Էդելգարդ Բուլմահնին ներկայացնում է հայկական կողմի հետ ունեցած հանդիպման մանրամասները

«Կարծում եմ՝ Հայաստան և Գերմանիա պետությունների միջև կան շատ խորը և արդյունավետ կապեր»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնին:

Նա նշեց, որ մեծ սիրով է ընդունել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերը: Նրա խոսքով՝ իրենց հանդիպման առանցքային կետերից մեկը «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հակամարտությունը»:

Էդելգարդ Բուլմահնին տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ ինքը Գերմանիայի Բունդեստագի անունից շեշտել է, որ Գերմանիայի խորհրդարանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնց արդյունքում վերջերս ձեռք բերվեց հրադադարի պահպանման պայմանավորվածություն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև:

«Մենք համոզված ենք, որ այս հակամարտությունը չի կարող և չի լուծվի ռազմական ճանապարհով: Ուստի, մենք կոչ ենք անում, որ երկու կողմերը պահպանեն հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Մշտադիտարկման մեխանիզմների հաստատումը շփման գծում շատ կարևոր նախապայման պետք է լինի հակամարտության հետագա թելադրումը կանխելու գործում: Այս մշտադիտարկման գործընթացի լրացուցիչը կկազմի նաև ԵԱՀԿ գրասենյակի մեծացումը տարածաշրջանում՝ խաղաղության հաստատման համար: Ուստի հույս ունենք, որ առաջիկայում՝ հունիսին կայանալիք հանդիպումները նույնպես արդյունավետ կլինեն այս ուղղությամբ»,- նշեց Բունդեստագի փոխնախագահը:

Նա հայտնեց, որ Գերմանիայի ցանկությունն է՝ տարածաշրջանում կանխել նորանոր իրավիճակների թեժացումները. «Քանի որ Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը, Գերմանիայի արտգործանախարար Շտայնմայերն իր ջանքերը կներդնի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»:

Էդելգարդ Բուլմահնին հայտնեց, որ երկրորդ առանցքային թեման, որ քննարկվել է այսօր, վերաբերում է Բունդեստագի Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալ-դեմոկրատական խմբակցության և Կանաչների կողմից մշակված բանաձևին. «Նախատեսված է, որ այս փաստաթուղթը կընդունվի Գերմանիայի Բունդեստագում հունիսի երկուսին: Այս բանաձևում առաջին հերթին՝ կդատապարտվեն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած քրիստոնյա ժողովրդի տեղահանություններն ու ջարդերը, կարծում ենք, որ առաջին հերթին՝ կարևոր է մշտարթուն պահել հիշողությունը»:

Բունդեստագի փոխնախագահի ելույթից հետո Է. Շարմազանովն ասաց, որ կարծում է՝ մոնիտորինգի մեխանիզմները ներդնելուց հետո այլևս կարիք չի լինի կողմերին կոչ անել, այլ կարիք կլինի կոչ անել նրան, ով խախտել է հրադադարը:

Տեսանյութեր

Լրահոս