«Ճանաչելով Հայկ Խանումյանին՝ ես մի քիչ կասկած ունեմ, որ տեղի ունեցածը կենցաղային միջադեպ է». Նաիրա Զոհրաբյան

«Ես խստագույնս դատապարտում եմ Արցախի խորհրդարանի մեր գործընկեր Հայկ Խանումյանի հանդեպ տեղի ունցած բռնարարքը, և, բնականաբար, մեզանից յուրաքանչյուրն ակնկալում է, որ շատ սեղմ ժամկետում Լեռնային Ղարաբաղի հանրապետության իրավապահները կբացահայտեն թե՛ կատարողներին, և թե՛ այս անպարկեշտ արարքի պատվիրատուներին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Մեր զրուցակիցը չցանկացավ ենթադրություններ անել, թե ինչո՞վ էր պայմանավորված ԼՂՀ պատգամավորի նկատմամբ տեղի ունեցածը, քանի դեռ չկան կոնկրետ փաստեր. «Բայց ճանաչելով Հայկ Խանումյանին՝ ես մի քիչ կասկած ունեմ, որ տեղի ունեցածը կենցաղային միջադեպ է»:

Մեր այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ կատարվածը կապված է երեկ Սամվել Բաբայանի՝ արցախյան այցով և այնտեղ տեղի ունեցած բողոքի ակցիաներով՝ Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Ենթադրություններ կարելի է անել, բայց ես չեմ կարծում՝ հիմա կոռեկտ է անել ենթադրություններ, թե ինչի հետ դա կարող էր կապված լիներ»:

Մեր այն հարցին, թե ինչքանո՞վ է հավանական, որ Սամվել Բաբայանին կներգրավվեն Պաշտպանության բանակում՝ ինչպես երեկ Արցախում պահանջում էին, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Անկեղծ ասած, ես այդ հարցերի շուրջ չեմ մտածել, այդ մասին խոսել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ նման կարգի հարցերը հայտարարություններով ու փողոցներում չեն լուծվում, թե որքանով և ինչպես կօգտագործի Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունը Սամվել Բաբայանի փորձը նշյալ ոլորտում, դա բացառապես իրենց խնդիրն է»:

Տեսանյութեր

Լրահոս