Նոր օրակա՞րգ, թե՞ Վիեննայի շարունակություն Սանկտ Պետերբուրգում
Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սարգսյան-Ալիև երկրորդ հանդիպումը կկայանա հունիսի 20-ին ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ Սարգսյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո ռուսական դիվանագիտությունն ակնհայտորեն ակտիվացավ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։
Դրա գագաթնակետը ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի տված ծավալուն հարցազրույցն էր կարգավորման գործընթացի մասին, որտեղ նա խոսել էր ինչպես՝ անվտանգության մեխանիզմների ներդրման, այնպես էլ՝ շրջանակային համաձայնագիր կնքելու հնարավորության մասին։ Դրանից հետո ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ակտիվ շփումներ ունեցավ ֆրանսիական և ադրբեջանական կողմերի հետ, որոնց արդյունքում, ըստ էության, ստացվեց Սանկտ Պետերբուրգում հանդիպում կազմակերպելու համաձայնությունը։
Ուշագրավն այն է, որ այս անգամ ևս ռուսական նախաձեռնությունն իր ավանդական ձևաչափով էր կազմակերպվում՝ որոշակի «հեռավորություն» պահպանելով Մինսկի խմբի ֆրանսիական և ամերիկյան կողմերից։ Օրերս ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել էր, որ Պուտինը նախ՝ կընդունի նախագահներ Սարգսյանին ու Ալիևին՝ առանձին-առանձին, որից հետո նախագահական գագաթաժողով կկայանա։ Նա նաև ասել էր, թե ռուսական կողմն աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ամբողջությամբ համագործակցության պայմաններում։ Սակայն այս հայտարարությունից հետո եղավ ԵԱՀԿ Մամուլի հետ կապերի վարչության ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում Սանկտ Պետերբուրգի հանդիպման նախապատրաստական աշխատանքներին, որից հետո խոսակցություններ տարածվեցին, թե ՄԽ արևմտյան համանախագահները ևս ներկա չեն լինի հանդիպմանը։
Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ու ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում հաստատել են իրենց մասնակցությունը ՀՀ-ի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների եռակողմ հանդիպմանը։ Ուորլիքը հույս է հայտնել, որ մայիսի 16-ին կայացած Վիեննայի հանդիպումը կտա իր պտուղները.
«Անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը։ Մենք հուսով ենք, որ կողմերը կամփոփեն ԵԱՀԿ միջադեպերի հետաքննման մեխանիզմի իրագործման մասին պայմանավորվածությունների արդյունքները և կվերականգնեն բանակցությունները՝ բազմակողմ խաղաղ համաձայնագրի շուրջ»։ «Ես նույնպես կմասնակցեմ այդ հանդիպմանը, ինչպես և՝ ամերիկացի ու ռուս համանախագահները։ Բնականաբար, մեծ ակնկալիքներ ունենք այդ հանդիպումից։ Հուսով ենք, որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կվերականգնեն փոխադարձ վստահությունը և առաջընթաց կգրանցեն հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է ֆրանսիացի համանախագահը։
Ի՞նչ համաձայնություններ ձեռք կբերվեն սպասվող հանդիպման ընթացքում, և ինչո՞ւ արևմտյան համանախագահները սկսեցին ներգրավվել հանդիպմանն այն դեպքում, երբ ի սկզբանե հերքվում էր նախապատրաստական աշխատանքներին ԵԱՀԿ-ի մասնակցությունը։
Այս հարցերի շուրջ մեզ հետ զրույցում ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո ըստ էության մեռյալ վիճակում գտնվող Մինսկի խմբին պետք էր շուտափույթ վերականգնել նախագահական շփումները, քանի որ ավելի լավ է, երբ նախագահները հանդիպեն, քան հակառակը։ Նրա համոզմամբ, պետք է Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների անմիջական ճնշումը՝ կողմերի, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ։ Հանդիպում և ճնշում, ինչ-որ առումով, ըստ նրա, եղավ, շփման գծում տիրող պատերազմի վտանգը փոքր-ինչ նվազեց, թեև չվերացավ, որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, սակայն չամրագրվեցին որևէ կերպ։
Սկակովի կարծիքով՝ առաջիկա հանդիպումը, չնայած ԵԱՀԿ ներկայացուցիչ Նատաշա Ռաջակովիչի հայտարարությանը, համաձայնեցված է Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների հետ, և համանախագահները ներկա են գտնվելու հանդիպմանը։ Ըստ նրա՝ ՌԴ-ին այսօր ձեռնտու չէ գնալ այնպիսի լրացուցիչ քայլերի, որոնք համաձայնեցված չեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։
Նրա խոսքով՝ ՌԴ վերջին շրջանի քաղաքականությունն այդ միտումն է ցույց տալիս։ «Հենց այս տեսանկյունից էլ՝ կարծում եմ՝ առաջիկա հանդիպմանը կքննարկվեն Վիեննայի հանդիպման արդյունքները։ Եթե հիշում եք, Վիեննայի հանդիպմանը հաջորդած հայտարարություններում եղան հատվածներ այն մասին, որ կողմերը համաձայնել են որոշ միջոցների շուրջ, որոնք պետք է ամրապնդեն շփման գծում հրադադարի ռեժիմը։ Գալիք հանդիպմանը պետք է լինեն որոշումներ, ստորագրություններ կամ գոնե փաստաթղթեր, որոնք կողմերին կպարտավորեցնեն պահպանել Վիեննայում ստացված պայմանավորվածությունները։ Այսինքն՝ պետք է ընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք թույլ չեն տա ո՛չ ՀՀ-ին, ո՛չ Ադրբեջանին՝ ետ ընթանալ և պնդել, որ նման պայմանավորվածություններ չեն եղել, ինչպես Վիեննայից հետո։ Կարծում եմ՝ Պետերբուրգում կայանալիք հանդիպման գլխավոր նպատակը սա է լինելու»,- ասաց Ալեքսանդր Սկակովը։
Հարցին, թե հաշվի առնելով Կազանյան սցենարի վերականգնման մասին խոսակցությունները, ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի հայտարարությունը՝ շրջանակային համաձայնագրի հնարավորության մասին, հնարավո՞ր է, որ կողմերին փաստաթուղթ առաջարկվի այս տրամաբանությամբ, Սկակովը բացասական պատասխան տվեց։ «Փաստաթուղթը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հեռավոր հեռանկար է, չեմ տեսնում նման փաստաթղթի հնարավորություն, նման հնարավորություն չկա, երբ հրադադարը չի պահպանվում։ Ներկայիս բոլոր ջանքերն ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և նոր ռազմական բախումները կանխելուն։ Սա է գլխավոր նպատակը, ու այսօր կարիք չկա խոսել այլ փաստաթղթերի մասին»,- ասաց Սկակովը։
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ մեծ ակնկալիքներ չունի սպասվող նախագահական հանդիպումից։ Նրա որակմամբ, ինչպես նախորդները, գալիք հանդիպմանը ևս նախագահները կխոսեն, և հրադադարի վերջին տարիների ռեժիմը կպահպանվի։ Ըստ քաղաքագետի՝ որևէ կողմի ու միջնորդի համար պատերազմը ցանկալի չէ, ուստի այս հանդիպումների ընթացքում կքննարկվեն պատերազմի կանխման մեխանիզմները և միջոցները։
«Ես վաղուց եմ ասել, որ կարգավորում չեմ պատկերացնում, և նման հակամարտությունները երկարաձգված են լինում, չեն կարգավորվում տասնյակ տարիներով։ Սա նման հակամարտություններից է։ Պարզապես քառօրյա պատերազմը հստակեցրեց Ղարաբաղի շուրջ առկա վտանգը, որը պետք է չեզոքացնել։ Կարծում եմ՝ դա կփորձեն անել համանախագահները և կողմերը»,- նկատեց նա։ Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանը Ղարաբաղում և հակամարտող երկրների միջև իր ուրույն քաղաքականությունն է վարում, որի հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել։ «Բայց Ռուսաստանին ևս պատերազմը ձեռնտու չէ։ Պատերազմով չհետաքրքրված առաջին կողմերից մեկը Ռուսաստանն է, քանի որ այն Ռուսաստանին դժվարին կացության մեջ է գցում Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նկատեց նա։
Մեզ հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը նշեց, որ Անգելա Մերկելի օրերս հայտնած դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտությունում ՌԴ միջնորդական ջանքերի վերաբերյալ բացահայտեց այն, որ Ռուսաստանը ներկայումս համաձայնեցված է գործում ԵԱՀԿ արևմտյան համանախագահների հետ հատկապես այն շրջանում, երբ Գերմանիան ԵԱՀԿ-ին փորձում է հավելյալ կարևորություն տալ՝ վերականգնելով այդ կառույցի հեղինակությունն ու գործառույթները։ «Գերմանիան ներկայումս ակտիվ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ իր գնահատականներով, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, քանի որ ԵԱՀԿ-ին է փորձում բարձրացնել»,- ընդգծեց նա։
Գերմանացի վերլուծաբանի ենթադրությամբ, ԵԱՀԿ ներկայացուցչի հայտարարությունը կարելի է բացատրել հետևյալ կերպ.
«Հանդիպման փաստը քննարկվել ու համաձայնեցվել է համանախագահող երկրների հետ, իսկ կազմակերպչական աշխատանքները վստահվել են հյուրընկալող կողմին։ Դատելով Պոպովի հարցազրույցից՝ կարելի է ասել, որ ակնկալիքն այն է, որ կողմերն առաջիկա հանդիպմանը կքննարկեն անվտանգության ամրապնդման մեխանիզմների ներդրման հարցը, ըստ էության ամրապնդելով Վիեննայի հանդիպման պայմանավորվածությունները։ Իմ համոզմամբ՝ դեռ փաստաթուղթ պատրաստելու մասին վաղ է խոսել։ Հերթական հանդիպմամբ գուցե հող նախապատրաստվի լուրջ բանակցությունների համար»,- ասաց Ռարը։