Ցուցարարներից մեկը կախվել էր մարմնիցս, ասում էր՝ շատ եմ քեզ սիրում. տուժող ոստիկան. «ՀԺ»
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստն երեկ սկսվեց ամանորյա երգ-երաժշտության ներքո:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր հետազոտվեցին այն տեսանյութերը, որոնք արձանագրել էին ամանորի գիշերը Ազատության հրապարակում ակտիվիստների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումները: Մոտ մեկ ժամ տեսանյութերը հետազոտելուց հետո Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ տեսաերիզներում երեւում է` ինչպես է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանը նախ բռունցքով, ապա ոտքով հարվածում Գեւորգ Սաֆարյանին:
Հայրապետյանի հայտարարությունից հետո գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը ցանկություն հայտնեց ցուցմունք տալ տեսանյութերի վերաբերյալ` նշելով, որ տեսանյութերում ակնհայտ երեւում է, որ առնվազն երեք ոստիկան միջադեպը նկարահանել են, բայց քննչական մարմինը որեւէ գործողություն չի իրականացրել, որպեսզի պարզի այդ ոստիկանների ինքնությունն ու հայտնաբերի այդ տեսանյութերը` գործին կցելու համար: Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ տեսանյութերում հստակ երեւում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ով ում է հարվածել.
«Գեղամ Խաչատրյանը տեսանյութերից մեկում աջ կողմից է հենց նկարահանած եւ շատ լավ երեւում է, որ նրա աջ հոնքի հատվածում որեւէ վնասվածք չկա, ոչ ոք նրան չի հարվածել: Մեղադրական եզրակացությունն ակնհայտ սուտ է, երեւում է, որ ինձ աջ կողմից Վարդան Ապրեսյանը (ոստիկան) բռունցքով հարվածում է եւ ես աջ կողմով ընկնում եմ ներքեւ եւ ես չէի կարող այդ ընթացքում աջ թեքվել եւ ձախ ձեռքով խփել Գեղամ Խաչատրյանին: Ցուցմունք տվողների մեծ մասը ոստիկաններն են եւ գտնվում են Գեղամ Խաչատրյանի անմիջական ենթակայության տակ: Բացի այդ ոստիկանները բոլորը միանման եւ հորինված ցուցմունքներ են տվել, պատճառն այն է, որ ոստիկանությունը հստակ ցուցում է ստացել գործ սարքել Գեւորգ Սաֆարյանի գլխին»,-ասաց նա:
Մեղադրողի հարցին, թե տեսանյութում երեւում է, որ Գեւորգ Սաֆարյանը հայհոյանք է տալիս ինչ-որ մեկին, դրանք ո՞ւմ են ուղղված, Գեւորգ Սաֆարյանը պատասխանեց, որ հայհոյանքն ուղղված է եղել այն ոստիկաններին, որոնք քաղաքացիների նկատմամբ օրինազանց գործողություններ են կատարել տվյալ պահին:
Նիստի ընթացքում հարցաքննվեց գործով տուժող Գեղամ Խաչատրյանը: Նա պատմեց, որ ամանորին նախորդած ողջ օրվա ընթացքում զանգվածային միջոցառումը հանգիստ է անցել, սակայն կարճ ժամանակ անց Ազատության հրապարակին է մոտեցել անհասկանալի հագուստով՝ տոնածառի հանդերձանքով, մի քաղաքացի:
Նրա խոսքով՝ քաղաքացիները սկսել են հրել ոստիկաններին՝ խոչընդոտելով ոստիկանության օրինական գործունեությանը, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:
«Ես նկատել եմ, թե ինչպես են բռնություն գործադրում ոստիկանների հանդեպ, թե ինչպես չեն ենթարկվում ոստիկանների պահանջներին: Ես անմիջապես մոտեցա զարդարված քաղաքացուն, ոտնակ հնարք կիրառելով նրան վայր գցեցի գետնին: Նա փախչում էր ոստիկաններից, ես միջամտել եմ, քանի որ ոստիկանների պարտականությունների մեջ է մտնում կանխել, նախականխել, խափանել ցանկացած տեսակի իրավախախտում»,- մանրամասնեց տուժողը:
Ըստ նրա, իրենք ձեռնամարտի հնարքներ են կիրառել քաղաքացիների անօրինական գործողությունները կանխելու համար: Ըստ Խաչատրյանի, տոնածառի հանդերձանքով քաղաքացին առաջին հայացքից կասկած է հարուցել, հնարավոր չի եղել տեսնել, թե հանդերձանքի տակ ի՞նչ կամ ո՞վ կա: Իսկ Գեւորգ Սաֆարյանն ու իր ընկերները խոչընդոտել են ոստիկանների առաջ շարժվելուն ու իրենց ծառայողական պարտականությունները կատարելուն: Ցուցարարներից մեկն էլ կախվել է իր մարմնից, բաց չէր թողնում, ասելով՝ շատ եմ քեզ սիրում: Գեղամ Խաչատրյանը ընդգծեց, որ հետագայում է պարզել, որ անհասկանալի հագուստով՝ տոնածառի հանդերձանքով քաղաքացին Հովհաննես Ղազարյանն է: Նա նշեց, որ Գեւորգ Սաֆարյանի հասցրած հարվածի հետեւանքով իր հոնքն ու աչքն այտուցվել է, վերքն արյունահոսել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: