«Էլեկտրաէներգիայի սակագնի 2.58 դրամով նվազեցումը քաղաքացիների գրպանի վրա էական ազդեցություն չի ունենա». Վահագն Խաչատրյան
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի 2.58 դրամով նվազեցումը տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա: Այսօրվա քննարկմանը նա նշեց, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցումը կապում է նախընտրական տարվա հետ. «Դեկտեմբերին ևս հնարավոր են սակագների փոփոխություններ, քանի որ գարնանը ընտրություններ են»:
Սակագների նվազումներն, ըստ նրա, մաքսիմումը չեն. «Էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման մեթոդիկան որևէ առնչություն չունի շուկայական տնտեսության հետ և դրա պայմաններում սակագինը կարելի է 50-60 դրամ էլ դարձնել՝ նայած, թե ինչ եք ցանկանում անել, և հակառակը՝ այդ սակագնի հաշվարկման ժամանակ կարելի է 10-15 դրամ էլ իջեցնել»:
Տնտեսագետի խոսքով՝ սակագնի իջեցումը տնտեսությանը կտա մոտ 8 մլրդ դրամի տնտեսում. «Ընդամենը էֆեկտը դա է լինելու: Ամեն ընտանիքի խնայողությունը կլինի ամսական 680-700 դրամ: Դրանից ելնելով՝ բոլորս կարող ենք գնահատական տալ: Այսինքն՝ տնտեսության վրա դա էական ազդեցություն չի ունենա, իսկ քաղաքացիների գրպանի վրա դա համարյա ազդեցություն չի ունենա:
Բայց այս ամենի մեջ ինձ հետաքրքրում է մոտեցումը և հաշվարկման մեթոդիկան, որովհետև այն, ինչ կատարվում է այս բնագավառում (սա վերաբերում է նաև գազին), որևէ ձևով չի խթանում, որ սեփականատերերը կամ տնտեսական գործունեություն իրականացնողները շահագրգռված լինեն, որ հոսանքի սակագինը նվազի»: