Բաժիններ՝

«Կարծում եմ՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը նվազագույնը 3 դրամի սահմաններում պետք է իջնի». Միքայել Մելքումյան

«Եթե կամք լինի՝ այդ բոլոր ռեզերվները հաշվի առնելու, մենք կարող ենք ևս 6-7 դրամով իջեցնել գազի սակագինը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով գազի սակագինն 9.3 դրամով իջեցնելու մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ մինչև այս ամսվա վերջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նիստ կգումարվի, որպեսզի որոշում կայացվի գազի սակագինն 9.3 դրամով իջեցնելու մասին: ՀԿԾՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հայտնել է, որ գազի գինն իջեցնելու առաջարկ է ներկայացրել «Գազպրոմ-Արմենիան»՝ հիմնվելով անցած ամիս Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված գազային նոր համաձայնագրի վրա:

Մ. Մելքումյանը նկատեց, որ դա սահմանում գազի գինը 165 դոլարից 150 դոլար դառնալու հետևանք է: «Ես մի անգամ ասել եմ, որ դա որևէ արտոնություն չէ Հայաստանի համար, աշխարհում գազի գներն իջնում են: Ես կարծում եմ՝ սա ամենանվազագույն չափն է, կարելի էր մոտավորապես 2 անգամ էլ իջեցնել, այսինքն՝ 15-16 դրամ էլ իջեցնել՝ հաշվի առնելով այն ռեզերվները, որոնք կարող են հիմք հանդիսանալ այդ 9.3-ից ավելի իջեցնելու համար: Եթե կամք լինի՝ այդ բոլոր ռեզերվները հաշվի առնեն, մենք կարող ենք ևս 6-7 դրամով իջեցնել»,- նշեց տնտեսագետը:

Նրա գնահատմամբ՝ գազի սակագնի նվազումն ազդեցություն կունենա նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա, որովհետև, նրա խոսքով, մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 1/3-ից ավելին արտադրում են ջերմային էլեկտրակայանները, որոնք աշխատում են գազով. «Եթե գազի գինն իջնի, բնականաբար, էլեկտրաէներգիայի սակագնի վրա էլ պետք է ազդեցություն ունենա»:

Կարդացեք նաև

Մ. Մելքումյանի կարծիքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) նոր սեփականատերը որոշակի դրական աշխատանքներ կատարում է՝ կորուստների իջեցման մասով. «Մոտավորպես 2 տոկոսով արդեն իջեցրել է կորուստը, որը մոտավորապես 5 միլիարդ դրամ է կազմում: Արդեն նաև մենք սպասում ենք էլետրաէներգիայի սակագնի իջեցում, կարծում եմ՝ օգոստոսի 1-ից էլետրաէներգիայի սակագինը նվազագույնը 3 դրամի սահմաններում պետք է իջնի»:

Խոսելով այն մասին, թե որքանո՞վ է հավանական, որ գազի սակագնի 9.3 դրամով իջեցման շնորհիվ որոշ ապրանքատեսակների գնանկում կլինի, տնտեսագետն ասաց, որ դեռ վաղ է գնահատականներ տալը:

«Հատկապես դա մեծ ազդեցություն կունենա էներգատար ոլորտներում, ասենք, ցեմենտի, գաջի արտադրությունում, ջերմոցային տնտեսություններում, և մի շարք այլ ոլորտներում, բայց այն, որ իր ազդեցությունը կունենա, միանշանակ, թե գնի վրա ինչպե՞ս կանդրադառնա, չգիտեմ, բայց որ շահութաբերության վրա դրական իմաստով կազդի, դա փաստ է»,- նշեց Մ. Մելքումյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս