«Վերջին անգամ ասաց՝ Ալվա՛րդ, մամայիս լա՛վ կնայես»
Հունիս 24-ին կլրանա Արցախում զոհված Արթուր Գևորգյանի 19-ամյակը։ Արթուրը 2015թ. հուլիսին էր զորակոչվել բանակ։ Մորաքրոջ խոսքով՝ դպրոցում 9-րդ դասարանն ավարտելուց հետո Արթուրը մեկնել էր Ռուսաստան։ Մտածել են, որ նա այնտեղ էլ կսովորի, կաշխատի։ Չնայած այնտեղ մնալու բազմաթիվ հնարավորություններին՝ Արթուրը որոշել է գալ ու ծառայել բանակում։ Եվ Արթուրը մի օր անակնկալ կերպով Ռուսաստանից վերադառնում է Հայաստան։
«Գալիս, տեսնում են՝ բազմոցին նստած։ Անակնկալի են գալիս։ Ասում են՝ մնայիր, ամեն ինչն էլ այնտեղ կստացվեր։ Ասել էր՝ չէ՛։ Դու մի ասա՝ ամեն առավոտ արթնացել, հորն ասել է՝ գնում եմ Հայաստան, ծառայեմ, շուտ գամ։ 8 ամիս շարունակ հայրը պահել է։ Մի օր չի խոսել, մտածել է՝ ո՞նց անցավ, չխոսեց Հայաստանի մասին։ Բայց ինչքա՞ն կարող ես պահել։ Եկավ, սկսեց ընկնել փաստաթղթերի ետևից»,- պատմում է Արթուրի մորաքույրը՝ տիկին Ժաննան։ Արթուրը կրում է իր քեռու անունը, ով 1994թ. զոհվել է Արցախում՝ նույն տարիքում, կրկին ապրիլ ամսին։ Արթուրը ծառայում էր՝ որպես ավագ հրաձիգ։ Արթուրի ընտանիքն Աբովյան քաղաքում է ապրում։
«Որտեղ Արթուրը կար, ուրախություն էր»
«Շուտով կլրանա Արթուրի 19-ամյակը, բայց մի անգամ էլ ծխախոտ ծխած չկա։ Երդմնակալությանը գնացինք, հարցրին՝ Գևորգյա՛ն, ինչո՞ւ չես ծխում։ Պատասխանեց՝ իմաստ չեմ տեսնում։ Շատ բարի էր։ Մոր հետ էր շատ կապված։ «Ջան» բառը բերանից դուրս չէր գալիս՝ մա՛մ ջան, մո՛ք ջան, քուր ջան»,- ասում է Արթուրի մորաքույրը։ Արթուրը Ջեբրաիլում էր ծառայում։ Մորաքրոջ խոսքով՝ ծառայությունից շատ գոհ էր։ «Վատ էլ լիներ, չէր ասի, որ վատ է, որ ես չնեղվեի։ Ես անընդհատ տխուր էի, որ ինքը Ղարաբաղ էր ընկել։ Ասում էր՝ մա՛մ ջան, շատ լավ է, իզուր ես տխրում»,- ասում է Արթուրի մայրը՝ տիկին Գյուլնարան։
«4 ամսվա ծառայող էր, արձակուրդ եկավ։ 8 օրում արդեն ձանձրանում էր, ետ էր վարժվել, ասում էր՝ գնամ։ Բոլորի մասին մտածում էր։ Ասում էր՝ մա՛մ, պապային էլ զանգի՛ր, ասա՛, որ այստեղ ամեն ինչ լավ է, այնքան արագ է անցնում։ Ասում էր՝ ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք դուք հաշվում օրերը։ Մայրն ասում էր՝ գլխարկը դի՛ր գլխիդ։ Ծիծաղում էր, կչկչում էր, ասում էր՝ այդպիսի բան չկա»,- հիշում է Արթուրի մորաքույրը։ «Երբ արձակուրդ եկավ, ուզում էր նորից ետ գնալ, որովհետև իրեն հետաքրքիր էր ծառայությունը, սիրով էր անում այդ ամեն ինչը։ Մի անգամ պատմեց, որ որքան փամփուշտ եղել է, բոլորը նշանակետին ճիշտ էր կրակել»,- պատմում է Արթուրի քույրը՝ Ալվարդը։
Արթուրի մորաքրոջ խոսքով՝ Արթուրը բնավորությամբ շատ ուրախ էր, բարի, միշտ ժպիտը դեմքին։ «Քույրը մի անգամ դասից փախչելու համար երկուս էր ստացել։ Լացելով ներս եկավ, մտածեցի՝ ինչ է եղել։ Ասաց՝ մա՛մ ջան, Ալվարդիկը 2 է ստացել։ Քրոջ երկուսի մասին էր մտածում, մղկտում էր»,- հիշում է Արթուրի մայրը։
Նրա խոսքով՝ Արթուրը շատ լավ նկարում էր, Ռուսաստանում կոշիկների մոդելներ է գծագրել, լավ լողում էր, լավ երգում էր, նմանակում տարբեր երգիչների. «Հայրը շատ հեղինակային երգեր ունի։ 90-ականներին երգել է նրանց համար, տեսել ծնողների հուզմունքը, ինքն էլ հուզվել՝ չմտածելով, որ մի օր ինքն էլ այդ կարգավիճակում է լինելու՝ զոհվածի հայր»։ Արթուրի մայրը հիշում է՝ երդմնակալությանը որդուն նիհարած էր տեսել ու արտասվել. «Էլ չէի իմանում…»։
«Բարության ծով։ Տարիքով մեծ հարևանների շտապօգնությունն էր»,- ասում է Արթուրի մայրը, ում խոսքը շարունակելով՝ քույրը՝ Ալվարդը, պատմում է, որ եղբայրը միևնույն ժամանակ սկզբունքային էր։ «Իրար հետ շատ կապված էինք փոքր տարիքից։ Մինչև երեք տարեկանն ինքն իր հնարած լեզվով էր խոսում։ Կարծես արաբերեն խոսեր։
Միայն ես էի հասկանում, թարգմանում էի, որ հասկանան՝ ինչ է ուզում»,- հիշում է Արթուրի քույրը, իսկ մորաքույրն էլ հավելում է, որ դրանից հետո Արթուրը սկսել է միանգամից խոսել գրական հայերենով: «Ես հանգիստ եմ եղել այն ժամանակ, երբ ինքը հայրիկի մոտ է եղել։ Գալուց հետո արդեն անընդհատ անհանգստություն է եղել մեր մեջ։ Չգիտես՝ ինչո՞ւ, անընդհատ թվացել է՝ այնտեղ ապահով կլինի Արթուրի համար»,- ասում է Արթուրի քույրը։ Արթուրը, նրա խոսքով, հաճախակի էր սիրահարվում. «Հիմնականում տարիքով իրենից մեծ գեղեցիկ աղջիկ երբ տեսնում էր, միանգամից սիրահարվում էր։ Ասում էի՝ լա՛վ էլի, Արթո՛ւր։ Եթե մի բան ասեի, մի բան ուզեի, ինձ երբեք չէր մերժում։ Առատաձեռն էր։ Եթե իր մոտ եղած վերջին գումարն էլ ուզեի, կտար, չէր մտածի»: Արթուրի մայրը հիշում է, որ, երբ որդին արձակուրդ էր եկել, բարեկամներից շատերը նրան գումար էին տվել, բայց Արթուրը թողել էր իրենց մոտ։ «Որտեղ Արթուրը կար, ուրախություն էր։ Իր հումորները բավական էին, որ մենք արդեն ուրախ լինենք»,- ասում է Արթուրի քույրը։
«Մա՛մ ջան, խառն ենք, կբարձրանամ դիրքեր, կխոսենք»
Արթուրը վերջին անգամ մոր հետ խոսել է ապրիլի 1-ին։ «Մա՛մ ջան, խառն ենք, կբարձրանամ դիրքեր, կխոսենք»,- Արթուրի հետ վերջին զրույցը հիշում է Արթուրի մայրը։ Մորաքույրն էլ շարունակում է, որ Արթուրը դիրքեր էլ էր հաճույքով բարձրանում։ «Քույրս ապրիլի 2-ին երազ է տեսնում, բայց չէր համարձակվում պատմել։ Արթուրը փոքր է լինում, իր գրկում, սիրում է, սպիտակ թևերով թռչում է»,- պատմում է Արթուրի մորաքույրը. «Շատ ջիգյարով էր։ Ասում էր՝ մա՛մ ջան, սիրելու ժամն է։ Մորը գրկում, օդ էր բարձրացնում։ Մի փոքր նեղություն չտվեց ծնողներին։ Ասում էր՝ մա՛մ ջան, շուտ կծառայեմ, կվերջացնեմ, կգամ։ Եվ իրոք, շուտ կվերջացներ, համով-հոտով կվերջացներ, եթե այս զուլումը չլիներ։ Զոհվելու պայմանների մասին միայն այն գիտենք, որ երեխաները մինչև վերջ կռվել են»։ Հարազատները շատ ավելի ուշ են իմացել, որ Արթուրն անհայտ կորածների ցանկում է, բայց մինչև վերջ հույս են ունեցել. «Մենք մեծ հույս ունեինք։ Մինչև վերջին պահը կառչած էինք այդ հույսի նշույլից, որ մեր երեխան ողջ է։ Չէինք ուզում հավատալ։ Մտածում էինք՝ ինչ վիճակում էլ լինի, մեր երեխան ողջ կմնա։ Սկզբում Ջեբրաիլի մասին չէին ասում։ Մենք կառչած էինք հեռուստատեսությանը. մի կողմից՝ սրտներիցս արյուն էր կաթում, մյուս կողմից՝ նայում ենք, ոչինչ չեն ասում Ջեբրաիլի մասին՝ մարտերը գնում են հյուսիսարևելյան հատվածում»։
«Մենք ապահով էինք, որ իրենք դիրքով բարձր էին։ Հանգստության զգացում կար, որ իրենց տեղը լավ կլինի։ Արթուրը շատ բարձրահասակ էր։ Անընդհատ ասում էինք՝ Արթո՛ւր, գլուխդ ցա՛ծր կպահես, դիպուկահարից զգո՛ւյշ կլինես, ինքը ծիծաղում էր,- ասում է Արթուրի քույրը՝ միևնույն ժամանակ՝ նշելով, որ ամեն դեպքում տագնապ կար։ -Երբ ինքը Հայաստան եկավ, այդ ժամանակ էլ արդեն տագնապը կար։ Հենց ոտք դրեց Հայաստան, արդեն տագնապը կար։ Չէր ասել, որ գալիս է։ Ես խոսեցի հայրիկի հետ, հարցրի, թե Արթուրը որտեղ է, ասաց՝ խանութ է գնացել։ Եկանք, տեսանք՝ տանն է։ Զինկոմիսարիատում էլ ճանապարհելիս ժպիտը դեմքին գնաց»: Տագնապի զգացում, սակայն, Արթուրը չի ունեցել։
«Ասում էր՝ հանգի՛ստ եղիր, մա՛մ ջան, կգամ, կպատմեմ»,- ասում է Արթուրի մայրը։ Խոսքը շարունակում է նրա մորաքույրը. «Ասում էր՝ չես պատկերացնում՝ այստեղ ինչքան լավ է։ Դեռ ինչեր ես լսելու իմ մասին։ Ուրախացնում էր մորը»։ Արթուրի հետ իր վերջին խոսակցությունը հիշելով՝ քույրը պատմում է. «Ասում էր՝ բան չկա, հարցնում էր՝ մեզ մոտ ինչ կա, ասում էր՝ նույնն է։ Վերջին անգամ ասաց՝ «Ալվա՛րդ, մամայիս լա՛վ կնայես»»։
«Օր օրի հույսը մարում էր։ Ապրիլի 3-ին, 4-ին մի փոքր հանգիստ էինք։ Մտածում էինք՝ հարավարևելյան հատվածի վրա ոչինչ չկա, երևի իրենց մոտ հանգիստ է։ Ապրիլի 4-ից, 5-ից կամաց-կամաց մարում էր, կարծես հանգչեինք կրակի նման։ Ասում էին՝ երեխաները փախել են։ Այդ ցավի մեջ արդեն չես կարողանում ճիշտ դատել։ Մտածում ես՝ միգուցե անտառների մեջ են, մտածում ես՝ թող վիրավոր լինի, բայց միայն թե գտնենք։ Արդեն ապրիլի 8-ից, 9-ից իմացանք, որ Արթուրի անունը կա կորածների մեջ։ Երբ իմացանք, արդեն խուճապ կար»,- ասում է Արթուրի քույրը։ Հարազատները նշում են՝ Արթուրը բազմաթիվ պլաններ ուներ։