«Ադրբեջանը միանշանակ փորձելու է հասնել նրան, որ որոշակի տարածքներ վերադարձվեն՝ անկախ մյուս գործոններից». Բորիս Նավասարդյան
Ե՛վ ՀԱՊԿ-ի, և՛ ԵԱՀԿ-ի շուրջ ստանձնած պարտավորությունները չեն կատարվելու Ռուսաստանի կողմից, եթե հակասության մեջ են մտնելու նրա պետական շահերի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Մինչև բանակցությունների հաջորդ փուլը, եթե այն տեղի ունենա հունիսին, երևի ամենակարևոր խնդիրը կայանում է նրանում, թե այս մարտավարական պայքարում (հիմա մարտավարական պայքար է տեղի ունենում) կկարողանա՞ խուսափել բանակցությունները տապալողի կարգավիճակից, քանի որ բանակցություններ տապալողը, իսկ հավանականությունը բավական մեծ է, որ կտապալվեն, միջազգային հանրության մոտ լուրջ պատասխանատվության առջև կկանգնի: Բնականաբար, նրա դիրքերը՝ հակամարտության հետ կապված հետագա զարգացումներում, բանակցություններում, կթուլանան: Իմ կարծիքով՝ Հայաստանը պետք է ամեն կերպ ցույց տա, որ կառուցողական մոտեցում ունի բանակցություններին, բայց այդ կառուցողական մոտեցումն արդյունք չի տալու, եթե չկիրառվեն մոնիտորինգի մեխանիզմները շփման գծում և ընդհանրապես նաև հայ-ադրբեջանական սահմանին: Հայաստանը՝ որպես կողմ, պիտի համոզիչ լինի՝ ասելով, որ, եթե այդ մեխանիզմները չձևավորվեն, ապա մյուս բոլոր պարտավորությունները, համաձայնությունները ռիսկի տակ են լինելու, և քիչ հավանական է, որ կիրականացվեն»,- ասաց նա:
Բ. Նավասարդյանի խոսքով՝ պետք է հիշել սկզբունքը, որը հետևյալ ձևակերպումն ուներ՝ պետք է լինի փուլային մոտեցում, բայց ամեն փուլը պետք է իրենից փաթեթ ներկայացնի: Դա, ըստ նրա՝ նշանակում է, որ ցանկացած փուլում, երբ երկու կողմերն իրենց վրա փոխզիջումային մոտեցումների հիման վրա պարտավորություն են վերցնում, պիտի հավասարապես շահի և կորցնի այդ փուլի ընթացքում, որպեսզի նույնիսկ, եթե ինչ-ինչ զարգացումներ խանգարեն հետագա փուլերի իրականացմանը, գոնե այդ փուլի ավարտից և շարունակության բացակայությունից հետո ոչ ոք իրեն խաբված չզգա: «Դա շատ կարևոր մոտեցում է, որը կառուցողական մոտեցում կհաղորդի ամբողջ բանակցային գործընթացին»,- ասում է նա:
Բորիս Նավասարդյանն ասաց, թե կան երկրորդական պլանի խնդիրներ, որոնք Հայաստանի համար կարևոր են՝ որպես դասեր: Նրա խոսքով՝ առաջին դասը, որ Հայաստանը պետք է այս ամենից քաղի, այն է, որ որևէ գործընկերոջ իդեալականացումը խանգարում է մեզ հասնել մեր նպատակներին. «Մենք ականատես էինք՝ ինչպես էր Հայաստանն իդեալականացնում Ռուսաստանին՝ որպես իր անվտանգության հիմնական երաշխիքի, և տեսանք՝ ինչպիսի հիասթափություն ապրեց մեր հասարակությունն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Հասարակության, լրատվամիջոցների մի մասն ընկան մի ծայրահեղությունից մյուսը. մինչ այդ՝ միակ գործընկերն է, մեր ամեն ինչի երաշխիքն է, հետո՝ դավաճան, և այլն, և այլն: Պիտի հասկանանք մի պարզ բան, որի մասին նաև շատ է խոսվում՝ չկա աշխարհում որևէ գերտերություն, որը մեզ նման փոքր երկրների հոգսերը լիովին կվերցնի իր ուսերի վրա, կապահովի անվտանգություն, տնտեսական բարեկեցություն և այլն: Այդպիսի երկիր չկա և տեսականորեն չի էլ կարող լինել: Այնպես որ, պետք է շատ հանգիստ վերաբերվել նրան, որ Ռուսաստանն իր շահերին համապատասխան է իրականացնում իր քաղաքականությունն այստեղ: Պետք է հասկանալ նաև, որ որևէ պարտավորություն, որն արձանագրված է տարբեր համաձայնագրերում, չի աշխատում, եթե հակասում է գերտերության շահերին: Ե՛վ ՀԱՊԿ-ի, և՛ ԵԱՀԿ-ի շուրջ ստանձնած պարտավորությունները չեն կատարվելու Ռուսաստանի կողմից, էլ չեմ ասում Եվրասիական միության այլ երկրների մասին, եթե հակասության մեջ են մտնելու իրենց պետական շահերի հետ: Պետք էլ չէ ակնկալել, պետք է իրատեսորեն մոտենալ և հասկանալ, որ միայն այն դեպքում մենք կարող ենք որևէ օգուտ ստանալ Ռուսաստանից, երբ դա համապատասխանելու է իր շահերին, իսկ դա հստակ հաշվարկել, հասկանալ է պետք»:
Երկրորդ դասը, ըստ նրա՝ պետք է լինի, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ ձվերը նույն տեղում պետք չէ դնել, պետք է ունենալ այլընտրանք, այլընտրանքային հնարավորություններ, գործընկերներ: Մենք փաստորեն հրաժարվել էինք այդ քաղաքականությունից, և նույնիսկ որոշ գործընկերների հետ վատթարացրել մեր հարաբերությունները: Ըստ Բորիս Նավասարդյանի՝ երրորդ դասն այն պետք է լինի, որ ինքնուրույն քաղաքականությունը նպաստում է նրան, որ դիմացինը լուրջ և ավելի պատասխանատու լինի քո նկատմամբ:
«Դրա դրսևորումները մենք տեսնում ենք նույնիսկ այս վերջին օրերին: Այսինքն՝ նրանից հետո, երբ մեզ մոտ ոչ այնքան լավ ընդունեցին Լավրովին, որ բավականին կոշտ հայտարարություններ էին հնչում մեր բարձրաստիճան պաշտոնյաներից Ռուսաստանի նկատմամբ, մենք տեսանք, որ դրա արդյունքում ոչ թե պատժվեցինք, այլ հակառակը՝ Ռուսաստանը որոշակի քայլեր կատարեց, որպեսզի վերականգնի իր համբավը Հայաստանում: Խոսքը այն մասին է, որ կարծես թե 200 մլն-անոց սպառազինությունը կամ գալիս է, կամ շուտով կհասնի Հայաստան՝ այն դեպքում, երբ մինչև այդ շատ անորոշ էր՝ երբ է սկսվելու մատակարարումը, ինչպես նաև՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին գազի մատակարարման մաքսատուրքի հանման մասին: Ինչո՞ւ չէ՝ խոսքը նաև «Եվրատեսիլում» ռուսական ժյուրիի կողմից Հայաստանին 12 միավոր տալու մասին է: Իսկ ժյուրին հանդիսատեսը չէ, հեռուստադիտողը չէ, ժյուրին պետությունն է. ում պետությունն ասում է, նրան էլ ժյուրին ձայները տալիս է մեզ նման երկրներում: Ե՛վ Ռուսաստանում է այդպես, և՛ Հայաստանում, և մենք տեսանք նաև Հայաստանի ժյուրիի գնահատականները՝ ընդամենը երկու միավոր Ռուսաստանին, բայց որ շատ չնեղանա, զրո միավոր Ուկրաինային: Այս ամենը շատ լավ հաշվարկված է, և բոլոր մեսիջները բոլորին պարզ են»: Բորիս Նավասարդյանի խոսքով՝ մենք պետք է վերանայենք Եվրասիական միության հետ մեր պարտավորությունները:
Անդրադառնալով Վիեննայում նախագահների հանդիպումից որոշ ժամանակ անց սահմանի լարվածության թուլացմանը, Բորիս Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ սա հավանաբար իր ասածի շարունակությունն է, որ Հայաստանի և Ադրբեջանի մարտավարությունը այնպիսին պիտի լինի, որ ապացուցեն բանակցությունների պատրաստ լինելը, դրա ետևում ցանկություն կա՝ առաջ տանել այն, ինչ իրենց է ձեռնտու. «Ադրբեջանը միանշանակ բանակցություններում փորձելու է հասնել նրան, որ որոշակի տարածքներ վերադարձվեն՝ անկախ մյուս գործոններից: Դրանից պակաս բան ինքն այսօր չի ակնկալում»: Հարցին, թե ո՞րն է նման հույսերի հիմքը, նա պատասխանեց, որ հիմք են հանդիսանում տարբեր արտասահմանյան պաշտոնյաների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հայտարարությունները, որ տարածքների զիջումը կարևոր բաղադրիչ է հակամարտության հաղթահարման համար, ինչո՞ւ չէ, նաև Հայաստանի որոշ պաշտոնյաների հայտարարությունը, որ չեն բացառում, որ դա կարող է լինել: