«Ես չգիտեմ՝ նրան պատշաճ բուժօգնություն կցուցաբերե՞ն, թե՞ ոչ». Զարուհի Փոստանջյանը՝ Հայկ Խանումյանի մասին
«Տեղի ունեցածը մտահոգում է մեզ բոլորիս»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին՝ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
168.am-ի հարցին, թե ի՞նչ վարկածներ ունեք, ի՞նչ նպատակով են պատգամավորին ծեծի ենթարկել, Զ Փոստանջյանը պատասխանեց, որ չի կարող ասել. «Սակայն կարող եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ երեկ Արցախում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որին ներկա է եղել Հայկ Խանումյանը: Նրա նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, որը պետք է միանշանակ դատապարտվի»:
Դիտարկմանը, թե ԼՂՀ նախագահն ասել է, որ սա սադրիչ գործողություն է, Զ. Փոստանջյանը նշեց, որ, եթե նույնիսկ սա սադրիչ գործողություն է, միևնույն է՝ փաստ է, որ տեղի է ունեցել բռնություն անձի նկատմամբ. «Հարձակվել են, դաժան ծեծի են ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, հետևաբար՝ դա դատապարտելի արարք է: Թե ո՞վ է սադրել, ու ինչպե՞ս է դա տեղի ունեցել, որևէ մեկն այս պահին չի կարող ասել, քանի որ քննություն է ընթանում, ու դրա արդյունքներից կարող ենք կողմնորոշվել ու հետո հայտարարություններ անել: Ես չգիտեմ՝ նրան պատշաճ բուժօգնություն կցուցաբերե՞ն, թե՞ ոչ: Նման հայտարարություն անել ու ասել, որ դա սադրանք է, որևէ մեկն իրավունք չունի, քանի որ դեռ քննություն է ընթանում»:
Զ. Փոստանջյանը չցանկացավ խոսել Արցախի հերոս Սամվել Բաբայանի վերադարձի մասին՝ նշելով, որ այս պահին օրակարգում պատգամավորի ծեծի դեպքն է: