«Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպմանը կամրապնդվեն Վիեննայի հանդիպման արդյունքները, ոչ ավելին»․ Լուկյանով

«Ղարաբաղի շուրջ բովանդակային քննարկումներն այս պահին անհնար են»,-այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսական Վալդայ վերլուծական ակումբի անդամ, ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովն` անդրադառնալով հունիսին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավոր արդյունքներին։

Նա նշեց, որ անկախ Վիեննայի հանդիպման արդյունքից, այն, ըստ էության, թուլացրեց կողմերի միջև առկա սուր լարվածությունը։ Այս ամիս կայանալիք հանդիպումը ևս, ըստ վերլուծաբանի, նույն խնդիրը կլուծի։ Նրա համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, չնայած իրենց տարաձայնություններին, փորձում են կանխել պատերազմը Ղարաբաղում, որի համար մեկ ընդհանուր նպատակ ունեն՝ մեղմել լարվածությունը շփման գծում` վերականագնելով նախագահների միջև հանդիպումները, շփումներն ու երկխոսությունը։ Այս փուլում, Լուկյանովի կարծիով, հաջորդ հանդիպումից սպասել լուրջ ձեռքբերումներ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, սխալ կլինի։

«Ո՛չ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ո՛չ հակամարտող երկրները դեռ չեն պատկերացնում՝ ինչից պետք է սկսել կարգավորման գործընթացը, քանի որ չկան երաշխիքներ, ինչպես հայկական կողմն էր պահանջել, չկա վստահություն միմյանց նկատմամբ, կան լուրջ տարաձայնություններ կարգավորման սկզբունքների հարցում։

Ուստի այս մթնոլորտում ակնկալել բովանդակային քննարկումներ, անհնար է։ Կարծում եմ՝ այս ամիս կայանալիք հանդիպումը ևս կթուլացնի լարվածությունը, կողմերին փոքր ինչ կմոտեցնի միմյանց և հող կնախապատրաստի որոշակի վստահության համար։ Վստահության ձևավորումից հետո միայն, իմ համոզմամբ, կողմերը կկարողանան սկսել երկխոսությունը ամենավտանգավոր հարցերի շուրջ։

Եթե ամփոփեմ, ապա կայանալիք հանդիպմանը կամրապնդվեն Վիեննայի հանդիպման արդյունքները և ոչ ավելին։ Կասկածներ ունեմ, որ վերահսկողական մեխանիզմները արդյունավետ կլինեն և կընդունվեն բոլոր կողմերի կողմից։ Դա դժվար իրագործելի առաջարկ է»,- նման տեսակետ հայտնեց Լուկյանովը։ Վերջինիս կարծիքով՝ այս փուլում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գործում են համաձայնությամբ։

Տեսանյութեր

Լրահոս