Շարմազանովը Փոստանջյանին թույլ չտվեց խոսել Հայկ Խանումյանի մասին

Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձեց անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կատարվածին` ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին: Սակայն նրա խոսքի սկզբում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդմիջեց՝ խնդրելով խոսել օրակարգի վերաբերյալ: «Քանի որ հրատապ է, որովհետև Հայկը Խանումյան գտնվում է հիվանդանոցում, ստացել է մարմնական վնասվածք, նրան ծեծի են ենթարկել, կոչ եմ անում հանդես գալ հայտարարությամբ, պարզել՝ ովքեր են հանցագործություն կատարել: Եթե մեր մյուս գործընկերոջը` Կարո Փայլանին, Թուրքիայի խորհրդարանում են բռնության ենթարկել, ապա Հայկ Խանումյանին՝ մեր Երկրորդ հանրապետության խորհրդարանում»,- շարունակեց Զ.Փոստանջյանը:

Ըստ նրա` մենք այսօր գտնվում ենք աշխարհի էպիկենտրոնում, այս բոլոր լուրերը հասանելի են դառնալու ողջ աշխարհին, և Ստեփանակերտը պետք է լինի ժողովրդավարության, ոչ թե՝ բռնության կղզյակ: «ԼՂ-ն ինքնուրույն, ժողովրդավարական հանրապետություն է, և այս ամբիոնից ԼՂ-ին կոչ անելը ճիշտ չէ: ԼՂ-ում կան իրավապահ մարմիններ, որ կքննեն և ԼՂ օրենքների ամբողջ ուժով կորոշեն: Մենք ո՞վ ենք, որ ստեղից ԼՂ-ին դասեր տանք: ԼՂ-ն ունի ընտրված նախագահ, ընտրված պառլամենտ, ընտրված իշխանություն և իրավապահ համակարգ, որը կորոշի»,- իր հերթին՝ հայտարարեց Է.Շարմազանովը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դաժան ծեծի է ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս