![](/banners/BeFunky-design.jpg)
«ՌԴ-ի հետ միջպետական վարկի իրականացման նախապատրաստական բոլոր աշխատանքներն արդեն կատարվել են». Սեյրան Օհանյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/Seyran-Ohanyan444.jpg)
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները` ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվում են պատշաճ մակարդակի: «Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացում է ապրում: Ինչ վերաբերում է միջպետական վարկին, ապա այն իրականացվում է այդ զարգացման շրջանակում. մի փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս առաջին հերթին ունենալու ժամանակակից եւ համատեղելի սպառազինություն եւ դա իրականացնելու ՌԴ եւ ՀԱՊԿ-ի շրջանակում ներքին գներով, ինչպես նաեւ կապեր ունենալու տարբեր կազմակերպությունների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով` միջպետական վարկի իրականացման նախապատրաստական բոլոր աշխատանքներն արդեն կատարվել են:
«Այն, բնականաբար, տարբերվում է կանխիկ գնումներից, քանի որ համապատասխան ընթացակարգեր կան. մենք իրականացնում ենք ներպետական եւ միջպետական համաձայնություններ, եւ պայմանագրերի գրեթե 80 տոկոսն արդեն կնքված են, եւ նախապատրաստական այդ փուլում գործընթացը առաջ է գնացել, իսկ մնացած 20 տոկոսը մոտ ժամանակներում կկնքվեն»,- ասաց Սեյրան Օհանյանը: