Բաժիններ՝

«Ճանապարհին ադրբեջանցիները դարանակալել էին ու երկուսին էլ գլխատել»

karabakh-open.info. «Չկարողացավ առանց իր հողի ապրի, եկավ իր հողի գերին ու թողեց մեզ ցավի մեջ»,- պատմում է ապրիլյան պատերազմի զոհերից մեկի՝ Հրանտ Ղարիբյանի կինը՝ Ռայան։

Ղարիբյանների ընտանիքն ապրում էր Ադրբեջանի Բարդա քաղաքում, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը։ Հրանտը փոխանակեց իր ավտոտնակը ադրբեջանցու «կամազ» մակնիշի բեռնատարի հետ, տեղափոխվեցին Ղարաբաղ՝ սկզբից Մատաղիս, ապա՝ Ստեփանակերտ։ «Ասում էր՝ պիտի իմ հայրական տանն ապրեմ։ Մեր բոլոր բարեկամները Ռուսաստան տեղափոխվեցին, բայց նա չէր ուզում ծնողների գերեզմանն անտեր թողնել»։

19 տարի Ստեփանակերտում վարձով ապրելուց հետո, երբ արդեն մարել էր բնակարան ստանալու հույսը, Ղարիբյանները նորից վերադարձան Մատաղիս։ «Մեծ տնային տնտեսություն ունենք գյուղում, սիրում էր իր այգին, տասնյակ ծառեր է տնկել եւ փորձում էր իր մանկության այգին տնկեր՝ հարուստ տանձի ծառերով»,- ասում է տիկին Ռայան։
Ղարիբյանների այգին գյուղի երեւելի այգիներից է՝ կոկիկ ու ծառաշատ, կնոջ խոսքերով, հարեւանները բարի նախանձով էին նայում իրենց տանը, իսկ իրենք՝ ամուսին ու կին մտածում էին երջանիկ ծերութան մասին։

Նրանցից եւ ոչ ոք չէր սպասում, որ ապրիլի 2-ը կդառնա հերթական տեղահանման օր։ Այժմ Ռայայի խոսքով՝ կրկնակի փախստական է։ «Ապրիլի 2-ի գիշերն էր, կրակոցների ձայներ լսեցինք, հետո ձայներն ուժեղացան, տղաս թոռանս գրկեց, դուրս եկանք, հարեւանի հղի հարսի հետ հասանք Ստեփանակերտ, Հրանտը մնաց Մատաղիսում»,- պատմում է տիկին Ռայան։

Ապրիլի 2-ին Հրանտին վերջին անգամ տեսավ, մի քանի անգամ խոսեցին, հետո արդեն ուշ երեկոյան իմացավ, որ ամուսինն էլ չկա։ «Հայկի՝ տղայիս, ընկերն ասաց, որ տեսել է, թե ինչպես է Հրանտը սնարյադ բեռնած Թալիշ բարձրանում։ Իրենց աֆիցերի հետ էր՝ Թորոյան Հայկի։ Ճանապարհին ադրբեջանցիները դարանակալել էին ու երկուսին էլ գլխատել»,- պատմում է Ռայան։

5155

Նա չէր էլ մտածում, որ կյանքում տեսած ամեն փորձությունից դուրս եկած, պատերազմի ամենածանր մարտերից, բեկորային տասնյակ վնասվածքներից հետո, ամուսինն այս անգամ ողջ տուն չի գա։ 1990-ականներին էլ, երբ Թալիշն ու Մատաղիսը հայտնվել էին հակառակորդի հրետակոծության տակ, իրենք վերջինն էին, որ գյուղից դուրս եկան։ Այն ժամանակ էլ Հրանտը մնաց գյուղում եւ «սնարյադի» մեքենայով իրենց քաղաք ուղարկեց։

Հրանտը 68 տարեկան էր, բայց շարունակում էր ծառայել բանակում։ «Դեռ Բարդայում իրեն «մեքենաների հեքիմ» /բժիշկ-հեղ․/ էին ասում, լավ մասնագետ էր, դրա համար մինչեւ հիմա աշխատում էր։

Մատաղիսում նրան բոլորը «дед» էին ասում։ Տարիքով էր, անգամ զորամասի հրամանատարն էր «дед» կոչում»,- ասում է տիկին Ռայան։

Երիտասարդ տարիներին Հրանտը, կնոջ պատմելով, շատ էր նման ռուս հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչին՝ շիկահեր, սպիտակամորթ ու կապուտաչյա։ Յակուբովիչ մականունը ստացած Հրանտը ղարաբաղյան շարժման ժամանակ Աղդամից ուտելիք էր գնում հայ զինվորների համար եւ ոչ մի ադրբեջանցի երբեք չէր կասկածում, որ նա հայ է։

«Վարժ տիրապետում էր ադրբեջաներենին ու ռուսերենին։ Շատ ադրբեջանցի ընկերներ ուներ, մինչեւ 1994թ․ իր ընկերները լոլիկ էին բերում սահմանի մոտ, տալիս իրեն։ Հիշում եմ, երբ կեսուրս մահացել էր, էստեղ շաքար էլ չկար, ընկերները կոնֆետ բերեցին սահմանին տվեցին իրեն»,-ասում է Ռայան ու հիշում ամուսնու խոսքերը՝ «թուրքն ինձ ձեռք չի տա։

5153

«Ո՞վ իմանա որ, թուրքը քեզ կտոր-կտոր կանի։ Գոնե իմանայինք, որ հանգիստ է մահացել, բայց ո՞վ գիտի ինչ տանջանքներ է տարել»,-ասում է կինը։

Վաստակավոր վարորդն ամռանը պետք է զինվորական թոշակի անցներ, սեփական այգում, իր տնկած ծառերի տակ, թոռների հետ անցկացներ իր անհոգ ծերությունը, որսորդությամբ զբաղվեր, բայց «հեքիմը» մինչեւ կյանքի վերջին րոպեն անցկացրեց բեռնատարի ղեկին, զենք պիտի հասցնեին զինվորներին։

Տիկին Ռայան որերորդ անգամ զրկվեց իր տնից, հիմա Ստեփանակերտում բարեկամներից մեկի տանն է ապրում, որդին բազմազավակ է, նրանց մոտ ապրելը դժվար է։ «Ես անելանելի դրության մեջ եմ, նախագահականից քանի անգամ ենք նամակ ստացել, որ ձեր տան հարցը ընթացքի մեջ է, բայց ոչ մի լուր, հիմա էլ տունս մնաց Մատաղիսում։ Ես էլի կվերադառնամ, բայց ինչպե՞ս համոզված լինեմ, որ պատերազմը չի շարունակվի»,- հարցնում է նա։

5151
Երջանիկ ծերության սկիզբը պիտի ազդարարեր սեփական բակում հովհարով ճոճանակը, որ ինչպես Հրանտն էր անվանում Ռայային՝ «բաբոն» չհասցրեց բերի, չհասցրին նաեւ իրենց բակի ծաղկած ծառերը ջրել, հիմա ո՞վ գիտե, ինչ կլինի իրենց տան ու այգու հետ։

Մարիամ Սարգսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս