Ինչպես նվազեցնել սեփական փողերը

Չնայած հնչող քննադատություններին և դժգոհություններին՝ ՀՀ ազգային ժողովը հունիսի 15-ին առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի նախագիծը՝ 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Մի կողմից՝ հասկանալի է, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, պետք է կողմ քվեարկեր և թույլ չտար, որ կառավարության նախաձեռնությունը տապալվի։ Մյուս կողմից՝ չնայած կառավարության նախագծերն անվերապահորեն դակելու տխուր ավանդույթին, այս օրինագծի ընդունումը բավականին տարօրինակ է։ Ոչ միայն այն պատճառով, որ այն հարվածում է փոքր ու միջին բիզնեսի կամ քաղաքացիների շահերին, այլ՝ որովհետև Հարկային օրենսգիրքը թեթևացնելու է նաև հենց իրենց՝ օրենսդիրների գրպանները։

Այսպես, բազմիցս նշվել է, որ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ եկամտային հարկի դրույքաչափերի ու շեմի փոփոխության արդյունքում ծանրանալու է բոլոր այն վարձու աշխատողների հարկային բեռը, ում աշխատավարձը գերազանցում է ամսական 204 հազար դրամը։ Ընդ որում, որքան աշխատավարձն ավելի բարձր է, այնքան հարկի գումարն ավելի է շատանում։

Իսկ որքա՞ն են ստանում մեր ազգընտիրները։ Ինչպես հայտնի է, 2014 թվականից ՀՀ ԱԺ պատգամավորների աշխատավարձերը զգալիորեն բարձրացան։ Այսօր ԱԺ պատգամավորի աշխատավարձն ամսական շուրջ 660 հազար դրամ է, իսկ մշտական հանձնաժողովների նախագահներինը՝ ավելի քան 790 հազար դրամ։ Սա նշանակում է, որ այս մարդիկ աշխատավարձի առումով կոնկրետ տուժողներ են լինելու, եթե Հարկային օրենսգիրքն ընդունվի ներկայիս տեսքով։

660 հազար դրամ ստացողները ՀՕ-ով կվճարեն ամսական 178.8 հազար եկամտային հարկ՝ ներկայիս 169.7 հազար դրամի փոխարեն։ Իսկ 790 հազար ստացողները կվճարեն 215.2 հազար դրամի հարկ՝ ներկայիս 203,5 հազար դրամի փոխարեն։ Սա նշանակում է, որ ԱԺ պատգամավորների փաստացի ստացած աշխատավարձը կնվազի ամսական 9000 դրամով, իսկ հանձնաժողովների նախագահներինը՝ մոտ 12 հազար դրամով։
Մե՞ծ փող է։ Իհարկե, եթե հաշվի առնենք, որ հոսանքի 2,5 դրամով էժանացումը ներկայացվում է՝ որպես մեծ ձեռքբերում, իսկ թոշակների 1-2 հազար դրամ ավելացումը՝ գրեթե հերոսություն, ապա չափազանց մեծ փող է։ Այսինքն՝ մեր պատգամավորները պետք է գոնե իրենց տեսանկյունից՝ դեմ լինեին օրենսգրքին։

Հիմա կասեք՝ այդ մարդիկ հո միայն աշխատավարձո՞վ չեն ապրում։ Իհարկե, պատգամավորների մի մասն ունեն եկամուտներ նաև այլ աղբյուրներից, որոնք կարող են մի քանի տասնյակ անգամ գերազանցել աշխատավարձը։ Սակայն 2015 թվականի պաշտոնական հայտարարագրերի համաձայն՝ 131 պատգամավորներից 68-ը որպես եկամտի միակ աղբյուր՝ նշել են աշխատավարձը։ Ընդ որում, այդ 68-ից 34-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են։

