«Մենք ուրախ կլինեինք՝ ապրիլի 2-3 գիշերը ՀՀ երեք նախագահներին տեսնեինք Ստեփանակերտի հրապարակում կանգնած…». Թևան Պողոսյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հուսով է, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանի այցն Արցախ քաղաքական նոր մշակույթ կձևավորի: Մեզ հետ զրույցում Թ. Պողոսյանն ասաց՝ պետք է գիտակցել, որ ցանկացած հայ, ով վերադառնում է հայրենիք, սրտացավ է:

«Պետք է երկխոսության մշակույթ ձևավորենք: Վստահ եմ, որ, ինչպես արցախյան բոլոր իշխանավորների սիրտն է ցավում երկրի համար, այդպես էլ պարոն Բաբայանի սիրտն է ցավում հայրենիքի համար: Նկատենք, որ Սամվել Բաբայանն իրոք սրտացավ է, քանի որ դեռ 2011 թվականին նամակ է գրել ու զգուշացրել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Սա լավագույն օրինակն էր՝ աշխարհին ցույց տալու, որ մենք զարգացել ենք ու կարող ենք աշխարհին ու ապագա սերնդին ցույց տալ, որ ունենք ոչ թե՝ միայն քնննադատելու, այլև՝ առաջարկները լսելու ու միասնական փորձելու նպաստել ինչպես՝ տնտեսության զարգացմանը, այնպես էլ՝ ամրապնդելու մեր անվտանգության համակարգերը»,- նշեց Թ. Պողոսյանը:

Պատգամավորը կարծում է՝ հարցերի լուծումները չպետք է տեսնենք պաշտոնների մեջ. «Պարոն Բաբայանը հենց ինքն է ասել, որ տողատակ փնտրել պետք չէ, ու, որ ինքը չի եկել պաշտոն ստանալու: Նրա ունակությունները կարելի է օգտագործել տարբեր ձևերով՝ խորհրդատվական, ուսումնական և այլն: Վերջին հաշվով, նա հրամանատար է եղել ու կարող է փորձի փոխանակմամբ հանդես գալ: Մենք ամեն ինչ սևի ու սպիտակի մեջ ենք տեսնում, այսօր սոցցանցերում արդեն քննարկումներ են ընթանում՝ կա՛մ Սամվել Բաբայանի կողմից ես, կա՛մ մեր: Սա սխալ մոտեցում է, քանի որ մենք չպետք է բաժանվենք, ընդհակառակը՝ պետք է ավելի միասնական լինենք»:

Դիտարկմանը, թե տեսակետներ հնչեցին, որ, եթե Սամվել Բաբայանը սրտացավ էր, ինչո՞ւ հենց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ չեկավ Արցախ ու իր փորձը չփոխանցեց այդ կարևոր պահին, Թ. Պոոսյանը պատասխանեց, որ նույնը կարող ենք ասել ՀՀ երեք նախագահների մասին.

«Մենք ուրախ կլինեինք՝ ապրիլի 2-3-ի գիշերը ՀՀ երեք նախագահներին տեսնեինք Ստեփանակերտի հրապարակում կանգնած՝ BBC-ին, CNN-ին, ОРТ-ին հարցազրույց տալիս՝ հաշվի առնելով նրանց քաղաքական կշիռն ու անցած ճանապարհը: Շատ ուրախ կլինեինք՝ այնտեղ տեսնել պաշտպանության նախկին նախարարներին: Հետաքրքիր է, որ մարդիկ նման հարց են բարձրացնում, սակայն չեն հարցնում՝ իսկ ինչո՞ւ 2011-ին նույն Սամվել Բաբայանը նամակ գրեց, որն ուղիղ կապ ուներ երկրի անվտանգության հետ… եթե ընկնենք ինչուների շարքի հետևից, ապա որևէ բանի չենք հասնի: Մենք պետք է ուրախ լինենք, որ, ի վերջո, այստեղ ենք, միասնական ու կարող ենք փորձի փոխանակում իրականացնել. այդ միջոցով են կերտվելու հաղթանակները»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս