ԿԲ նախագահը հանդիպել է Արգենտինայի ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանի գլխավորած պատվիրակության հետ
Հունիսի 22-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Արգենտինայի ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Ջավադյանը հույս է հայտնել, որ բանկի պատվիրակության այցն առիթ կծառայի արդյունավետ գործակցության մեկնարկի համար և կնպաստի մեր երկրների տնտեսությունների միջև երկկողմանիորեն շահավետ հարաբերությունների ամրապնդմանը:
ԿԲ նախագահը նշել է, որ ՀՀ կենտրոնական բանկը միշտ խրախուսել է օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա՝ քաջ գիտակցելով շուկայի մասնակիցների և արտերկրյա գործընկերների միջև փոխգործակցության կարևորությունը:
Հյուրերի խնդրանքով ՀՀ կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի ներկա վիճակը, խոսել վերջինիս ցուցանիշների մասին:
Արգենտինայի ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակություն հայտնել արգենտինացի գործարարների կողմից ՀՀ-ում կատարված ներդրումների առնչությամբ:
Կառլոս Մելքոնյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել երկու երկրների ֆինանսական ոլորտների միջև կապերի ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև արտերկրում Հայաստանի ներկայացմանը:
ԿԲ ղեկավարության հետ հանդիպումից հետո Կառլոս Մելքոնյանը հանդիպել է Հայաստանում արգենտինական ներդրումներ իրականացրած ընկերությունների և Հայաստանի ֆինանսական շուկայի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ներդրումների հնարավորություններին, երկրի ներդրումային գրավչությանը, մակրոտնտեսական զարգացումներին վերաբերող հարցեր:
ՏԵՂԵԿԱՆՔ
Արգենտինայի ազգային բանկի վերաբերյալ
Արգենտինայի ազգային բանկը հիմնադրվել է 1891 թ. երկրի նախագահ կողմից հաղթահարելու տնտեսական ճգնաժամից տուժած բանկային համակարգում առկա խնդիրները: Լինելով պետական բանկ, այն ունի լայն մասնաճյուղային ցանց (մոտ 710 սպասարկման կետ) հանրապետությունում, և երկրի ամենախոշոր բանկն է:
Բանկի գործունեության նպատակն է՝ ծառայել դաշնային կառավարության ֆինանսական գործակալ: Ըստ այդմ՝ բանկի գործունեության առաջնայնություններից է նպաստել գյուղատնտեսության, արդյունաբերության, տարածաշրջանային առևտրի, ՓՄՁ և բնակչության ցածր ապահոված խավերի վարկավորմանը: Այն մատուցում է նաև ֆինանսական ծառայություններ անհատներին՝ հիմնականում անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման վարկերի տրամադրման տեսքով:
Բանկը որդեգրել է միջազգային ընդլյանման քաղաքականություն. այն ունի օտարերկրյա 13 մասնաճյուղ և 3 ներկայացուցչություն: «Հյուսիսային կիսագնդի» մասնաճյուղերի խումբը (ԱՄՆ, Իսպանիա և Պանամա) մատուցում են հիմնականում մեծածախ բանկային ծառայություններ՝ ուղղված երկկողմ առևտրի զարգացմանը: «Հարավային կիսագնդի» մասնաճյուղերի խումբը (Բրազիլիա, Չիլի, Որուգվայ, Պարագվայ, Բոլիվիա) գործում է խթանելու ներտարածաշրջանային օտարերկրյա առևտրային գործարքները՝ ուղղված ավելացնելու տարածաշրջանում Արգենտինայի դերը արգենտինյան բիզնեսի գործունեության ընդլյանման միջոցով:
Բանկի հիմնական հաշվեկշռային ցուցանիշներն են (30/09/2015թ. դրությամբ)
Ընդհանուր ակտիվներ՝ 42.1 մլրդ ԱՄՆ դոլար
Ընդհանուր պարտավորություններ՝ 36.5 մլրդ ԱՄՆ դոլար
Ընդհանուր կապիտալ 5.5 մլրդ ԱՄՆ դոլար
Ընդհանուր վարկեր՝ 14.9 մլրդ ԱՄՆ դոլար
Ընդհանուր ավանդներ՝ 33.4 մլրդ ԱՄՆ դոլար