«Քանդակագործը Պետերբուրգում է սովորել, բայց Պյոտր Առաջինի հետ չի սովորել, էլի..». Նժդեհի արձանի հեղինակները պատասխանում են քննադատություններին

Գարեգին Նժդեհի արձանի հեղինակներն այսօր հրավիրված ասուլիսին պատասխանեցին հնչող քննադատություններին ու պարզաբանումներ տվեցին արձանի ձևի, դիրքի վերաբերյալ:

Քանդակագործ Գագիկ Ստեփանյանը նշեց, որ 2011թ. մրցույթից անմիջապես հետո սկսվել են արձանի աշխատանքները. «Մրցույթից հետո էլ բազմիցս էսքիզներ են արվել, փորձեր, մոդելներ են արվել, առանձին դրվագներ, և այլն, ու այդ ընթացքում՝ քանդակագործն ու ճարտարապետը մտածել են՝ ինչ ձևի մեջ ամբողջացնել: Վերջապես եկել ենք նրան, ինչ հիմա կա: Արձանի մրցույթը տեղի է ունեցել երկու փուլով. առաջին փուլի ժամանակ իմ էսքիզն էր՝ Նժդեհը՝ ձեռքը սուրի վրա, որը խաչի սիմվոլն էր: Առաջին փուլում ոչ մի նախագիծ հավանության չարժանացավ: Երկրորդ փուլի ժամանակ ներկայացրել եմ ներկայիս տարբերակը, որի պլաստիկական լուծումներն են միայն փոխվել»:

Ճարտարապետ Ասլան Մխիթարյանի խոսքով՝ երկար ժամանակ պետական գործչի քանդակի այդ մակարդակի մրցույթ չի եղել. «Այլ ոլորտների ներկայացուցիչների արձանների դեպքում դուք ազատ եք՝ արտահայտչական ձևեր օգտագործելու: Այսօր այս քանդակը տեղ ունի հավանության արժանանալու: Քննադատություններին հանգիստ եմ մոտենում: Երբ չեն քննադատում, ուրեմն ոչինչ արված չէ: Ես այդպիսի քանդակ չեմ հիշում, որ դրվի ու չքննադատվի»:

Նժդեհի արձանի՝ Պետրոս Մեծի նմանության մասին արված հայտարարություններին ճարտարապետն այսպես պատասխանեց. «Ես չգիտեմ՝ 200 տարի առաջ ով է տեսել Պյոտր Առաջինին, մենք չենք տեսել: Քանդակագործը Պետերբուրգում է սովորել, բայց Պյոտր Առաջինի հետ չի սովորել, էլի»:

Իսկ քանդակագործն էլ նշեց. «Այո, ես Պետերբուրգում եմ սովորել, բայց դա ի՞նչ կապ ունի: Ավարտել եմ 1974թ.: Երբ արձանը տեղադրում էինք, ես հետևում էի, որ ճիշտ լինի, թեք չլինի, այդ ընթացքում ժողովուրդն ուղղակի ինձ գրկում էր, չէին թողնում աշխատեմ: Ինչ-որ ժամանակ հետո սկսեցին անհեթեթ բաներ խոսել, նմանեցնել մեկին: Լրագրողն ինչո՞ւ չի ուզում լավն էլ վերցնի, քննարկի, միայն բացասականը վերցրեց, ու դա դարձավ բում: Ես ոչ մի կապ որևէ մեկի հետ չեմ տեսնում»:

Նա նկատեց՝ արձանը կերտելու համար յուրաքանչյուր պրոֆեսիոնալ քանդակագործ հավաքում է նյութեր ու լավ ուսումնասիրում տվյալ հերոսի անցած ուղին. «Պատմության մեջ պետք է մնա այդ արձանը, ես շատ պարտաճանաչ մոտեցում եմ ունեցել: Այտոսկրերը, գանգի կառուցվածքն իր բանտարկված ժամանակի նկարից եմ վերցրել, որտեղ լավ երևում էին նրա ոսկորները, գանգի կառուցվածքը: Հիմա ամեն մեկը տանն իր նկարն ունի, ստիպել քանդակագործին, որ պետք է այդ նկարով անել, սխալ է: Քանդակագործը գերեզմանի գործ չի անում, նա կերպար է ստեղծում: Նժդեհը երիտասարդ տարիներին ունեցել է երկար, գանգուր մազեր, հիմա ինչո՞ւ եմ ես օգտագործել այդ մազերը: Երկար մազերն օգտագործել եմ՝ կերպարը ուժեղացնելու, լեգենդ դարձնելու համար: Ես մոտեցել եմ այսպես՝ պետք է ստեղծել Գարեգին Նժդեհի հավաքական կերպարը, որն այսպիսին է. հանճարեղ զորավարը, պետական և քաղաքական գործիչը, ու վերջապես՝ 20-րդ դարի առաջին կեսի մեծագույն փիլիսոփաներից մեկը, մեր ազգային գաղափարախոսը»:

Նա նշեց, որ կոմպոզիցիայի մտահղացումը ստեղծվել է Նժդեհի ասույթներից. ««Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված և հայրենիք»: Նա ամուր, հստակ կանգնած է երկու ոտքերի վրա, իր հավատքի ու հայրենիքի վրա, երկար թիկնոցը, որն ավելի եմ երկարացրել կողքերից ու հետևից, որ ձուլվի իր հավատքի ու հայրենիքի հետ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս