Բաժիններ՝

IBM-ը ընձեռում է նոր հնարավորություններ դասախոսներին և ուսանողներին

Այսօր Երևանի պետական համալասարանում կայացավ IBM Ակադեմիական նախաձեռնության շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացված համալսարանական դասընթացների ավարտական միջոցառումը: Համալսարանական դասընթացները կազմակերպվել են IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից` նպատակ ունենալով զարգացնել ու հզորացնել տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների կրթական կարողությունները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել բուհերին օգտվել IBM-ի ռեսուրսների լայն ընտրանիից:

Դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել ուսանողներ և դասախոսներ հայաստանյան 9 բուհերից, այդ թվում` Երևանի պետական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Եվրասիա միջազգային համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, Եվրոպական ակադեմիայից:

13407526_1169284429783660_285307505_n

200 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների արդյունքում ավելի քան 35 ուսանողներ և 60 դասախոսներ ձեռք բերեցին ժամանակակից գիտելիքներ հետևյալ ուղղություններով` տեղեկատվական անվտանգություն, ամպային տեխնոլոգիաներ և BlueMix միջավայրում ծրագրավորման հիմունքներ, մոբայլ ծրագրավորում ամպային միջավայրում, IBM Watson-ի անալիտիկ կիրառությունը, վիճակագրական տվյալների վերլուծություն, տվյալների վերլուծություն և կանխատեսումներ IBM SPSS ծրագրի միջոցով, ինտեգրված էլեկտրոնային մարքետինգի հիմունքներ, տեղեկատվական համակարգերի կառավարում, բիզնես գործընթացների կառավարում և ավտոմատացում:

Դասընթացն ավարտած ուսանողների մեծ մասն անցել է աշխատանքի, իսկ մի մասը՝ ձևավորել սկսնակ ընկերություններ: Մինչև այսօր, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվել են ավելի քան 50 դասընթացներ և սեմինարներ՝ ներգրավելով ավելի քան 800 ուսանող և 100 դասախոս: IBM Ակադեմիական նախաձեռնության անդամ են դարձել ավելի քան 70 դասախոսներ ՀՀ տարբեր բուհերից: Կենտրոնի կողմից բուհերում իրականացվում է առարկայական ցանկերի շարունակական մոդերնիզացիա, ինչպես նաև քննարկվում է մի շարք բուհերում նոր մագիստրոսական աստիճանների ներմուծման և առկա ծրագրերի բարելավման հարցը:

13401179_1169284439783659_2072302755_n

Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը` IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում բուհական դասընթացները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին վկայում է IBM ISTC համալսարանական ամառային ծրագիրը, որին դիմելու վեջնաժամկետն է 2016թ. հունիսի 11–ը:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնական նպատակն է զարգացնել ու հզորացնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունները, ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն գործարար միջավայրի ձևավորման համար: Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը տեղակայվելու է ԵՊՀ-ի տարածքում, սակայն, ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երը և մասնավոր հատվածը կարող են ազատ օգտվել բոլոր ռեսուրսներից, այդ թվում Ակադեմիական նախաձեռնության դասընթացներից, վիրտուալ գրադարանից, Կենտրոնի ծրագրակազմից և սարքավորումներից, իսկ կենտրոնի անձնակազմը և IBM փորձագետները պատրաստ են աջակցելու ցանկացած հարցում: Կենտրոնի բացումը ակնկալավում է մոտակա ամիսների ընթացքում:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մեդիա բաժին

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս