«Թուրքիայի բնակչության 30 տոկոսը սովի շեմին է. հազիվ են քնելուց առաջ երեխաներին մի կտոր հաց տալիս»
«Թեև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Թուրքիայի նախագահին հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի՝ խոչընդոտելու Բունդեստագում հայամետ բանաձևի քվեարկությունը, սակայն խիստ կասկածելի է՝ կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ»,-այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ հավելելով, որ Գերմանիայում խորհրդարանական կառավարման համակարգ է, և լիովին հնարավոր է, որ Բունդեստագը չենթարկվի կանցլերին:
«Այս անգամ կարծում եմ` Մերկելին չի հաջողվի դիմագրավել գերմանացի պատգամավորներին: Ենթադրում եմ՝ բանաձևը նման տեսքով կանցնի, քանի որ Գերմանիան այն երկիրը չէ, որ Թուրքիայի առաջ ընկրկի: Էրդողանի սանձարձակ հայտարարությունները վաղուց են զայրացրել Եվրոպային»,- ասաց թուրքագետը:
Անդրադառնալով Թուրքիայի ներկայիս և նախկին վարչապետների գործունեությանը, նշեց, որ ինչպիսի դրածո Դավութօղլուն էր, նույնպիսի դրածո է նաև նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը. «Դավութօղլուն այնքան թուլամորթ էր, որ վերջին պահին նույնիսկ չկարողացավ հրաժարական տալ: Եթե Թուրքիայում սահմանադրական փոփոխություններ լինեն ու նախագահական համակարգ հաստատվի, ապա վարչապետի պաշտոնն ինքնըստինքյան վերանում է: Այսինքն՝ Բինալի Յըլդըրըմը պետք է պայքարի, որ իր պաշտոնը լիկվիդացվի. կամազուրկ է»:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա նրա խոսքով՝ դրանք մնում են անփոփոխ, նախկինի նման լարված. «Ռուսաստանը Թուրքիային չի ների այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան ներողություն չի խնդրել ինքնաթիռի կործանման համար, փոխհատուցում չի վճարել և պատժել գործողության բոլոր պատասխանատուներին: Այդ ամենից հետո Դավութօղլուն Էրդողանից առաջ անցնելու համար, գլուխ գովելով՝ ասաց՝ ես եմ կարգադրել, որ հարվածեն: Էրդողանն էլ մի քանի ժամ հետո ասաց, որ ինքն է կարգադրել, ոչ թե Դավութօղլուն: Երբ Ռուսաստանը սկսեց կոշտ դիրքորոշում ցույց տալ, նահանջեցին ու նախ՝ Գլխավոր շտաբի պետին մեղադրեցին, հետո՝ Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարին, հետո՝ օդաչուին, իսկ հիմա չգիտեն՝ ում մեղադրեն»:
168.am-ի հարցին՝ Էրդողանի վերջին հայտարարությունը՝ ծնելիության բարձրացման վերաբերյալ, ի՞նչ էր նշանակում, որոշ փորձագետներ սա համարում են խալիֆին բնորոշ հայտարարություն՝ նշելով, որ խալիֆայություն ստեղծելու համար նաև կարևոր է բնակչության թիվը, նա պատասխանեց.
«Էրդողանը երբ խոսում է նախագահական համակարգի մասին, ասում է ՝ մենք թուրքական տարբերակն ենք կիրառելու: Թուրքիայի Հանրապետությունը հռչակվեց 1923թ. հոկտեմբերի 29-ին, փաստորեն, մինչ Օսմանյակ կայսրության խորտակումն այնտեղ սուլթան-խալիֆն էր միանձնյա կառավարում երկիրը: Այս մարդը շատ սանձարձակ հայտարարություններ է անում, չի հասկանում ՝ ինչ է խոսում: Էրդողանը էպիլեպսիայով է տառապում: Մի անգամ նա վատացել է, մի բժշկուհի օգնություն է ցույց տվել, հետո մի քանի ամիս անց բժշկուհու դիակը հայտնաբերել էին անտառում: Սպանել էր տվել, որ չիմացվի իր հիվանդության մասին: Բայց նրա հիվանդության մասին բոլորն էլ գիտեն: Ասում է՝ ամեն ընտանիք առնվազն երեք երեխա պետք է ունենա, բայց Թուրքիայում բնակչության 30 տոկոսը սովի շեմին է, ոչ թե՝ աղքատության: Հազիվ են քնելուց առաջ երեխաներին մի կտոր հաց տալիս: Երեք երեխային ո՞նց են պահելու»: