Արագ փոփոխովող աշխարհից` արագ փոփոխվող ճահիճ

Արագ փոփոխվող աշխարհ… Հիշո՞ւմ եք՝ ով էր սիրում այս արտահայտությունը։ Իհարկե, ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Աշխարհն իրոք արագ է փոխվում, բայց մի բան հաստատուն է ու երբեք չի փոխվում՝ Տիգրան Սարգսյանի սերն այդ փոփոխությունների մասին խոսելու նկատմամբ։ Տ. Սարգսյանն այդ մասին խոսում էր մինչև վարչապետ նշանակվելը, վարչապետության ընթացքում, և հիմա՝ ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում։

Այսպես, նախօրեին Աստանայում ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային խորհրդաժողովին, նա անդրադարձել է ժամանակակից մակրոտնտեսական մարտահրավերներին։ Իր ելույթում Տիգրան Սարգսյանը նշել է, որ վերջին 10-15 տարում աշխարհում տեղի են ունեցել մի շարք կարևոր փոփոխություններ, որոնք ազդել են մակրոտնտեսական վիճակի վրա։ «Նախ՝ մեծացել է փոփոխությունների ու անկանխատեսելիության արագությունը։ Շատ արագ է փոխվում ղեկավարների օրակարգը, առաջանում են նոր մարտահրավերներ և ռիսկեր, միաժամանակ՝ նոր հնարավորություններ»,- ասել է նա։

Այսինքն՝ այն ժամանակ Տիգրան Սարգսյանը խոսում էր արագ փոփոխությունների մասին, հիմա՝ փոփոխության արագության մասին։ Ըստ էության, մեծ տարբերություն չկա։

Գլխավոր տարբերությունը (փոփոխությունը) շեշտադրումներն են։ Եթե ժամանակին նա տարբեր փաստարկներով հիմնավորում էր, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը ոչ միայն աննպատակահարմար էր, այլև մեզ խնդիրների առաջ կկանգնեցներ, այսօր մեր խնդիրների լուծման ուղին տեսնում է հենց նույն կառույցին առավել խորը ինտեգրման մեջ։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ տարածաշրջանային ինտեգրումը պատասխան է ժամանակակից մակրոտնտեսական մարտահրավերներին. «Մասնավորապես, դրանով է այսօր զբաղվում Եվրասիական տնտեսական միությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Մեր գործունեությունն ուղղված է մեր երկրների մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացման հարցերում երկխոսության հաստատմանը, որպեսզի ապահովենք փոխգործակցությունը, կանխատեսելիությունն ու զարգացման կայունությունն ինֆլյացիայի նպատակային ցուցանիշներին հասնելու պայմաններում, ինչպես նաև՝ համատեղ պատասխանենք ժամանակակից մարտահրավերներին»։

Նա մի հետաքրքիր միտք էլ է արտահայտել՝ երբեմն թվում է, թե միայնակ հնարավոր է ավելացնել ներքին համախառն արդյունքի աճի պոտենցիալը, սակայն նման աճը կլինի անկայուն, ու տնտեսությունն ավելի շատ կենթարկվի արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցությանը։ Այսինքն, եթե Հայաստանը չինտեգրվեր Եվրասիական տնտեսական միությանը, չդառնար այդ կառույցի անդամ, ապա տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ։ Բայց դա բավարար չէ։ Պետք է ավելի խորը ինտեգրվել, թե չէ կարող է ավելի վատ լինել։

Հիմա Աստանայից տեղափոխվենք Երևան։ Մի քանի օր առաջ՝ մայիսի 23-ին, ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն Ազգային ժողովում ներկայացնում էր 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի հիմնական ցուցանիշները։ Նա ասում էր, որ թեպետ առաջադրանքները, որոնք նախատեսվել են, կատարվել են ամբողջությամբ, սակայն նշում էր՝ մակրոտնտեսական ցուցանիշներն այնքան էլ բարվոք չեն եղել։

Ջանջուղազյանն ասում էր, որ 2015թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 3%՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման և այլ գործոնների ազդեցությունը։ Հիմնական գործընկեր երկրները ԵՏՄ երկրները չե՞ն։ Եթե այո, ապա ստացվում է՝ ԵՏՄ-ին անդամակցությունը մեզ ոչ թե ուժեղացնում է ու բարձրացնում մեր դիմադրողականությունը, այլ թուլացնում։ Ստացվում է՝ մենք մտել ենք մի կառույց, որտեղից գալիս են այդ անբարենպաստ գործոնները։

Եվս մեկ թարմ, տեղական օրինակ. ՀՀ Պետական եկամուտների նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, armtimes.com-ի հետ խոսելով ԵՏՄ-ից ստացվող մաքսային եկամուտների մասին, ասել է՝ ԵՏՄ մաքսային եկամուտներից ավելի շատ ակնկալիք ունեինք, հատկապես՝ 2015թ.։ «Այդ ընդհանուր եկամուտներից Հայաստանին բաժին հասած 1,13 տոկոսը մեզ շատ ավելի եկամուտ պետք է տար, բայց Ռուսաստանի տնտեսական վիճակի, այդ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդյունքում՝ նույն ԵՏՄ-ի ֆոնդը սպասվածի չափ չմեծացավ։ Իսկ այս տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատական առումով՝ անգամ քիչ ենք ստացել»։

Իսկ հարցին, թե այնուամենայնիվ, հարկային և մաքսային եկամուտների առումով ԵՏՄ-ին անդամակցելն արդարացրե՞ց իրեն՝ Ալավերդյանը դիվանագիտական պատասխան է տվել՝ մենք դեռևս պետք է համբերատար լինենք ու սպասենք։

Այսինքն՝ բացասական ազդեցությունն ակնհայտ է, դրական ակնկալիքներ էլ դեռ երևան չեն գալիս՝ դեռ պետք է սպասել։ Էլի սպասենք, բայց… չէ՞ որ աշխարհն արագ է փոխվում։ Ավելի արագ, քան նախկինում։ Ու մինչ մենք սպասում ենք, որ նավթի գները բարձրանան, ու Ռուսաստանի տնտեսությունը ոտքի կանգնի, աշխարհում արդեն արևից լիցքավորվող էներգիայով հագեցած թաղամասեր են կառուցում։

Ամենաուշագրավն այն է, որ մինչ մենք լիահույս ու համբերատար սպասում ենք Ռուսաստանի տնտեսական վիճակի բարելավմանը, ռուսներն իրենք իսկ դրան չեն հավատում։ Օրեր առաջ ՏԱՍՍ գործակալությունը հրապարակել էր ՌԴ նախագահին կից Տնտեսական խորհրդի նիստից որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության զեկույցը, որում ասվում էր. «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ անգամ նավթի բարձր գների դեպքում՝ մեկ բարելի դիմաց 50 դոլարից ավելի, աճի նախկին տեմպին՝ 5-7%-ին վերադառնալը գործնականում անհնար է»։
ՌԴ ՏԶՆ մասնագետների կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսության պոտենցիալ աճի տեմպը տատանվում է 2%-ի սահմաններում, սակայն այն կարելի է ավելացնել առավելագույնը մինչև 4%, այն էլ՝ միայն լուրջ բարեփոխումների դեպքում։

Իսկ ինչով էր պայմանավորված ռուս տնտեսագետների հոռետեսությունը։ Ինչպես նշում էր ՏԱՍՍ-ը, գերատեսչությունը պարզաբանել է, որ այդ գնահատականը պայմանավորված է համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գլոբալ կառուցվածքային փոփոխություններով։ Փոփոխություններով։ Թերևս, ավելի ճիշտ կլինի ասել՝ արագ փոփոխություններով։ Ու գալիս ենք Տիգրան Սարգսյանի մտքին՝ աշխարհը փոխվում է։ Տարբերությունն այն է, որ այդ փոփոխությունները ոչ թե՝ ի օգուտ Ռուսաստանի են (հետևաբար նաև՝ ի օգուտ մեզ), այլ՝ հակառակը։ Որովհետև մենք ոչ թե արագ փոփոխվող աշխարհի մեջ ենք, այլ լճացած վիճակի (կամ ճահճի)։
Ու գնալով խրվում ենք դրա մեջ։ Կամ, եթե կուզեք, ինտեգրվում։

Տեսանյութեր

Լրահոս