Բաժիններ՝

Առաջիկա օրերին սպասվում է ծիրանի առաջին բերքի մթերումը

Առաջիկա օրերին սպասվում է ծիրանի առաջին բերքի մթերում, ցածրադիր գոտիներում` Սուրենավան, Արմաշ համայնքներում, արդեն սկսվում են աշխատանքները: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Առաջիկայում կսկսեն ինքնաթիռով արտահանումը, հետո բարձրադիր գոտիներում կհասնի բերքը, և մեծ ծավալներով արտահանում կկազմակերպվի»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է կարտոֆիլի ու կաղամբի մթերմանն ու արտահանմանը, ապա դրանք ևս իրականանում են, առաջացած խնդիրները հարթվում են: «Վերջերս Հովտամեջ ու Ծիածան համայնքներում կաղամբի մթերման հետ կապված հրապարակում եղավ, որ խնդիրներ են առաջացել: Ներկայում արտահանումը կազմակերպվում է «Սպայկա» ընկերության կողմից, կաղամբի մասով խնդիրը կլուծվի, իսկ կարտոֆիլի արտահանումը, ինչպես եղել է, այդպես էլ կլինի: Հիմա քանի որ մասսայական բերքահավաք չի, գինը բարձր է, առաջիկայում, երբ գինը կկայունանա, կարտոֆիլի քանակները կավելանան, արտահանումը կկազմակերպվի, պայմանավորվածությունը կպահվի»,-հավելեց փոխնախարար Մակարյանը:

Պատասխանելով վերջին օրերին տեղացող խոշոր կարկուտի պատճառած վնասների մասին հարցին` Մակարյանը նշեց, որ մասնագիտական հանձնաժողովներն առաջիկա օրերին կարձանագրեն վնասի չափերն ու կտեղեկացնեն դրանց մասին: «Կարկուտի հիմնական մասը Արմավիրում է եղել, բայց գնահատական չեմ կարող տալ»,-նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս