«Սթափ դատողություններ, գնահատականներ կան». Արմեն Ռուստամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին

«Ես այս վերջին հարցազրույցը համարում եմ բավականին ճիշտ շեշտադրումներ պարունակող հարցազրույց. սթափ դատողություններ, գնահատականներ կան, որ մեզ համար իսկապես ընդունելի են»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ շատ համարձակ վերլուծություն կա՝ նաև կապված ՀԱՊԿ-ի հետ, որը, ըստ Ա. Ռուստամյանի, նույնպես անհրաժեշտ է նկատի ունենալ. «Որովհետև հայտարարում է մի մարդ, որը երկրորդ նախագահն է եղել և այս ՀԱՊԿ շրջանակներում ինքն էլ է գործել ու գիտի բոլոր նրբությունները: Պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ի թերություններն արձանագրվել են, և պարոն Քոչարյանն այդտեղ, կարծում եմ` շատ ճիշտ շեշտադրումներ է արել»:

Ա. Ռուստամյանը նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը նաև Ռ. Քոչարյանի ժամանակ հնարավոր չի եղել իրականացնել. «Հուսով եմ՝ արդեն մի քիչ հեռվից նայող մարդու հայացքով ավելի լավ է տեսնում, որ կոռուպցիան ինչպիսի կարևոր խոչընդոտ է եղել մեր երկրի զարգացման համար, և, որ քաղաքական կամքը կոռուպցիայի դեմ պայքարելու առումով չափազանց կարևոր է. մենք հենց դա էլ ակնկալում ենք ցանկացած իշխանությունից»:

Հարցին` արդյոք սա հա՞յտ է 2017 թվականի ընտրապայքարին մասնակցելու, Ա. Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Ես Քոչարյանի տեղը չեմ կարող որոշել, ինքն այն անձը չէ, որ, եթե ուզենա հայտ ներկայացնել, դրա մասին չի հայտարարի, սա պարզապես իր ոճին բնորոշ քաղաքական ակտիվություն է, նա այդպես է որոշել հարցերին անդրադառնալ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս