«Այսօրվա գործիքակազմով Էթիկայի հանձնաժողովը չի կարող իրականացնել իր գործառույթները». նախագծի ընդունումը հետաձգվեց
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, Քրեական օրենսգրքում և այլ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը:
Նրա խոսքով՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում հակակոռուպցիոն բնագավառում որդեգրված քաղաքականությամբ, գույքի և եկամուտների հայտարարագրման ոլորտում միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությամբ:
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսվել, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիրը, ինչպես նաև՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գույքի և եկամուտների հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացվում կամ ներկայացվում է պահանջների կամ կարգի խախտմամբ, կամ երբ հայտարարագրում անզգուշությամբ սխալ տվյալներ են ներկայացվում:
Նախատեսված են պատասխանատվության տարբեր միջոցներ՝ նախազգուշացումից մինչև տուգանք: Քրեական օրենսգիրքը, ըստ նախարարի, լրացվում է, պատասխանատվություն նախատեսում բարձրաստիճան պաշտոնատար անձի հայտարարագիրը, ինչպես նաև՝ նրա հետ փոխկապակցված անձի հայտարարագիրը դրանք ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված տուգանքի նշանակումից հետո 30 օրվա ընթացքում դիտավորությամբ չներկայացնելու համար, այդ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:
Որպես պատիժ՝ նախատեսում է թե՛ տուգանք, թե՛ ազատազրկում: Վարչական իրավախախտումների ենթակայության հետ կապված որպես իրավասու պետական մարմին նախատեսված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովը:
«Միևնույն ժամանակ հարկ եմ համարում, որ այսօրվա գործիքակազմով Էթիկայի հանձնաժողովը, ըստ էության, չի կարող իրականացնել այն գործառույթները, որոնք դրվում են այս օրինագծերի փաթեթով, և մինչև օրենքի նախագծի ընդունումը և ուժի մեջ մտնելը ՀՀ կառավարություն կներկայացվի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որտեղ հստակ կսահմանվեն նյութատեխնիկական ապահովման և հաստիքային ապահովման խնդիրները, որպեսզի հնարավոր լինի ապահովել այս նախագծերով նախատեսված պարտականությունների պատշաճ իրականացումը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ասաց, որ երկար քննարկումներ են եղել, նախագիծը թերի տեսքով է ներկայացված, համաձայնեցված չէ Էթիկայի հանձնաժողովի հետ, որը հիմնական պատասխանատուն է, դրված չէ գործիքակազմը:
«Այս ձևով ընդունումը կրելու է ձևական բնույթ, չի ապահովելու դրված խնդիրների լուծումը և պարզապես խաբկանք է ստեղծելու, որ մենք ուժեղացրել ենք Էթիկայի հանձնաժողովը, այնինչ այն մնալու է նույն վիճակում»:
Վիգեն Սարգսյանն առաջարկեց հետաձգել նախագծի ընդունումը կամ լուրջ վերամշակել և փոխել: Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ նախագծերի փաթեթը ներկայացված է գործիքակազմի և իրավասության տրամադրման տեսանկյունից, իսկ գործիքակազմի հետ կապված քննարկումներն այս պահին էլ ընթանում են, նախագիծը կլրամշակվի և կներկայացվի այն տեսքով, որն անհրաժեշտ կլինի Էթիկայի հանձնաժողովի կողմից իր լիազորությունները պատշաճ իրականացնելու համար:
«Դուք չե՞ք քննարկել աշխատակազմի մասնագետների հետ»,- նախարարին հարցրեց վարչապետը, ինչին ի պատասխան՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ քննարկել են, այս պահին քննարկվում է երկու տարբերակ:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իր մոտ քննարկում կկազմակերպվի, և եթե ընդհանուր հայտարարի չգան, բոլոր հարցերը պարզ չլինեն, ապա անիմաստ է ընդունել մի նախագիծ կամ օրենք, որը չենք կարողանալու կիրարկել: