Նալբանդյանը Իրանի փոխնախագահին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրականացումը

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ին հանդիպեց Իրանի փոխնախագահ, Միջուկային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիին:

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Իրանի փոխնախագահն ընդգծեց, որ մշտապես ուրախ է հանդիպել իր լավ բարեկամին՝ Հայաստանի արտգործնախարարին, որի հետ սերտորեն համագործակցել է, երբ ղեկավարում էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Ալի Աքբար Սալեհին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրականացումը։

Նույն օրը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-իրանական փոխշահավետ համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին ներկայացրեց այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտանք չունի։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներին և դրանց հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերին։

Տեսանյութեր

Լրահոս