Եվրոպան սպառնում է Հայաստանի իշխանությանը

«Հայաստանի հետ համագործակցությունը շատ ավելի շատ է, քան պարզապես փողը»,- հունիսի 4-ին` Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` շեշտելով, որ հայերը մեծ եվրոպական ընտանիքի անբաժանելի մասն են կազմում: Եվրամիության դեսպանն այս միտքը, իհարկե, առաջին անգամ չէ հայտնում: Նա այդ մասին հայտարարում է գրեթե բոլոր առիթներով, ինչը ցույց է տալիս, որ որքան շատ է դեսպանը խոսում այդ մասին, այնքան Հայաստանում նրան չեն հասկանում: Հասկանալու դեպքում դիվանագետը ստիպված չէր լինի նույն միտքը կրկնել բոլոր առիթներով:

Բայց այդ հայտարարության հիմքում ընկած է շատ ավելի խորը խնդիր, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այդ հայտարարության, այդ մեկ նախադասության մեջ արտահայտված է Հայաստանի իշխող համակարգի, Հայաստանի իշխանության էությունը, աշխարհայացքը, Եվրոպայի հետ հարաբերությունների մոտիվացիան: Սվիտալսկին ուղիղ խոսքով հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունը Եվրոպայի հետ հարաբերությունը դիտակում է՝ որպես փողի աղբյուր: Դրա համար էլ, նա ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում հայտարարել նաև, որ Եվրամիությունը կդադարեցնի այս կամ այն ծրագրի ֆինանսավորումը՝ Հայաստանի իշխանությունների հայտարարությունների չիրագործման դեպքում:

Վերջերս ավելի հաճախ ԵՄ դեսպանն այդ մասին խոսում է` անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի մասին Հայաստանի իշխանության ներկայացուցիչների խոստումներին: Զարմանալի է, որ նույն այդ իշխանության ներկայացուցիչները դեռևս չեն պատասխանել Սվիտալսկուն` նրան մեղադրելով Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար: Որովհետև դժվար է պատկերացնել Հայաստանի իշխանությանն ուղղված ավելի առարկայական սպառնալիք, քան փողից զրկվելու վտանգը:

Իրականում Հայաստանի իշխանության համար Եվրոպայի հետ հարաբերությունը առաջին հերթին, գուցե նաև ամբողջությամբ` փողի աղբյուր է: Որովհետև Հայաստանի իշխանության համար փողի աղբյուր է ամեն ինչ` սկսած սեփական հասարակության հետ հարաբերություններից, մինչև արտաքին քաղաքականություն: Փողը Հայաստանի իշխանության համար նպատակ է, ոչ թե միջոց: Հետևաբար՝ ոչ թե նպատակ, այլ միջոց է նաև Եվրոպայի հետ հարաբերությունը` գլխավոր նպատակի` փողի, ավելի շատ փողի ստացման համար:

Եվրոպայի հետ ինտեգրացիայի մասին հայտարարություններ անող Հայաստանի իշխանության համար իրականում իդեալական է Եվրոպայի հետ հարաբերությունների ներկայիս որակն ու ռեժիմը, երբ Եվրոպայի մաս կազմելու մասին խոսվում է միայն հայտարարությունների մակարդակում, ու միաժամանակ Եվրոպայից ստացվում է փող` այդ մասին խոսելը շարունակելու համար: Իսկ եվրոպական ընտանիքին լիարժեք մաս կազմելը Հայաստանի իշխանության նպատակների մեջ չի մտնում: Որովհետև Հայաստանի իշխանության նպատակների մեջ չի մտնում իշխանությունից հեռանալը: Իսկ եվրոպական ընտանիքին լիարժեք մաս կազմել` նշանակում է՝ ապրել եվրոպական ընտանիքի մյուս անդամների նման, նրանց կանոններով:

Այդ կանոնների մեջ է մտնում նաև հաշվետվողականությունը սեփական հասարակության հանդեպ, հասարակության վերահսկողությունը հանրային միջոցների տնօրինման հարցերում, իրական պայքարը կոռուպցիայի դեմ, և ամենակարևորը` իշխանության ձևավորումն ընտրությունների միջոցով: Իսկ դա հակացուցված է Հայաստանի իշխանությանը, որի նպատակը բոլորի, այդ թվում` Եվրոպայի հետ հարաբերություններում ներկայիս ստատուս-քվոյի պահպանումն է: Այս ամենի մասին, իհարկե, շատ լավ գիտի դեսպան Սվիտալսկին, ում հայտարարությունն ուղղված է առաջին հերթին՝ Հայաստանի իշխանությանը:

Ընդ որում, այդ հայտարարությունը` հայերի` եվրոպական ընտանիքի մաս կազմելու մասին հիշատակմամբ, նշանակում է նաև, որ մի օր Եվրամիությունը կարող է դադարեցնել փողի տրամադրումը Հայաստանի իշխանությանը, այն ուղղելով նրանց, ովքեր իրենց համարում են եվրոպական ընտանիքի լիարժեք մաս: Դժվար չէ ենթադրել, թե ինչ տեղի կունենա, եթե պարզվի, որ իրեն այդպիսին է համարում Հայաստանի հասարակության մեծամասնությունը:

Այդ դեպքում Եվրոպան կարող է աջակցել ոչ թե Հայաստանի իշխանությանը` եվրոպական չափանիշներին համապատասխանող բարեփոխումների անվերջ խոստումների ու գործի բացակայության համար, այլ հասարակությանը` սեփական իշխանությունը սեփական մղումներին համապատասխանեցնելու նպատակով: Առջևում խորհրդարանական ընտրություններ են:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930