Ինչպես են իրենց դրսևորել ՀՀ եվրապարտատոմսերը ապրիլյան պատերազմի օրերին
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 20-ին ԱԺ-ում խոսելով ապրիլյան պատերազմի հետ կապված միջազգային շուկաների անդրադարձի մասին՝ նշել էր, որ դա լավագույնս արտացոլվում է եվրապարտատոմսերի հետ կատարվող փոփոխությունների միջոցով: «Դա որևէ կերպով չանդրադարձավ եվրապարտատոմսերի վրա, հակառակը` շտկվեց իրավիճակը»,- ասել էր Ա.Ջավադյանը` հավելելով, որ այդ իրադրությունը հակառակը՝ լուրջ բացասական ազդեցություն ունեցավ Թուրքիայի պարտատոմսերի և Ադրբեջանի պարտատոմսերի վրա:
Բացասական ազդեցություն ասելով՝ պետք է հասկանալ եկամտաբերության աճը։ Այսինքն, ըստ ԿԲ նախագահի՝ ապրիլյան պատերազմի ընթացքում (և դրան հաջորդող ժամանակահատվածում) հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերությունը ոչ միայն չի բարձրացել, այլ հակառակը՝ նվազել է։
Սակայն Ֆրանկֆուրտի բորսայի տվյալները հակառակի մասին են վկայում։
Օրինակ, Հայաստանի 2-րդ թողարկման եվրապարտատոմսերի եկամտաբերությունը աճել է (հիշեցնենք, որ 500 մլն դոլար ծավալով պարտատոմսերը տեղաբաշխվել են 2015 թվականի ապրիլին՝ 10 տարի մարման ժամկետով և 7.15% կուպոնային եկամտաբերությամբ։
Ապրիլի 1-ից 5-ը ՀՀ պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացել է 0.174 տոկոսային կետով՝ 7.3327%-ից հասնելով 7.507%-ի։ Այսինքն՝ ազդեցությունը եղել է բացասական։
Դրանից հետո եկամտաբերությունը նվազել է՝ ապրիլի 20-ին հասնելով 7.2473%-ի։ Սակայն մայիսի 20-ի դրությամբ հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերությունը 7.6973% էր՝ ավելի բարձր, քան ապրիլի 1-ին։
Առաջին թողարկման հայկական պարտատոմսերի դեպքում պատկերը նույնն է. դրանց եկամտաբերությունը նույնպես աճել է՝ 6.2122%-ից (ապրիլի 1-ին) հասնելով 6.5697%-ի (մայիսի 20-ին)։
Ադրբեջանի դեպքում գրեթե նույն դինամիկան է՝ ապրիլի 1-ից 5-ը պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացել է 0.3423 տոկոսային կետով։ Ազդեցությունը եղել է բացասական ու փոքր-ին ավելի խորը, քան մեր դեպքում։ Դրանից հետո նրանց պարտատոմսերի եկամտաբերությունը մի թեթև նվազել է և կայունացել և ապրիլի 20-ի դրությամբ հասել 8.1301%-ի։
Իսկ մայիսի 20-ի դրությամբ ադրբեջանական եվրոպարտատոմսերի եկամտաբերությունը 7.4857% է, ավելի ցածր, քան մերը։
Ինչ վերաբերում է թուրքական պարտատոմսերին, դրանց եկամտաբերությունը ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում գրեթե չի փոխվել։ Ապրիլի 20-ի դրությամբ նվազել է մինչև 2.8776%։ Իսկ մայիսի 20-ի դրությամբ 3.0072% է։