«Բերեք էդ քառակուսի բաներից դուրս գանք». Է. Շարմազանովը` Նաիրա Զոհրաբյանին

Այսօր ԱԺ նիստում ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը ներկայացրեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում են ԱԱԾ-ում ծառայության անցնելու չափորոշիչները, մասնավորապես` օպերատիվ հետախուզական և հակահետախուզական գործունեություն իրականացնողների համար ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում երկարաձգվում է 5 տարվա փոխարեն՝ 10 տարով, նաև ԱԱԾ թափուր պաշտոններում կարողանան նշանակվել Ոստիկանության, Դատախազության և իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներ, նաև կկարողանան ծառայության անցնել գիտական աստիճան ունեցող և զինապարտությունից ազատված անձինք:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոչ միայն ազգային անվտանգության ոլոտում, այլև բազմաթիվ կարևորագույն ռազմավարական ոլորտներում ունենք մասնագետների պակաս: Ըստ նրա` գիտնականներ պետք է լինեն, բայց ինչո՞ւ դա պետք է լինի բանակ չգնալու հաշվին.

«Մենք բոլորս էլ գիտենք, ովքեր չեն ծառայում բանակում, դրանք պատգամավորների, նախարարների, օլիգարխների, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն են, ովքեր ասպիրանտուրայի քողի տակ զբաղվում են դեզերտիրությամբ: Մտավախություն չունե՞ք, որ դրանով ազգային անվտանգության համակարգը կդարձնենք կադրերի բյուրո, ահա էդպիսի գիտնականների համար, որոնց գիտնական համարելն անպարկեշտություն կլինի: Եվ այս անհավասար մրցակցության պայմաններում՝ բանակում ծառայած և գիտական գործունեությամբ զբաղվողները դուրս կմնան»:

Ա. Հարությունյանը նշեց, որ օրենքի փոփոխությունները սահմանափակում չեն մտցրել նրանց համար, ովքեր գիտական աստիճան ունեն և ծառայում են բանակում, գիտական կոչում ունեցող գիտնականներ պետք են տարբեր բնագավառներում, իսկ Ազգային անվտանգության մարմիններում կադրերի ընտրությունը կատարում են կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Ըստ նրա` ուսումնասիրություն է կատարվում, թե ինչպես է կատարվել գիտական թեզի պաշտպանությունը, անգամ բարեկամներն ովքեր են: Հարությունյանը վստահեցրեց, որ Ազգային անվանգության համակարգում միջնորդությամբ ընդունելություններ չեն լինում:

Կարդացեք նաև

«Բերեք էդ քառակուսի բաներից դուրս գանք,- հորդորեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ պաշտոնյաների երեխաներն էլ կարող են արժանավոր լինել,- Կրա՞կն են ընկել, որ պատգամավորի երեխաներ են»:   Ն.Զոհրաբյանը վրդովվեց Շարմազանովի «քառակուսի» արտահայտությունից և բորբոքված հակադարձեց նրան ու պնդեց իր տեսակետը: «Ես տանձից եմ խոսում, դուք՝ խնձորից»,- նկատեց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս