Բաժիններ՝

«Պետք է ուրախանալ, որ պաշտոնյաները հայտարարագրերում միլիոններ են գրանցում». Արմեն Ալավերդյան

Կոռուպցիայի դեմ պայքարում վերջնաժամկետ չկա, իսկ շոշափելի արդյունքները երկարաժամկետ շրջանում են դրսևորվում: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: Նա նշեց, որ եթե պետական ապարատը պաշտպանված չէ սոցիալապես, աշխատավարձերի մակարդակը բարձր չէ, որ պաշտոնյաների անձնական կարիքները բավարարի, ապա այդ ռիսկը մշտապես լինելու է:

«Դա պատճառներից մեկն է, բայց առանձին դեպքերում նույնիսկ բարձր վարձատրություն ստացողը կարող է գնալ այդ քայլին: Ուրեմն՝ պետք է, որ այդ ոլորտում պատասխանատվությունն ավելի հասցեական դարձնենք»,- ասաց Ա.Ալավերդյանը:

Անդրադառնալով շատ պաշտոնյաների հայտարարագրած միլիոններին` ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ պետք է ուրախանալ, որ պաշտոնյաները հայտարարագրերում միլիոններ են գրանցում, դա ավելի թափանցիկության նշան է, և ավելի վատ և վտանագավոր է այն դեպքը, երբ պաշտոնյան միլիոններ ունի, բայց չի հայտարարագրում:

Ըստ նրա` իր մոտ հարցեր առաջանում են, թե որտեղի՞ց այդ գումարը, բայց խորհուրդ տվեց չմտածել, թե պաշտոնյաներն այդքան անմիտ ու անգետ են, որ առանց հիմքերի կարող է պատահել մեծ գումար հայտարարագրեն: Ա.Ալավերդյանի խոսքով` օրենքով հին եկամտի աղբյուրի հրապարակման մասին պահանջ չկա, իսկ այսօրվա եկամտի դեպքում նման պահանջ կա:

«Ես այդ կոռուպցիան տեսնում եմ այնտեղ, որ պաշտոնյա կա, որ կարողանում է այդ հայտարարագրված 2 մլն դրամով իր ընտանիքը պահել: Ես գտնում եմ, որ այդտեղ ավելի շատ կոռուպցիա կա,- ասաց Ա.Ալավերդյանը և շարունակեց,- Պետական չինովնիկը պետք է միանշանակ պատրաստ լինի այդ հարցերը և´ լսելու, և´ պատասխանելու, և´ դրանց տակից դուրս գալու»:

Նա նշեց, որ մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ եթե որևիցե մեկին դատեն կամ աշխատանքից ազատեն, հարցը կլուծվի, օրինակ` Չինաստանում ոչ միայն դատում են, այլև գլխատում են, 400 հազար մարդ էլ պատասխանատվության է ենթարկվել. «Ես գիտեմ և´ Մոնտենեգրոյում ինչ է կատարվում, և´ Չինաստանում, և´ Հայաստանում: Մենք գտնում ենք, որ եթե մեզ մոտ գործառույթների հստակություն անենք, տեսուչներին հնարավորություն տանք ինչքան հնարավոր է քիչ շփվեն տնտեսվարողների հետ, իրենց նյութական վիճակը բարելավենք, մենք այդ ֆոնը բավականին կոխենք»:

Նա խորհուրդ տվեց բիզնեսից հարցնել, և հավաստիանալ, որ արդեն հաջողվել է սառույցը կոտրել: Ա.Ալավերդյանի կարծիքով` կոռուպցայի դեմ պայքարը պետք է լինի համակարգային և պետք չէ տանել անձնական դաշտ: Ա.Ալավերդյանն օրինակ բերեց իր եկամուտները, որ տարեկան 15 մլն դրամ է, որիս 8.5 մլնը աշխատավարձն է, մնացածը բանկային եկամուտներն են. «Ես իրականում իմ վարձատրությունից գոհ եմ: Մեր ընտանիքում միայն ես չեմ, 4 հոգի էլ աշխատում են»:

Իր նախկին ղեկավար, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին Ա.Ալավերդյանը նշեց, որ նա իր հայտարարագրում արտացոլել է եկամուտներ, որոնք պետական պաշտոնյաների եկամուտներից անհամեմատ բարձր են, բայց նա բացատրություններ է տվել, թե ինչու:

«Եթե եկամուտները օրինական ճանապարհով ստացված եկամուտներ են, ժառանգել են, ստեղծել են, ունեցել են և, այսպես ասած, ինքնաբավ են, այդ պաշտոնյաները կարող են արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ: Չեմ ընդունում այն հանգամանքը, որ պետական չինովնիկը, չունենալով եկամտի որևէ այլ աղբյուր, կարող է վարել ամենաթանկ ավտոմեքենաներից: Հարց է ծագում` որտեղի՞ց էդ եկամուտը: Մեր հասարակության մեջ մենք կոնկրետ պետք է իմանանք պաշտոնյաների հարստության չափը, փորձենք խորանալ աղբյուրների մեջ` որտեղից է եկել, և փորձենք ֆիքսենք` հետագա պաշտոնավարման ընթացքում դա ավելանո՞ւմ է, թե՞ ոչ»:

«Հայաստանում բիզնեսով զբաղվող պաշտոնյաներ կան, բայց իրենք այնքան խելացի են, որ դա բաժնետիրացման միջոցով են անում»,- անկեղծացավ ՊԵԿ փոխնախագահը:

Ա.Ալավերդյանը չհամաձայնեց, որ ՊԵԿ համակարգ մտնում են կոռուպցիոն ճանապարհով փող աշխատելու համար. «Ցակացած մարդ կարող է դիմել ու մրցույթի մասնակցել: Հիմա էդ ժամանակներն անցե՜լ են: Մարդը դառնում ա լրագրող, մարդը դառնում ա հարկային աշխատող, ուսուցիչ, աշխատատեղ ա, մարդկանց մի կատեգորիա կա, որ սիրում ա տեսուչ աշխատել, ստուգող աշխատել»: Ըստ նրա` համակարգում պետք է երևույթները հերթով լուծելով տարիների ընթացքում առաջ գնալ, օրինակ` էլեկտրոնային հաշվետվության համակարգի ներդրումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս