Armenia IT Forum. Հայաստանն ԱՄՆ-ում կներկայացնեն 5 ստարտափներ
Հունիսի 10-ին ԱՄՆ-ում՝ Synopsys ընկերության կենտրոնակայանում ArmTech Congress-ի շրջանակում կկայանա Armenia IT Forum-ը: Ֆորումը իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատորի հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի, Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի կողմից: Կազմակերպիչների թվում են նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՏ գործատուների միությունը:
Ֆորումի հիմնական նպատակն է՝ քննարկել ստարտափների զարգացմանը վերաբերող հարցեր, ամփոփել ՏՏ ոլորտի Հայաստան-ԱՄՆ աքսելերացիոն ծրագրերի արդյունքները: Ֆորումի ընթացքում կքննարկվեն նաև ՏՏ զարգացումները Հայաստանում, կներկայացվեն հաջողության պատմություններ, Հայաստանում մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև՝ կխոսվի Հայաստանում կրթության հնարավորության մասին:
Հայաստանից ֆորումին կմասնակցեն Հայաստան-ԱՄՆ աքսելերացիոն ծրագրին մասնակցած 5 ստարտափներ, որոնց վերջնական ընտրությունը կկատարվի այս շաբաթ:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Էմիլ Տարասյանի՝ այս ֆորումը բացառիկ է, քանի որ միանգամից մասնակցում են 5 հայկական ստարտափներ. «Կա նախաձեռնություն, որ Հայաստանը ՏՏ ներկայացուցչություններ հիմնի ԱՄՆ-ում և այլ շուկաներում: Նման անհրաժեշտություն կա վենչուրային հիմնադրամների հետ աշխատանքի համար»:
«Հայաստան. ՏՏ ֆորումին» նվիրված ասուլիսի ժամանակ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարևորեց այն հանգամանքը, որ ֆորումն անցկացվում է Synopsys ընկերության կենտրոնակայանում: Կենտրոնակայանում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու նաև ՏՏ ոլորտի ոչ հայ ներկայացուցիչների հետ:
Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ պետք է փնտրել 2 կարևոր հարցերի պատասխաններ: Առաջինը, թե ինչպես հայկական ընկերությունները պետք է առաջխաղացում գրանցեն աշխարհում, տվյալ դեպքում՝ Միացյալ Նահանգներում, և երկրորդը, թե ինչ միջոցներով պետք է կարգավորվի մարդկային ռեսուրսի խնդիրը Հայաստանում. ինչ կրթական համակարգեր պետք է ներդրվեն:
Միացյալ Նահանգներում հայ մասնակիցները հնարավորություն կունենան այցելել աքսելերացիոն գրանսենյակներ և ծանոթանալ այնտեղի աշխատանքին: Ստարտափներն ԱՄՆ-ում կանցկացնեն մեկ ամիս:
Այս տարի ֆորումի մասնակիցների թվում շատ են նաև օտարերկրացիներ:
«Մասնակիցները կծանոթանան Սիլիկոնային հովտի նոր նախագծերին: Սիլիկոնային հովիտն ասես օդանավակայան լինի, որտեղով կարելի է թռչել և ծածկել ամբողջ աշխարհը»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի համար 2 տարին մեկ անգամ նման ֆորումի անցկացումն ինքնանպատակ է: «Ֆորումի անցկացումը երբեք ինքնանպատակ չի եղել: Մենք անում ենք սա, քանի որ կա անհրաժեշտություն»,- նշեց Հովիկ Մուսայելյանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ֆորումի ընթացքում ներկայացնելու է ինժեներական լաբորատորիաների ծրագիրը, արդեն արված և ապագայում սպասվող այլ ծրագրեր: Այս մասին հայտնեց միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Սիրարփի Աղաբաբյան