցին մեծ կարևորություն է տրվում: Կոնֆերանսների ժամանակ, որոնց մասնակցում է նաև Շտայնմայերը, իր դիվանագետները, ես, դիտարկվում է հակամարտությունը, որպես Եվրոպայում ամենասրված հակամարտություն, ուստի լիովին հասկանալի են Շտայնմայերի ջանքերը և այն, որ նա պետք է թեժ կետերում լինի՝ փորձելով համաձայնության եզրեր գտնել: Բայց կարգավորման մեխանիզմների համաձայնեցումը և ընդհանրապես հակամարտությունը բարդ փուլում է, ուստի դժվար է լուրջ արդյունքներ ակնկալել այցից: Ես չեմ տեսնում հիմք, որի վրա կարելի է կառուցել իրավիճակի կարգավորումը, փակուղային իրավիճակ է, փակուղային զգացողություն հակամարտող երկրներում, միջնորդների մոտ, Գերմանիան փորձում է վերացնել այդ իրավիճակը»,- մեկնաբանեց Ալեքսանդր Ռարը:

Նրա համոզմամբ, Շտայնմայերին կհաջողվի որոշակի հստակություն մտցնել անհամաձայնության առարկա հանդիսացող հարցերում, ինչպիսին հետաքննության մեխանիզմներն ու շփման գծում ԵԱՀԿ առաքելության ընդլայնումն է: Սակայն ասել, նրա որակմամբ, որ բեկումնային փոփոխություններ կլինեն, դժվար է:

«Շատ կարևոր է այն վերաբերմունքը, որն այսօր կա Եվրոպայում այս հակամարտության նկատմամբ, այն դիտարկվում է ամենավտանգավորը ներկայումս, որն ահազանգ է բոլոր միջնորդ կողմերի համար, որոնք չեն կարող թույլ տալ ևս մեկ պատերազմ Եվրոպայի հարևանության գոտում: Ջանքերն այս ուղղությամբ մոբիլիզացված են, ինչը միանշանակորեն դրական թափ կհաղորդի կարգավորման գործընթացին՝ նվազեցնելով ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Եթե Շտայնմայերին հաջողվի զինադադարի պահպանման միջոցները հաստատել և համաձայնեցնել կողմերի միջև, ապա հնարավոր կլինի առարկայացնել բովանդակային բանակցությունները նախագահների միջև»,- նկատեց Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս