Բաժիններ՝

«Իմ «Չիպոլինոն» երեխաների համար է և հեռու է քաղաքականությունից». Արինա Արարատյան

Հարցազրույց «Արինա Արարատյան» պարի թատրոնի տնօրեն, պարուսույց Արինա Արարատյանի հետ

Երկու տարի առաջ Արինայի բեմադրած «Աղջիկը լուսնի վրա» պարային ներկայացումը, որի մասնակիցներն էին պրոֆեսիոնալ պարողներն ու հաշմանդամություն ունեցող երիտասարդները, մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրության շրջանում և հնարավորություն տվեց հաշմանդամության խնդիրը դիտարկել բոլորովին այլ տեսանկյունից: Մեր զրույցի ընթացքում փորձեցինք ճշտել՝ արդյոք հնարավորություն կա՞ ևս մեկ անգամ դիտելու «Աղջիկը լուսնի վրա» ներկայացումը: Ինչպես նաև զրուցեցինք փոքրիկների կողմից սիրված և շուրջ 12 տարի լեփ-լեցուն դահլիճներ «հավաքող» «Չիպոլինոյի արկածները» հեքիաթ-բալետի մասին: Ի դեպ, փոքրիկները վերջինս հնարավորություն ունեն դիտելու հունիսի 26-ին: Շուրջ 20 տարի Արինան՝ որպես պարուհի, հանդես է եկել «Բարեկամություն» համույթում: Այնուհետև սկսել է պարուսույցի գործունեությունը: Պարային ութ ներկայացումների հեղինակ է, որոնք նախատեսված էին մանուկների և մեծահասակների համար: Դրանց թվին է դասվում նաև հաշմանդամների և պրոֆեսիոնալ պարողների մասնակցությամբ բեմադրված «Աղջիկը լուսնի վրա» ներկայացումը: Այն իրականացվել էր Ամերիկյան դեսպանատան «Կյանք՝ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում:

– Արինա, չե՞ք «վախենում» շոշափել այնպիսի նուրբ թեմաներ, ինչպիսին է հաշմանդամությունը:

Arina Araratyan (4)

– Ոչ, չեմ վախենում: Մենք մեր վերաբերմունքով հաշմանդամության թեման դարձնում ենք խոցելի: Հաշմանդամությունը վարակիչ չէ: Մենք ցավ ենք պատճառում հաշմանդամներին, երբ խղճահարությամբ ենք նրանց նայում: Նրանք մարդիկ են, որոնց հետ դա տեղի է ունեցել: Ի՞նչ կարիք կա այդ իրականությանն ավելացնելու մեր խղճահարությամբ լի հայացքները: Նրանք լիարժեք մարդիկ են, որոնք ունեն իրենց նպատակները, երազանքները և այդ երազանքներին հասնելու ծրագրերը: Ի՞նչ իրավունք ունենք մեզ նրանցից առավել բարձր դասելու: Ես, օրինակ, չեմ կարող ինքնաթիռ վարել: Հիմա ի՞նչ: Պետք է ինձ երկրորդ դասի մա՞րդ համարեմ:

– Դուք նրանց անսովոր, անիրական աշխարհ եք ցույց տվել, որը պար և բեմ է կոչվում: Շատ հեշտ է ընտելանալ հեքիաթին: Իսկ հետո՝ նաև կարոտել այն: Դուք «ընտելացրել եք» նրանց Ձեր բեմադրած հեքիաթին: Իսկ հետո՞:

Arina Araratyan (6)

– Ա՛յ, դրանից ես վախենում էի: Այդ աշխատանքը բավականին դժվար էր ինձ համար, բայց միևնույն ժամանակ՝ այն ինձ մեկ այլ մակարդակի «բերեց»՝ որպես անհատ՝ նաև աշխարհընկալման առումով: Այն բավականին մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Դա այն ներկայացումն է, որտեղ ես ոչինչ ավելացնելու կամ փոփոխելու չունեմ: Իմ միակ ներկայացումն է, որի տակ ես պատրաստ եմ ստորագրել:

– Ինչպիսի՞ խթան է հանդիսացել այդ ներկայացումը նրանց համար:

– Ներկայացմանը մասնակից հաշմանդամներն այնուհետև ընդունվեցին ինստիտուտներ, ոմանք աշխատանք գտան, սկսեցին մասնակցել տարաբնույթ նախագծերում: Նրանք հավատացին իրենց ուժերին: Այդ ներկայացումից հետո ես ուզում էի ստեղծել թատրոն, որտեղ ներգրավված կլինեին նաև հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդիկ: Այդ հարցով դիմել եմ տարբեր նախարարությունների, սակայն՝ անօգուտ: Շուտով նորից զբաղվելու եմ հաշմանդամների և պրոֆեսիոնալ պարողների ներգրավվածությամբ նոր նախագծով, որը կրկին անգամ հովանավորում է Ամերիկյան դեսպանատունը: Սակայն դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Arina Araratyan (1)

– «Չիպոլինոյի արկածները» հեքիաթ-բալետը շուտով կրկին բեմ կբարձրանա: Այն բեմադրել եք 12 տարի առաջ: Չնայած հեքիաթը Ջիանի Ռոդարին մանուկների համար է գրել, սակայն քաղաքական ակնարկն այնտեղ ավելի քան բացահայտ է: Ինչպիսի՞ն է Ձեր «Չիպոլինոն»:

Իմ «Չիպոլինոն» երեխաների համար է և հեռու է քաղաքականությունից: 12 տարի առաջ եմ բեմադրել այն: Այն իմ առաջին բեմադրությունն է: 12 տարի շարունակ մենք խաղում ենք այն: Տարին մեկ կամ երկու անգամ՝ պարտադիր: Հանդիսատեսն այն իրապես սիրեց, հակառակ դեպքում այն 12 տարի շարունակ չէր լինի բեմում: Ես չեմ շեղվել հեղինակի գործից, սակայն որևէ քաղաքական ակնարկ իմ բեմադրության մեջ չկա: Ես այնքան հեռու եմ քաղաքականությունից, որ նույնիսկ անհարմար է խոստովանել: Ես բեմադրել եմ հեքիաթ երեխաների համար՝ երեխաների ուժերով: «Չիպոլինոյի արկածները» պարզ, մարդկային, բոլորիս հասկանալի՝ պարի լեզվով բեմադրված ներկայացում է՝ 2-82 տարեկան հանդիսատեսի համար:

Arina Araratyan (2)

– Նշեցիք, որ երեխաների օգնությամբ եք բեմադրել այս ներկայացումը: Այնտեղ ներգրավված են նաև դերասաններ Լևոն Հարությունյանն ու Արսեն Գրիգորյանը:

Ես ունեմ իմ պարային դպրոց-ստուդիան, որի սաների ջանքերով բեմադրել ենք մեր «Չիպոլինոն»: Նաև օգնության եմ կանչել «ծանր հրետանիին»՝ դերասանների և պրոֆեսիոնալ պարողների մասնակցությամբ: Արդյունքում՝ ստացվեց շատ նուրբ ու հետաքրքիր ներկայացում, որը 12 տարի լեփ-լեցուն դահլիճներ է ապահովում:

Arina Araratyan (3)

– Երբ անպատրաստ երեխա-հանդիսատեսը, ում համար թատրոնը բեմում խոսող դերասաններն են, գալիս է մի ներկայացման, որտեղ չկան խոսքեր, և հեքիաթը պատմում է պարը, նա կարողանո՞ւմ է ընկալել ներկայացումը:

Ես մեր հանդիսատեսի մասին այդքան վատ կարծիքի չեմ կարող լինել: Երեխաներն ամենաշնորհակալ հանդիսատեսն են: Ինչպես ասել է Ստանիսլավսկին. «Երեխաների համար պետք է ներկայացումներ բեմադրել այնպես, ինչպես մեծահասակների համար՝ պարզապես ավելի լավ»: Եթե հեքիաթն անկեղծ ես պատմում, ապա երեխաները հաճույքով դիտում են այն: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ անգամ 2-ամյա երեխան, ով մի վայրում 10 րոպե չի կարողանում նստել, մինչև վերջ դիտում է մեր ներկայացումը:

– Ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը դերասաններ Լևոն Հարությունյանի և Արսեն Գրիգորյանի հետ:

Arsen grigoryan

Արսենի հետ համագործակցել եմ դեռ այն ժամանակ, երբ նա ուսանող էր: Նա մասնակցում է գրեթե իմ բոլոր ներկայացումներում: Իսկ Լևոն Հարությունյանը, բացի հիանալի դերասան լինելուց, նաև իմ լավ ընկերն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս