Կյանքը՝ վրաց-աբխազական սահմանագծին
Վրաստանի Զուգդիդի շրջանի Օրսանտիա գյուղը տեղակայված է ներկայիս վրաց-աբխազական սահմանի երկայնքով: Գյուղն ու Աբխազիայի չճանաչված Հանրապետությունը միմյանցից բաժանում է Ինգուրի գետը, որը յուրատեսակ սահմանազատող դեր է կատարում աբխազական Գալի և Զուգդիդի շրջանների միջև:
Վրաստանը 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանին համարում է օկուպանտ, որը խլել է իրենից Աբխազիան և Հարավային Օսիան: Պատերազմից հետո՝ այսօրվա դրությամբ, Օրսանտիայից Աբխազիա մուտք գործելու իրավունք ունեն միայն Գալիի շրջանում ծնված վրացիները:
Հայրենի տուն գնալու, հարազատներին այցելելու համար Գալիի շրջանում ծնված վրացիներին տրվում է հատուկ անցաթուղթ՝ Աբխազիայի տարածք մուտք գործելու համար: Աբխազները, սակայն, Վրաստանի իշխանությունների որոշմամբ իրավունք ունենք առանց որևէ արգելքի մուտք գործել Վրաստան՝ առևտուր անել կամ բժշկական օգնություն ստանալ, ինչն ավելի մատչելի է, քան Աբխազիայում:
Այցելությունը վրաց-աբխազական սահման հնարավոր դարձավ շնորհիվ գերմանական Ժողովրդավարության, մեդիայի և մշակութային փոխանակության ինստիտուտի` IDEM-ի (Institute for Democracy, Media and Cultural Exchange):
Մեզ ուղեկցող տեղաբնակ գիդը զգուշացրեց, որ սահմանը լուսանկարելը, տեսագրելն այդքան էլ անվտանգ չէ՝ ներկայումս սահմանը հսկվում է ռուսների կողմից, այնինչ նախկինում սահմանապահներն աբխազներ էին, որոնց հետ դեռ հնարավոր էր «լեզու գտնել»: Կամրջի մյուս հատվածը հսկվում է վրացի սահմանապահների կողմից, որոնց նույնպես արգելվում է լուսանկարել:
Վրաց-աբխազական սահմանը կարելի է հատել կամուրջներով (երկաթուղային հաղորդակցությունը դադարեցված է), որոնցից մեկը միմյանց կապում է Օրսանտիան ու Գալի շրջանի Օթոբայա բնակավայրը:
Այցելության պահին երթուղային տաքսին կամրջի մոտ բերեց մի խումբ աբխազների, որոնք իրենց բեռները լցնելով հատուկ սայլակի մեջ՝ ոտքով տեղափոխում են մինչև կամրջի մյուս ծայրը, որտեղ ստուգում են անցնում ռուս սահմանապահների կողմից: Տեսարանը բավական ճնշող տպավորություն է գործում ականատեսի վրա:
Մեզ հետ զրույցում մի կին, ով իր փոքրիկ աղջկա հետ էր, ասաց, որ հաճախ են գալիս Վրաստան՝ տեղի շուկայում առևտուր անելու նպատակով, քանի որ այդտեղ գներն ավելի մատչելի են, քան Աբխազիայում:
Առավել զարմանալին այն էր, որ կամրջի մոտ մեզ հանդիպած տարեց տղամարդկանցից մեկը ցույց տվեց իր անձնագիրը, որը գործում է Աբխազիայի տարածքում՝ դա խորհրդային ժամանակների՝ վաղուց արդեն անցյալի գիրկն անցած կարմիր անձնագիրն էր՝ էջերից մեկում փակցված Վրաստան անցնելու հատուկ թույլտվություն, որի համար, ի դեպ, աբխազները բավական մեծ գումար են վճարում:
Վրացիներին, որոնք կփորձեն հատել վրաց-աբխազական սահմանը, սպասվում է ձերբակալություն, ապա մեծ տուգանք վճարելու դեպքում՝ ազատ արձակում, հակառակ պարագայում՝ ազատազրկում սահմանն անօրինական հատելու մեղադրանքով:
Վրացի փախստականների հետ զրույցում մի տղամարդ՝ Գեորգի Խազայան, վրդովված ու հուզված պատմում էր, թե ինչպես իրեն մոտ 1 ամիս առաջ չեն թույլատրել մուտք գործել Աբխազիա՝ մասնակցելու քրոջ հուղարկավորությանը:
«Ինչպե՞ս է դա հնարավոր: Ո՞ւր է արդարությունը, որ ես չեմ կարող անգամ մի քանի ժամով գնալ ու հրաժեշտ տալ քրոջս: Ես ո՞ւմ պատմեմ այս մասին, ո՞վ կարող է այս հարցը լուծել»,- ասում էր հուզված տղամարդը:
Որևէ պայմանով ոչ մի վրացի ներկայումս չի կարող հայտնվել Աբխազիայում, իսկ ռուսները կարող են Ռուսաստանի կողմից ազատորեն մուտք գործել Աբխազիա: Ճիշտ է, Վրաստան այցելել այլևս չեն կարողանա և խնդիրներ կունենան արդեն վրացական իշխանությունների հետ:
Ներկայումս Աբխազիան և Վրաստանը «միավորում է» ընդամենը մեկ վրացական ռադիոկայան՝ «Ատինատին», որը հեռարձակվում է Զուգդիդիից ու տարածվում է Արևմտյան Վրաստանում և Աբխազիայում: Ռադիոկայանի տնօրենը, որտեղ այցելեցինք, պատմում է, որ այդկերպ փորձում են յուրատեսակ հաշտեցման կամուրջ դառնալ վրացիների ու աբխազների միջև:
2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ «Ատինատիի» աշտարակը վնասվել էր ռուս զինվորականների կողմից: Դրա վերականգնման համար ԱՄՆ կառավարությունը ռադիոկայանին է փոխանցել ժամանակակից սարքավորումներ:
Օրսանտիայում, մի քանի տարի է, գործում է «Էգրիսիա» հասարակական կազմակերպությունը, որը փորձում է ինչ-որ կերպ օգնել փախստականի կարգավիճակ ունեցող կանանց՝ որևէ ձևով լուծելու նրանց աշխատանքով ապահովելու հարցը: Գործազրկությունը, բնակարան ունենալը դեռ խնդիրներ են, որոնց բախվում են փախստականները:
ԿԱՐՄԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