«Փոփոխվող աշխարհում, որպես դրական հանգամանք՝ պետք է նշենք հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը». վրաց փորձագետ
«Վրաստանը չէր կարող թույլ տալ բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև Վրաստանում: Դա անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Կովկասյան տուն» կենտրոնի ղեկավար, վրաց փորձագետ Գեորգի Կանաշվիլին՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին:
Նա, գնահատելով հայ-վրացական հարաբերությունների դինամիկան Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո և Վրաստանի եվրաատլանտյան ձգտումների պայմաններում, ասաց, որ հայ-վրացական հարաբերություններն այս փոփոխություններից հետո էական հետընթացներ չեն ապրել: Ըստ նրա` երկու երկրները պահպանել են իրենց ավանդական բարեկամական հարաբերությունները, քանի որ ունեն համատեղ շահեր, ինչպես՝ քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական:
«Հերքել, որ վերջին որոշումները խնդիրներ չեն առաջացրել, հնարավոր չէ, կան խնդիրներ՝ հատկապես տնտեսական բնույթի, քանի որ Վրաստանը ստորագրել է Ասոցացման համաձայնագիր, իսկ Հայաստանը` ԵՏՄ պայմանագիր, որոնք ենթադրում են տարբեր չափանիշներ և դժվարություններ Հայաստանի ու Վրաստանի համար, սակայն կա քաղաքական կամք այդ խնդիրները հաղթահարելու համար, մենք տեսնում ենք այն: Գուցե շատերն ավելի մեծ ջանքեր են պատկերացնում, կամ պնդում, որ կա ավելի մեծ ներուժ հայ-վրացական հարաբերություններում, սակայն ներկայիս ջանքերը ևս բավարար են հայ-վրացական հարաբերությունների դինամիկան չկորցնելու համար:
Վրաստանում ահռելի հայ համայնք է ապրում, այս ներկայությունն անհնար է անտեսել և հաշվի չառնել հայ-վրացական հարաբերություններում և ղարաբաղյան հակամարտությունում, որտեղ, հաշվի առնելով հայկական և ադրբեջանական համայնքների ահռելի ներկայությունը, Վրաստանը փորձում է չեզոքություն պահպանել»,- նման տեսակետ հայտնեց Կանաշվիլին` շարունակելով, որ Վրաստանն իր դիրքորոշմամբ՝ այս կամ այն կողմի օգտին կարող էր Վրաստանի ներսում հայերի և ադրբեջանցիների միջև բախումների պատճառ դառնալ:
Ուստի, նրա համոզմամբ, Վրաստանը ջանում է պահպանել չեզոքությունը՝ դրանով իսկ ապահովելով երկրի ներսում կայունությունը:
Վրաց փորձագետի խոսքով՝ չնայած Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կնքումը դրական հետևանքներ կունենա նաև հայ-վրացական հարաբերությունների վրա, եթե ունենա որոշ կարգավորումներ, որոնք վերաբերում են տնտեսությանն ու առևտրին ԵՄ անդամ-երկրների հետ: «Փոփոխվող աշխարհում, որպես դրական հանգամանք՝ պետք է նշենք հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Չնայած ցնցումներին, դրանք մնում են բարեկամական, ինչը չափազանց դժվար է պահպանել»,- նկատեց նա: