Ռուսական հակաօդային պաշտպանությունն ու հայ-ռուսական միացյալ ՀՕՊ-ը
2016թ. հունիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց[1] և դրական եզրակացություն[2] տրվեց 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին (հետագայում` Համաձայնագիր):
Մեծ հավանականությամբ Համաձայնագրի վավերացման քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենան Ազգային ժողովի հունիսի 6-9-ի քառօրյայի ընթացքում, և նույնքան մեծ հավանականութամբ այն կվավերացվի, քանզի ԱԺ խմբակցությունների մեծամասնությունը, ի դեմս հանձնաժողովում իրենց ներկայացուցիչների, կողմ է քվեարկել դրան: Մինչդեռ հարցը, հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից, Կովկասում Ռուսաստանի վարած ղարաբաղյան քաղաքականության[3] շուրջ բուռն քննարկումներից հետո ոչ պակաս թեժ կրքեր է գեներացրել: Իսկ այն էապես ազդում է ևս մեկ բնագավառում Հայաստանի ինքնիշխանության ու ինքնիշխան քաղաքականություններ վարելու հեռանկարների վրա:
Այնպես չէ, որ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցությունն օդում կամ հակաօդային պաշտպանության ոլորտում նորույթ է. այն նույնքան երկար պատմություն ունի, որքան հայ-ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցությունը: Նաև, վերանալով հանրային քննարկումներում հնչող տարբեր գնահատականներից` հանուն արդարության պետք է շեշտել, որ Համաձայնագիրն ավելի շատ կապ ունի Ռուսաստանի աշխարհաքաղաքական հեռահար ծրագրերի, ԱՄՆ/ՆԱՏՕ-Ռուսաստան բազմամյա օդային թեժ դիմակայության, բայց ոչ Հայաստանի անվտանգության ու պաշտպանվածութան բարձրացման նպատակների հետ: Իսկ այդ ամենին զուգահեռ Մոսկվան հընթացս “կիսում” է, իսկ այս պարագայում ավելի ճիշտ է ասել` զավթում է նաև օդային տարածքի հետ կապված որոշումներ ընդունելու հարցում Հայաստանի ինքնիշխանությունը:
2014-2015թթ. Հայաստան-Ադրբեջան սահմանային թեժացումների, սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ Բաքվի բացահայտ ռազմական ոտնձգությունների ու 2016թ. Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմի խորապատկերին, հիրավի, անպատասխան հարցեր են առաջ եկել ոչ միայն կապված ՀԱՊԿ-ի` որպես հավաքական անվտանգության կազմակերպության կենսունակության հետ, այլև նրա` Հայաստանի անվտանգությունն ապահովող հովանոց լինելու շուրջ: Եվ, իրավամբ, փորձագիտական ու լայն հանրային շրջանակների կողմից նույնաբովանդակ հարց է բարձրացվում. որ՞ն է երաշխիքը, որ այդ կազմակերպության հենքի վրա ստեղծվող հակաօդային պաշտպանության միացյալ համակարգն օդային ոտնձգությունից պաշտպանելու է առնվազն Հայաստանի օդային տարածքը, երբ նրա «ցամաքային անվտանգությունը» չի ապահովում: Արցախի օդային տարածքի պաշտպանության հարցի մասին չարժե անգամ հիշատակել. այն բաց, իսկ իրականում փակ (այսինքն` ՀԱՊԿ հովանոցն ու հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը չեն տարածվում Արցախի օդային ու ցամաքային տարածքի վրա) է եղել թե՛ նախկին երկկողմ ու բազմակողմ պայմանագրային դաշտում, թե՛ նաև` այս մեկի դեպքում:
Ու այս համատեքստում, թերևս, կարևոր է հասկանալ, թե ինչ է փոխում նոր` միացյալ հակաօդային պաշտպանության համակարգը Հայաստանի, Արցախի ու նրանց անվտանգության համար, նաև` դրա արդյունքում ինչ խաղի մեջ է ներքաշվում Հայաստանը: Այս տեսանկյունից, թերևս, կարևոր է նախ հայ-ռուսական հակաօդային պաշտպանության բնագավառում համագործակցության ու առկա մեխանիզմների քննարկումը և այդ համատեքստում Համաձայնագրի վերլուծությունը, ինչպես նաև` Համաձայնագրի նախապատրաստմանն ու դրան ուղեկցած հիմնական քաղաքական իրադարձությունների համառոտ անդրադարձը, որոնք բացում են այս խնդրի աշխարհաքաղաքական համատեքստը:
ՀԱՅԱՍՏԱՆ–ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՕՊ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ՄԻԱՑՅԱԼ ՀՕՊ-ՈՒՄ
Հակաօդային պաշտպանության բնագավառում Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության ակունքները հասնում են մինչև 1992թ. հուլիսի 6-ին Մոսկվայում ստորագրված Հակաօդային պաշտպանության համակարգի մասին Համաձայնագիրը[4], որի հիմքի վրա ու կատարման նպատակով մինչև 1995թ. երկկողմ ձևաչափով ստորագրվեցին մի շարք պայմանագրեր: Դրանք երկու կողմերի համար նաև ՀՕՊ բնագավառում համագործակցություն սկսելու ու խորացնելու իրավական շրջանակ ծառայեցին:
Այսպես, 1994թ. օգոստոսի 19-ին Երևանում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև ստորագրված Համաձայնագրով[5] կարգավորվեցին ԱՊՀ անդամ պետությունների արտաքին սահմանների պաշտպանության նպատակներով իրականացվող միջպետական զինվորական փոխադրումները:
1994թ. նոյեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության միջև ստորագրված Համաձայնագիրն[6] էլ կոչված էր կարգավորելու ռազմական օդանավակայաններում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օդանավերի ավիացիայի ընդունման, օդանավա-տեխնիկական ապահովման և պահպանման, կազմակերպման հարցերը: Նույն օրը և վայրում ստորագրված մեկ այլ Համաձայնագրի[7] կարգավորման առարկան էլ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության միջև հակաօդային պաշտպանության բնագավառում համագործակցությունն էր: Նշվածների հիման վրա 1994թ.-ից Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանում տեղակայվեցին առաջին ռուսական МИГ-23 կործանիչները:
1995թ. մարտի 16-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների ստորագրած «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի մասին պայմանագրի» հիման վրա[8] ֆորմալ կազմավորվեց Հայաստանում ռուսական ռազմաբազան, այդ թվում՝ Երևանի Էրեբունի օդանավակայանում` ռուսական ավիաբազան: Համագործակցության խորացման արդյունքում 1998թ. նոյեմբերին Հայաստանում վերադիսլոկացվեցին ռուսական МиГ-29 բազմաթիրախ կործանիչներն ու տարածաշրջանում այդ պահին առաջին С-300 զենիթահրթիռային համակարգը[9], ու ձևավորվեց 520-րդ ավիացիոն կամենդատուրան: Այնուհետև 2001թ. հուլիսին Էրեբունիում տեղակայված ստորաբաժանումներից կազմավորվեց ռուսական 3624-րդ ավիացիոն բազան, որն էլ դարձավ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի օդային բաղադրիչը:
Անշուշտ, ռազմական ոլորտում ստորագրված վերոնշյալ ու չհիշատակված մյուս համաձայնագրերն իրավական շրջանակ են ծառայում ՀՕՊ բնագավառում երկու երկրների համագործակցության համար: Սակայն ԱՊՀ միացյալ ՀՕՊ բազմակողմ համակարգ ստեղծելու ու Հայաստանին դրանում ներառելու համար առանցքային են հատկապես երկու բազմակողմ համաձայնագրեր:
Առաջինը 1992թ. մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրված «Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրն է»,[10] որի մասնակից պետությունները հանդիսանում են նաև 1995թ. փետրվարի 10-ի Ալմա-Աթիում ստորագրված Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների միացյալ հակաօդային պաշտպանության ստեղծման մասին Համաձայնագրի[11] անդամներ:
1999-2000թթ. Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազա մատակարարված МИГ-29 կործանիչներն ու С-300В զենիթահրթիռային կայանքն ԱՊՀ անդամ-պետությունների Միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակներում մարտական հերթապահության տակ դնելու համար հիշյալ երկու բազմակողմ համաձայնագրերի հիմքի վրա ՀՕՊ բնագավառում երկու կողմերի հարաբերությունները կարգավորելու նպատակով 2000թ-ից մի քանի կարևոր երկկողմ Համաձայնագրեր նույնպես ստորագրվեցին` արդեն 1995թ. փետրվարի 10-ի բազմակողմ համաձայնագրի հիմքի վրա ու այն կենսագործելու նպատակով[12]:
Մասնավորապես, 2000թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների և Ռուսաստանի ռազմակայանի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների կառավարման գծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հաշվարկի և Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմակայանի օպերատիվ խմբի խնդիրների և լիազորությունների մասին» Համաձայնագիրը[13]:
Նույն օրը և վայրում ստորագրված մյուս պայմանագիրն էլ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի զորքերի (ուժերի) ու ավիացիայի և Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմակայանի ՀՕՊ-ի զորքերի (ուժերի) ու ավիացիայի հակաօդային պաշտպանության համատեղ մարտական հերթապահության մասին» Համաձայնագիրն էր[14]:
Այս ոլորտում ևս երկու համաձայնագրեր ստորագրվեցին 2000թ. սեպտեմբերի 27-ին Սոչիում: Դրանցից մեկը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջև Հայաստանի Հանրապետության ռազմական օդանավերի` Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում և Ռուսաստանի Դաշնության ռազմական օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչքների ապահովման ժամանակ օդային տարածքի օգտագործման և օդային երթևեկության կառավարման ռազմական մարմինների միջև փոխգործողության կարգի մասին» Համաձայնագիրն[15] էր: Երկրորդը «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին Համաձայնագիրն»[16] էր, որը վերաբերում էր բոլոր տեսակի, այդ թվում` ՀՕՊ զորքերին/ուժերին:
Նույն տրամաբանությամբ, 2002թ. հոկտեմբերի 1-ին Մոսկվայում ստորագրվեց Ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների համատեղ օգտագործման մասին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Համաձայնագիրը[17], որը կրկին, ի թիվս ռազմական այլ ոլորտների, երկկողմ ձևաչափով թույլ է տալիս համատեղ օգտագործել ՀՕՊ ուժերն ու միջոցները:
Սակայն, հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության բավական մանրակրկիտ և ընդարձակ կարգավորումներից հետո ու տևական ժամանակ անց` 2015թ. դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում ստորագրվում է «Կոլեկտիվ անվտանգության Կովկասի տարածաշրջանում հակաօդային պաշտպանության Միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Համաձայնագիրը»[18]:
Վերը հիշատակված պայմանագրերից Համաձայնագրում հատկապես հղում է կատարված 1992թ. մայիսի 15-ին Հավաքական անվտանգության պայմանագրի, 1995թ. փետրվարի 10-ի Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների միացյալ հակաօդային պաշտպանության ստեղծման մասին Համաձայնագրի, 2000թ. սեպտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին Համաձայնագրի, ինչպես նաև՝ ռազմական անվտանգության ու հակաօդային պաշտպանության ապահովման բնագավառում կողմերի միջև ստորագրված այլ պայմանագրերի վրա:
Այսպիսով, ԱՊՀ շրջանակներում կամ երկկողմ ձևաչափով ստեղծված համաձայնագրերը, մեխանիզմներն ակնհայտորեն բերվում են Հավաքական անվտանգության ձևաչափ, թեպետ անգամ դրանցից բազմակողմներն ի սկզբանե եղել են ոչ թե կոլեկտիվ, այլ երկկողմ` Ռուսաստանի հետ:
ՀՕՊ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՀ ԵՐԿՆՔՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՀՕՊ ՀՈՎԱՆՈՑԸ
Անշուշտ, ԱՊՀ տարածքի համար միասնական ՀՕՊ համակարգի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի ռազմավարությունը նորություն չէ: Այն արդեն երկու տասնամյակի պատմություն ունի:
Դրա նախահիմքը պետք է համարել 1992թ. հուլիսի 6-ին Մոսկվայում ստորագրված Հակաօդային պաշտպանության համակարգի մասին Համաձայնագիրը[19], որն ստեղծվեց անդամ պետությունների օդային-տիեզերական հարձակման վտանգի ու մեկնարկի մասին նախազգուշացնելու, պետությունների կարևորագույն օբյեկտներն օդային հարվածներից պաշտպանելու, նրանց օդային սահմանների պաշտպանության նպատակներով: Այն ավելի շատ հիշեցնում էր ԱՊՀ պետությունների միջև տեղեկատվության փոխանակում և վտանգի մասին նախազգուշացում, ՀՕՊ համակարգերն օգտագործելու հարցում` փոխգործակցություն: Նշվածներն օգտագործելու առումով էլ Համաձայնագիրն ավելի մեծ ինքնուրույնություն էր տալիս անդամ պետություններին` այդ ամենի ընդհանուր համակարգումը դնելով ԱՊՀ երկրների միացյալ ուժերի գլխավոր հրամանատարի վրա:
Հիշյալ Համաձայնագիրը բացի բալթյան երեք հանրապետություններից ստորագրեցին 12 նորանկախ պետությունները՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը: Հայաստանի` դրան միանալու այն ժամանակի շարժառիթներն այս կերպ է հիմնավորում[20] ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը. «Մենք դեռևս 1992թ. դիմեցինք Ռուսաստանին, քանի որ հենց Ռուսաստանի բանակը փլուզվեց Խորհրդային Միության հետ միասին, և երկիրն էլ որոշում կայացրեց, որ իր զորքերը պետք է հանի Հայաստանից, մեր օդային տարածությունը բաց մնաց: Այդ ժամանակ մենք համապատասխան մասնագետներ և տեխնիկական սարքավորումներ չունեինք հակաօդային պաշտպանություն ապահովելու համար: Անձամբ ես 92թ. հանդիպեցի Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետին, ապա նաև` ԱՊՀ երկրների միացյալ ուժերի գլխավոր հրամանատարին և այդ հարցն առաջ քաշեցի, որպեսզի համատեղ օգտագործենք ՀՕՊ–ը»:
1995թ. փետրվարի 10-ին վերոնշյալ համաձայնագիրն Ալմա-Աթիում ուժը կորցրած ճանաչվեց և ստորագրվեց Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների միացյալ հակաօդային պաշտպանության ստեղծման մասին նոր Համաձայնագիր[21], որի համաձայն միացյալ ՀՕՊ-ի մեջ են մտնում անդամ-պետությունների հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները (կամ դրանց մի մասը):
Միացյալ ՀՕՊ-ի առջև դրվեցին հետևյալ խնդիրները` ԱՊՀ պետությունների օդային սահմանների պաշտպանությունը, օդային տարածքների օգտագործման նկատմամբ համատեղ վերահսկողությունը, օդային–տիեզերական իրավիճակի մասին ծանուցումն ու հրթիռային և օդային հարձակման մասին նախազգուշացումը, օդային–տիեզերական հարձակմանը պատասխանելու գործում հակաօդային պաշտպանության զորքերի համաձայնեցված գործողությունների իրականացումը (հոդված 2):
Վերը թվարկված խնդիրները լուծելու համար միացյալ ՀՕՊ–ը գործում է համաձայնեցված պլանով: Համակարգի կատարելագործման ու նրա ներսում ջանքերի համակարգման նպատակով անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ստեղծվում է հակաօդային պաշտպանության հարցերով Համակարգող կոմիտե, որի կազմի մեջ մտնում են անդամ երկրների հակաօդային պաշտպանության զորքերի (դրա տակ հետայսու հասկանալ ՀՕՊ և ռազմաօդային ուժեր) հրամանատարները, ինչպես նաև՝ պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ՝ Համակարգող կոմիտեի նախագահի տեղակալն ու այլ պաշտոնատար անձինք (հոդված 3):
Բուն Համակարգող կոմիտեն, որը ՀՕՊ ուժերի և միջոցների փոխգործակցության պլանը հաստատում է անդամ պետությունների ռազմական համագործակցության շտաբի հետ համատեղ ու նրանց ՀՕՊ ուժերի և միջոցների կիրառման պլանների հաշվառումով, նախագահում է Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության զորքերի գլխավոր հրամանատարը: Այդ պլանը հաստատվում է նաև անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կողմից (հոդվածներ 3 և 4):
Որքան էլ որ ՀՕՊ զորքերի և ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է յուրաքանչյուր անդամ–պետություն` համաձայն հաստատված պլանի, այդուհանդերձ, միացյալ ՀՕՊ համակարգի ուժերի և միջոցների գործողությունների համակարգումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության Հակաօդային պաշտպանության զորքերի Կենտրոնական հրամանատարական պունկտից (հոդված 4): Ըստ որում, պլանի հիման վրա ու այդ պունկտից ղեկավարվում են ոչ միայն ՀՕՊ ուժերի ու միջոցների մի մասը, որոնք անդամ–պետությունների օդային սահմանների մշտական մարտական պաշտպանություն են իրականացնում, այլ նաև` մասնակից–պետությունների ՀՕՊ հրամանատարական պունկտերի ղեկավարման ներքո գտնվող ռեզերվային ուժերի ու միջոցների գործողությունների համակարգումը (հոդված 5):
ՀՕՊ սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի մատակարարումը (հոդված 6), ՀՕՊ միացյալ համակարգի ուժերի և միջոցների համար ռազմական մասնագետների ուսուցանումն (հոդված 7) իրականացվում են մասնակից-պետությունների միջև երկկողմ միջկառավարական պայմանագրերի, իսկ ՀՕՊ սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի վերանորոգումը՝ ԱՊՀ կառավարության ղեկավարների Խորհրդի հաստատած պլանի հիման վրա:
Եթե Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը նշված համաձայնագիրը ստորագրեցին առանց առարկությունների, ապա Թուրքմենստանը հատուկ կարծիք կցեց՝ այն վերածելով Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրի` դրանով իսկ իրեն դուրս դնելով Կովկասի կամ ողջ Կենտրոնական Ասիայի համար պատասխանատվությունից: Ուկրաինան վերապահում կատարեց այն մասին, որ դրան միանում է իր ազգային օրենսդրության հաշվառումով, իսկ Բելառուսն էլ, ի թիվս այլոց, վերապահում կատարեց, որ ՀՕՊ Միացյալ համակարգը ձևավորվում է ռեգիոնալ սկզբունքով՝ իրեն կրկին ապահովագրելով Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում պատասխանատվությունից: Ադրբեջանն ի սկզբանե չմիացավ Համաձայնագրին:
1997թ. Վրաստանը և Թուքմենիան, հետագայում նաև` Մոլդովան դադարեցրեցին իրենց անդամությունը Համաձայնագրին, Ուկրաինան և Ուզբեկստանը շարունակեցին Ռուսաստանի հետ համագործակցել բացառապես երկկողմ հիմքի վրա:
Այս բազմակողմ Համաձայնագրի կատարմանն էլ ուղղված է 2015թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված երկկողմ Համաձայնագիրը, որը ոչ միայն ՀԱՊԿ շրջանակներ, այլև դրա ներսում երկկողմ ձևաչափ ու գործնական կիրառության դաշտ է տեղափոխում 1995թ. փետրվարի 10-ի ԱՊՀ բազմակողմ համաձայնագիրը, ավելի իմպերատիվ և հասցեական դարձնում դրա նորմերն ու պատասխանատուներին: Սակայն ամենամեծ հարցն այն է`ինչո՞ւ պետք է դրա անհրաժեշտությունը ծագեր բազմակողմ` ԱՊՀ Համաձայնագրի ստորագրումից ուղիղ 21 տարի անց և դրանով ի՞նչ խնդիրներ է լուծում Ռուսաստանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈ՞ւՆ ՕԴԱՅԻՆ ՄԱՐՏԻ
Հանրագումարելով ՀՕՊ ոլորտում Հայաստան-Ռուսաստան երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների պայմանագրային շրջանակն ու վերը կատարված վերլուծությունը` կարող ենք միարժեք արձանագրել հետևյալը.
- 1992 և 1995թթ. Համաձայնագրերով ուրվագծվող խառը, որոշ երկրների հետ` երկկողմ, որոշների հետ` բազմակողմ ձևաչափերը միանգամայն բավարարում ու արտացոլում էին 90-ականների ելցինյան Ռուսաստանի կարողությունները, աշխարհաքաղաքական ոչ մեծ հավակնություններն ու շահերը. Մոսկվան այսպես թե այնպես առկա էր բոլոր տարածաշրջաններում՝ եվրոպականից մինչև կովկասյան ու կենտրոնաասիական: Անդամ պետությունների` վերապահումներով հաստատված երկկողմ ձևաչափերում Մոսկվան օբյեկտիվորեն պահում էր նաև իր դոմինանտությունը, հատկապես, երբ բոլոր առումներով ՀՕՊ միացյալ համակարգի ղեկավարումն իրականացվում էր Ռուսաստանի Դաշնության Հակաօդային պաշտպանության զորքերի Կենտրոնական հրամանատարական պունկտից` դրան էլ հավելած պլանի կազմման վրա իր՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ առումներով մեծ ազդեցությունը:
2000-ից սկսյալ ավելի հավակնոտ՝ խորհրդային կայսրության վերականգնում տենչացող, ազդեցության ավանդական գոտիներում Արևմուտքի ներկայության մեծացումն ու ԵՄ/ՆԱՏՕ ընդլայնումը կասեցնելու նպատակ առաջադրած պուտինյան Ռուսաստանի համար դա քիչ էր: Բազմաբևեռ աշխարհակարգ կառուցելուն ուղղված Կրեմլի ծրագրերն անուղղակի ենթադրում են ոչ միայն քաղաքական-տնտեսական, այլև ռազմաօդային մեծ հովանոց ամբողջ հետխորհրդային տարածքի վրա, ավելի կոնկրետ՝ Արևմուտքի առջև փակել նաև ողջ օդային տարածությունը: Այդ նպատակներով էլ Պուտինը «այլընտրանքային ՆԱՏՕ» ստեղծելու խնդիր դրեց, որի համար ՀԱՊԿ-ը կորիզ է, իսկ ԱՊՀ-ը` անվտանգության համակարգի համար նոր երկրներ “հավաքագրելու” ավազան ու Արևմուտքին “դուրս մղելու և կանգնեցնելու” տարածություն: Հատկապես, երբ ԱՊՀ շրջանակներում բազում երկկողմ ու բազմակողմ պայմանագրեր էին կնքվել նաև ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության բնագավառում, որոնց վրա հնարավոր էր կառուցել պուտինյան ուղղահայացն ու ռուսական ՀՕՊ հովանոցը… Իսկ դա երկու առանցքային խնդիր պետք է լուծեր` երկրների ինքնիշխանության սահմանափակում/կիսում, այլ ուժային կենտրոնների հետ նրանց համագործակցության հեռանկարների փակում:
Այս տեսանկյունից 2015թ. դեկտեմբերի 23-ի Համաձայնագրի հետ կապված իրավիճակի և Հայաստանին ԵՏՄ “հրավիրելու” հնարքների միջև զուգահեռները վերին աստիճանի նույնական են: Արժե հիշել, որ Մաքսային միությանը միանալու մտադրություն չունեցող Հայաստանին նախ պարտադրվեց վավերացնել ԱՊՀ-ում Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը[22], այն դեպքում, երբ Երևանը բազմակողմ կամ երկկողմ ձևաչափով ուներ կամ կարող էր ունենալ ազատ առևտրի մասին երկկողմ ու բազմակողմ պայմանագրեր Ռուսաստանի ու ԱՊՀ այլ անդամ երկրների, հետագայում նաև` ԵՏՄ-ի հետ: Դրանից հետո Կրեմլը սկսեց Երևանին մերթ գայթակղել ու համոզել, մերթ էլ սպառնալ (ղարաբաղյան խնդրով ու Ադրբեջանի միջոցով), որպեսզի նա “եվրասիական 170 միլիոնանոց շուկայում առանց մաքսադրույքների ապրանքներ, ծառայություններ արտահանելու/ներկրելու”, “եվրասիական ինտեգրման բարիքներից օգտվելու համար” այս անգամ արդեն մտնի Ռուսաստանի եվրասիական-տնտեսական հովանոցի տակ:
Որպես նշված փաստերի ու հետևանքների դրսևորում արձանագրենք, որ ԱՊՀ-ում Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2012թ. սեպտեմբերի 13-ին, իսկ մեկ տարի անց` 2013թ. սեպտեմբերի 3-ին, Հայաստանի նախագահը Մոսկվայից անակնկալ հայտարարեց ԵՏՄ-ին միանալու մտադրության մասին…. Արդյունքում Հայաստանը 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, և այդ ժամանակվանից ի վեր արդեն 3 տարի է` Երևանն ու Բրյուսելը չեն կարողանում կնքել համագործակցության նոր պայմանագիրը: Այսօր արդեն ընդհուպ իշխանության մեջ գտնվող շատերն են ընդունում, որ ԵՏՄ-ը սահմանափակել/բացառել է ոչ միայն ԵՄ-ի, այլև Իրանի, Չինաստանի հետ ինքնուրույնաբար փոխշահավետ տնտեսական համագործակցություն հաստատելու Հայաստանի իրավունքն ու հեռանկարը…
- Իրականում, ինչպես ցույց տրվեց հետազոտության մեջ, Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկկողմ, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերը, այդ թվում` 1995թ. փետրվարի 10-ի Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների միացյալ հակաօդային պաշտպանության ստեղծման մասին Համաձայնագիրը միանգամայն բավարար մեխանիզմներ են սահմանել ՀՕՊ բնագավառում երկկողմ համագործակցության, տեղեկատվության փոխանակման, միջոցներն ու ուժերը համալրելու, համատեղ օգտագործելու ու այլ առումներով: Սակայն ակնհայտ է, որ դա Ռուսաստանին չի բավարարում, քանզի Մոսկվայի տեսանկյունից Հայաստանն ու ԱՊՀ մյուս անդամ երկրները սոսկ դրանից օգտվողներ էին, իսկ որոշումներ կայացնելու առումով էլ համեմատաբար մեծ ինքնուրույնություններ ունեն: Հարկ չկա հատուկ անդրադառնալու, թե որքան ցավագին է Մոսկվան ընդունում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների ու անվտանգության համակարգերի հետ դաշնակիցների` ռազմական համագործակցության որևէ բնագավառում ինքնիշխան քաղաքականություն վարելուն:
1995թ. Համաձայնագրի հիմքի վրա նոր` 2015թ. դեկտեմբերի 23-ի երկկողմ Համաձայնագիրը, ըստ էության, Ռուսաստանի համար մեծ պատուհան և հնարավորություն են բացում Հայաստանի օդային տարածքն ու հակաօդային պաշտպանության բոլոր միջոցները, այդ թվում` ռեզերվային, վերահսկելու առումով: Այսինքն, ոչ միայն Համաձայնագրով Միացյալ ՀՕՊ-ում մարտական հերթապահության տակ դրված, այլ նաև ռեզերվային ուժերն ու միջոցները տնօրինելու հարցում Հայաստանը պարտավոր է ունենալ Կենտրոնական հրամանատարական պունկտի, այն է` Մոսկվայի համաձայնությունը: Ավելին, այդ Կենտրոնական հրամանատարական պունկտն է ղեկավարելու բոլոր այդ միջոցների ու ուժերի գործողությունը: Թերևս տեսականորեն կարելի է պատկերացնել, թե սա ինչ կնշանակի, եթե Արցախում վերստին պատերազմ բռնկվի և Հայաստանը ցանկանա ինքնուրույնաբար գոնե ռեզերվային ուժերն ու միջոցներն օգտագործել Արցախի օդային տարածքը պաշտպանելու համար: Վատթարագույն դիպաշարի դեպքում Կենտրոնական հրամանատարական պունկտը կարող է դա չթույլատրել: Իսկ վատագույն դիպաշարի պարագայում, եթե անգամ նա չառարկի էլ, կարելի է եզրակացություններ անել, թե ինչ է նշանակում թշնամու հետ ճակատագրական մարտ վարելիս նման համակարգերի անխտիր բոլոր միջոցների ու ուժերի` միացյալ ՀՕՊ-ի մարտական հերթապահության տակ դրված կամ ռեզերվային, ղեկավարման վահանակը օտար պետության ու օտար հրամանատարի հանձնելը…
Պատկերն ավելի մտահոգիչ է դառնում, երբ ասվածին ավելացնում ենք սուբյեկտիվ` մարդկային գործոնը, որը երբեմն կարող է ճակատագրական ու վճռորոշ նշանակություն ունենալ: Ինչպես հետազոտության մեջ նշեցինք, ԱՊՀ միացյալ ՀՕՊ-ի հակաօդային պաշտպանության հարցերով Համակարգող կոմիտեն նախագահում է Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության զորքերի գլխավոր հրամանատարը, իսկ բոլոր գործողությունները ղեկավարվում են Կենտրոնական հրամանատարական պունկտից` Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի կողմից: 2009թ. սեպտեմբերից մինչև այժմ Ռուսաստանի ռազմադեսանտային զորքերի հրամանատարը գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովն[23] է, ով տարբեր արժանահավատ վկայությունների[24] ու իր իսկ հարցազրույցների[25] համաձայն, 1990-94թթ. ընկած ժամանակահատվածում եղել է Խորհրդային Ադրբեջանի Կիրովաբադ/Գանձակ քաղաքում տեղակայված 104-րդ գվարդիական օդա-դեսանտային դիվիզիայի 328-րդ պարաշյուտադեսանտային գնդի հրամանատարը: Այդ վկայությունների ու հարցազրույցների համաձայն` Վ. Շամանովն իր դեսանտայիններով 1992թ. ընդհուպ մասնակցել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ամառային հարձակմանն ու Շահումյանի գրավմանը, մասնավորապես` այնտեղ կոտրել է հայկական պաշտպանական ճակատն ու ճանապարհ բացել ադրբեջանական ուժերի համար… Թե Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում ինչ որոշումներ կարող է ընդունել նման կենսագրությամբ բարձրաստիճան զինվորականը, ում ձեռքերում կարող է հայտնվել օդային մարտը վարելու ղեկավարման վահանակը, միայն պատկերացնել կարելի է…
Սակայն, 2015թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված ու վավերացման ենթակա Համաձայնագրի ողբերգությունները սրանով չեն ավարտվում: Այն իր բնույթով բավականին նման է մեկ այլ` 2011թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված[26] «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրութանը[27], որը, ցավոք, 2012թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացվեց, այն էլ` առանց վերապահումների[28]:
Հիշեցնենք, այն նախատեսում է հետևյալը. «Կողմերն իրենց տարածքում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորամիավորումներ (ուժեր), ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու որոշումներ ընդունում են մյուս Կողմերի հետ անհետաձգելի խորհրդատվություններ (համաձայնեցումներ) անցկացնելուց հետո և նրանց պաշտոնական առարկության բացակայության դեպքում»: Այն նաև ամրագրում է. «Արձանագրության կիրառության կամ մեկնաբանության հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի հետ խորհրդակցությունների և բանակցությունների ճանապարհով»: Այսինքն, Հայաստանն իր տարածքում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ պետության կամ անվտանգության համակարգի որևէ տեսակի, այդ թվում` ՀՕՊ, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ տեղակայելու որոշման համար պետք է ունենա ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների, հասկանալիորեն առաջին հերթին` Ռուսաստանի համաձայնությունը…
Դեռևս այն ժամանակ` Ազգային ժողովում համաձայնագրի վավերացման նախօրեին, սույն հետազոտության հեղինակի կողմից ՀՀ կառավարությանն ու ԱԺ քաղաքական ուժերին ուղղված առաջարկ-հորդոր է հնչեցվել, որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող այս արձանագրությունը գոնե վավերացվի վերապահումով, այն է` «Հայաստանը հարգելու է Արձանագրությամբ ստանձնած իր պարտավորութունները և խնդրո առնչությամբ որոշումներ է կայացնելու միայն իր այն դաշնակիցների համաձայնության առկայության դեպքերում, որոնք զենք ու զինամթերք չեն վաճառել/վաճառում Հայաստանին վտանգ ներկայացնող երկրներին` Ադրբեջանին ու Թուրքիային»: Ցավոք, ծավալուն հիմնավորումների ու վերլուծության հիման վրա արված այդ առաջարկ-հորդորն անտեսվեց: Մինչդեռ Ռուսաստանի, Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառված սպառազինության կամ ապրիլյան քառօրյա պատերազմում ՀԱՊԿ-ի ու նրա անդամ պետությունների որդեգրած դիրքորոշման հետևանքներն ու դասերը Հայաստանի ու Արցախի համար բավական ցավոտ են և թարմ…
Վերադառնալով հիշատակված Արձանագրության ու միացյալ ՀՕՊ ստեղծելու Համաձայնագրերի զուգահեռին` հարկ է նշել, որ այս մեկն էլ նախորդի համանմանությամբ փակելու է անվտանգության այլ համակարգերի, ՀԱՊԿ անդամ չհանդիսացող այլ պետությունների հետ ՀՕՊ ոլորտում Հայաստանի համագործակցության հեռանկարները: Այս մի ոլորտում ևս Հայաստանը որոշումներ կայացնելու իր ինքնիշխան իրավունքը կիսում է Ռուսաստանի հետ, եթե ավելի կատեգորիկ չասենք, զրկվում է այդպիսի հիպոթետիկ զարգացման հեռանկարից:
Հետևաբար, վերլուծության առարկա ու վավերացման ենթակա Համաձայնագրի դեպքում, երբ ՀՀ Սահմանադրական դատարանն այն ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող (թեպետ այն էապես կրճատում է երկրի ինքնիշխանությունը, իսկ դատարանն ինչպես այլ, այնպես էլ այս դեպքերում չի էլ քննարկել այդ հարցը), երբ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Համաձայնագիրը ԱԺ օրակարգում ներառելուն, երբ ապրիլյան պատերազմից հետո պաշտոնական Երևանը նախագահի, վարչապետի մակարդակով քննադատել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինելը, վերոնշյալ բովանդակությամբ վերապահումը գոնե այս անգամ պարտադիր և հրամայական է:
Այլապես վավերացված ու գործողության մեջ մտած Համաձայնագիրն աղետ է լինելու Հայաստանի, Արցախի համար, հատկապես,
- երբ թեժ են մնում ամերիկա-ռուսական օդային ու միջուկային կրքերը, որոնք սկսեցին սրվել 2000-ականների կեսերից, մի կողմից`Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային հովանոցի տարրերի տեղակայմանը, մյուս կողմից` Ռուսաստանի նախաձեռնությամբ դրան ի պատասխան ու սիմետրիկ` ԱՊՀ միացյալ ՀՕՊ ստեղծելու ծրագրերին զուգընթաց: Իսկ նախորդ երկու տարիներին այդ դիմակայությունն ավելի է սրվել, և դժվար թե առաջիկայում ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովում Ռուսաստանին բավարարող որոշումներ ընդունվեն նաև այդ խնդրով: Ավելի հավանական է, որ այդ որոշումներն ավելի կգրգռեն Ռուսաստանին, ուստի նա ամենևին պատահական չէ դիրքավորվում Հայաստանի ու Կովկասի երկնքում…
- երբ ապրիլյան բլիցկրիգ-թեսթից հետո էլ Ադրբեջանը նախապատրաստվում է նոր ռազմական գործողությունների, և այս դեպքում Հայաստանի ինքնիշխանությունն ու վերահսկողությունն իր և Արցախի օդային ու ցամաքային տարածքի, այնտեղ ծավալվող գործողությունների, բոլոր տեսակի զորքերի ու միջոցների տնօրինմաան նկատմամբ առավելագույնը պետք է լինի: Իսկ դա առավել քան կարևոր է դառնում 2015թ. սեպտեմբերի 24-ին ռուսական կործանիչի խոցումից հետո չթուլացող թուրք-ռուսական առճակատման խորապատկերին, երբ նրանցից յուրաքանչյուրը Ադրբեջանին իր “հովանոցի” տակ պահելու/վերցնելու գերնպատակ է դրել…
Իրականում բացարձակապես Հայաստանի շահերից չի բխում նման Համաձայնագրի վավերացումը` առավել ևս ապրիլյան քառօրյա պատերազմի դասերի համատեքստում: Սակայն, հաշվի առնելով գործընթացի` այլևս վերջին հանգրվանին հասած լինելու հանգամանքը, ինչպես նաև Հայաստանի քաղաքական դասի վրա Ռուսաստանի ազդեցության ահռելի չափը` Համաձայնագրին կից վերապահումն առնվազն հրամայական է: Այդ խնդիրը լուծելու համար, թերևս, Համաձայնագրի քննարկման և/կամ վավերացման գործընթացի հետաձգումն անհրաժեշտ է…
Իսկ թե ո՞վ, ինչո՞ւ և ի՞նչ օդային մարտի է պատրաստվում Հայաստանի ու Կովկասի օդային տարածքում, կանդրադառնանք առանձին հետազոտությամբ:
Ստյոպա Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
[1] ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել, 03.06.2016
[2] Քաղվածք Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովi թիվ 51 նիստի արձանագրությունից, 03.06.2016
[3] Այս առնչությամբ տես, օրինակ, Ստյոպա Սաֆարյան, Ռուսաստանի մեծ խաղը Կովկասում և ԼՂ խնդիրը (2008-2016), 19.04.2016
[4] Соглашение о Системе Противовоздушной Обороны, Министерство Юстиции Кыргызской Республики, կամ՝ Российски правовой порталь
[5] Соглашение между Правительством РА и Правительством РФ о межгосударственных воинских перевозках в интересах охраны внешних границ государств-членов Содружества Независимых Государств, 19 августа 1994г., г. Ереван,
[6] Соглашение между Министерством обороны РА и Министерством обороны РФ об организации приема, аэродромно-технического обеспечения и охраны на военных аэродромах воздушных судов авиации Вооруженных Сил РА и Вооруженных Сил РФ, 3 ноября 1994г., г. Москва,
[7] Соглашение между Министерством обороны РА и Министерством обороны РФ о сотрудничестве в области противовоздушной обороны, 3 ноября 1994г., г. Москва,
[8]Договор между Российской Федерацией и Республикой Армения о российской военной базе на территории Республики Армения , 16 марта 1995г., Москва, Законы Росии
[9] Решение об использовании армяно-российской системы ПВО будет принимать армянская сторона, 13.11.2015
[10] Договор о коллективной безопасности , 15 мая 1992г., Ташкент
[11] Соглашение о Создании Объединенной Системы Противовоздушной Обороны Государств-Участников Содружества Независимых Государств, Законодательство Республики Беларусь, կամ՝Министерство Юстиции Кыргызской Республики,
[12] Третьяков А.С., Главное командование Сухопутных войск Вооруженных Сил РФ, генерал-майор Вооруженные силы РФ в республике Армения: некоторые правовые аспекты пребывания, Журнал “Право и безопасность”Номер – 1-2 (6-7) Июнь 2003г.,
[13] Соглашение между Правительством Республики Армения и Правительством Российской Федерации о задачах и полномочиях боевого расчета Вооруженных Сил Республики Армения и оперативной группы российской военной базы на территории Республики Армения по управлению силами и средствами ПВО и авиации Вооруженных Сил Республики Армения и силами и средствами ПВО и авиации российской военной базы с объединенного командного пункта противовоздушной обороны и авиации Вооруженных Сил Республики Армения, (Москва, 16 марта 2000 года),
[14] Соглашение между Республикой Армения и Российской Федерацией о совместном боевом дежурстве по противовоздушной обороне войск (сил) ПВО и авиации Вооруженных Сил Республики Армения и войск (сил) ПВО и авиации российской военной базы на территории Республики Армения, 16 марта 2000г., Москва
[15] Соглашение между Министерством обороны Республики Армения и Министерством обороны Российской Федерации о порядке взаимодействия военных органов по использованию воздушного пространства и управлению воздушным движением при обеспечении полетов военных воздушных судов Республики Армения в воздушном пространстве Российской Федерации и военных воздушных судов Российской Федерации в воздушном пространстве Республики Армения (г. Сочи, 27 сентября 2000 года)
[16] Соглашение между Республикой Армения и Российской Федерацией по вопросам совместного планирования применения войск (сил) в интересах обеспечения совместной безопасности 27 сентября 2000г. Сочи
[17] Соглашение Между Российской Федерацией и Республикой Армения о Совместном Использовании Объектов Военной Инфраструктуры, 1 октября 2002 г.
[18] Соглашение между Российской Федерацией и Республикой Армения о создании Объединенной региональной системы противовоздушной обороны в Кавказском регионе коллективной безопасности, 28 октября 2015 г., Москва
[19] Соглашение о Системе Противовоздушной Обороны, Министерство Юстиции Кыргызской Республики, կամ՝ Российски правовой порталь
[20] Решение об использовании армяно-российской системы ПВО будет принимать армянская сторона, 13.11.2015
[21] Соглашение о Создании Объединенной Системы Противовоздушной Обороны Государств-Участников Содружества Независимых Государств, Законодательство Республики Беларусь, կամ՝Министерство Юстиции Кыргызской Республики,
[22] Ստյոպա Սաֆարյան, Վերապահումները հրամայական էին ԱՊՀ պայմանագրի ու ՀԱՊԿ արձանագրության համար, 14.09. 2012
[23] Шаманов Владимир Анатольевич, Командующий Воздушно-десантными войсками
Герой Российской Федерации, генерал-полковник,
[24] Олег Кривопалов, Записки советского офицера: на рубеже эпох, Днепропетровс, ИМА-пресс, 2011, Էջ 328.
[25] Анна Политковская , Я — Шаманов, Интервью, , 19.06.2000
[26] Сессия Совета коллективной безопасности ОДКБ, 20 декабря 2011 г.
[27] Протокол о размещении объектов военной инфраструктуры на территориях государств – членов Организации Договора о коллективной безопасности, 20 декабря 2011г., Москва,
[28] Ստյոպա Սաֆարյան, Վերապահումները հրամայական էին ԱՊՀ պայմանագրի ու ՀԱՊԿ արձանագրության համար, 14.09. 2012