Միայն աշխատավարձով ապրող 34 ՀՀԿ-ական պատգամավորներից 29-ը կողմ են քվեարկել ՀՕ նախագծին։ Այսինքն՝ համաձայն են եղել, որ իրենց եկամտի միակ աղբյուրը նվազի։ Վրեժ Մարկոսյանն ու Սեդրակ Սարոյանը չեն քվեարկել, Մարինե Մարաբյանը քվեարկել է ձեռնպահ, իսկ Լևոն Մարտիրոսյանն ու Աշոտ Աղաբաբյանը բացակայել են տվյալ նիստից։

Ընդ որում, Վրեժ Մարկոսյանը, օրինակ, որպես եկամտի միակ աղբյուր՝ նշել է աշխատավարձը, սակայն միևնույն ժամանակ՝ 2015 թվականի վերջում հայտարարագրել է դրամային արտահայտությամբ ընդհանուր առմամբ 791.6 մլն դրամի դրամական միջոցներ (3 մլն դրամ, 919.4 հազար դոլար, 604 հազար եվրո, 3.7 մլն ռուսական ռուբլի)։ Այսինքն՝ նա բավականին հարուստ մարդ է և կարող է ծախսել իր գումարները։ Նրա համար ամսական 9-10 հազար դրամը կարող է նշանակություն չունենալ։

Սակայն կան կողմ քվեարկած ՀՀԿ խմբակցության անդամներ, որոնք ոչ միայն, աշխատավարձից բացի, այլ եկամտի աղբյուր չունեն, այլև դրամական միջոցներ էլ չեն հայտարարագրել։ Օրինակ՝ Առաքել Մովսիսյանը կամ Նահապետ Գևորգյանը 2015-ի վերջին հայտարարագրել են զրոյական դրամական միջոցներ։

Եթե հիմք ընդունենք պաշտոնական հայտարարագրերը, ապա ՀՀԿ խմբակցության շարքում կա 12 պատգամավոր, որոնք փող չունեն և ապրում են աշխատավարձով։ Ու այդ 12-ից 11-ը կողմ են քվեարկել (բացառությամբ Աշոտ Աղաբաբյանի)։

Tax-Code-Votes

Ահա այս մարդիկ են կառավարության իսկական թևութիկունքն Ազգային ժողովում։ Նրանք պատրաստ են իրենք իրենց ֆինանսապես վնասել՝ վստահելով կառավարության նախաձեռնություններին։ Սա լոյալության նախանձելի մակարդակ է։

Թեպետ մյուսներին, ովքեր, աշխատավարձից բացի, նաև եկամտի այլ աղբյուրներ ունեն, նույնպես չի կարելի թերագնահատել։ Օրինակ՝ բիզնեսմեն-պատգամավորներին։ Չէ, նկատի չունենք, որ նրանք բիզնես են անում (չէ՞ որ օրենքն արգելում է)։ Նկատի ունենք բիզնեսների մեջ փայաբաժիններ ունեցողներին։

ԱԺ 131 պատգամավորներից 23-ը 2015 թվականին, ի թիվս այլ եկամուտների, ունեցել են նաև շահաբաժիններ։ Այդ 23-ի ստացած ընդհանուր շահաբաժինների մեծությունը կազմել է 6.3 մլրդ դրամ։ Այդ 23-ից 14-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են։ Ու, ինչպես գլխի ընկաք՝ նրանցից գրեթե բոլորը նույնպես կողմ են քվեարկել Հարկային օրենսգրքին։
Ինչո՞ւ է սա զարմանալի։ Որովհետև Հարկային օրենսգիրքը նաև բիզնեսին ձեռնտու չէ՝ նաև նրանց հարկային բեռն է ծանրացնում։ Այսինքն՝ մեր պատգամավորները լրիվ մոռացել են իրենց անձնական, գործարար շահերի մասին և կողմ են քվեարկում, ասենք, ակցիզային հարկի ավելացմանը։

Ահա այսպիսի նախանձելի, տարօրինակության հասնող նվիրված խորհրդարանական մեծամասնություն ունեն ՀՀ իշխանությունները։

Տեսանյութեր

Լրահոս