Վիեննայի բանակցությունների գլխավոր ուղերձներն ու արդյունքները

168.am–ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործուն ջանքերի արդյունքում հանդիպեցին հակամարտող երկրների նախագահները` ԵԱՀԿ եռանագախագող երկրների արտգործնախարարների հովանու ներքո, համանախագահների մասնակցությամբ: Տարածված տեղեկատվության համաձայն ` ձեռք է բերվել պայմանավորվածություն՝  քայլեր ձեռնարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Հաշվի առնելով նաև այն, որ նախագահներն առանձին–առանձին հանդիպումներ ունեցան Ֆեդերիկա Մոգերինիի և Ջոն Քերիի հետ՝ ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում Վիեննայում կայացած բանակցությունները: Ի՞նչ արդյունքներով, ըստ Ձեզ՝ դրանք ավարտվեցին հայկական կողմի համար:

– Մի քանի դիտարկում պետք է անել` Վիեննայի բանակցութjունները գնահատելիս: Առաջին հերթին` այս հանդիպումները կարևոր էին բանակցությունների վերսկսման տեսանկյունից, կարևոր էր, որ դիվանագետները սկսեին դիվանագիտական գործընթացը և Վիեննայի հանդիպումը, պարզ է, որ դիվանագիտական գործընթացը փոքր-ինչ թարմացրեց:

Երկրորդ` կարևորն այն էր, որ արտաքին գործերի նախարարները` Քերին, Լավրովը, Դեզիրին, ներկա գտնվեցին հանդիպմանը, ինչը ցույց տվեց, որ կառավարությունները կարևորություն են տալիս այս հարցին, դա ճնշում  էր թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի  նկատմամբ, բայց գլխավորապես՝ Բաքվի նկատմամբ:

Երրորդ կետը` վերահաստատվեց, որ զինադադարի 1994-1995թթ. պայմանագրերը դեռ ուժի մեջ են, իսկ դրանք կարևոր են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  համար: Չորրորդ կետն այն է, որ ավելի մեծ կարևորություն և լիազորություն տրվեց ԵԱՀԿ-ին՝ որպես հակամարտության գոտում միջազգային ներկայացուցիչ:

Սա հավելյալ անվտանգություն է: Հարցն այն է, թե արդյո՞ք Բաքվում բացվելու է ԵԱՀԿ գրասենյակը, թե՞ ոչ, դա կարևոր է՝ հասկանալու համար, թե ԵԱՀԿ ընդլայնված լիազորությունները որքանով արդյունավետ կլինեն:

Հինգերորդ` կարևոր է, որ վերահսկողական մեխանիզմները կարևորվեցին համանախագահների և ԱԳ նախարարների կողմից, ինչը նշանակում է, որ այն, ինչ ցանկանում է Հայաստանը մասամբ  բավարարվում է կամ գոնե հայտարարվում, որ կա համաձայնություն այս հարցի առնչությամբ:

Վեցերորդ` կա ամրագրում, որ չկա հակամարտության ռազմական կարգավորում, այլ միայն խաղաղ, դիվանագիտական, քաղաքական:

Ամփոփելով` ասեմ, որ գոնե թղթի վրա, հայտարարությունների մակարդակով, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց, «նորմալ» և բավարար են այսօրվա արդյունքները: Անշուշտ, ԼՂՀ իշխանությունները չմտան բանակցությունների մեջ, անշուշտ դիրքերը, որ ադրբեջանցիները գրավել են, իրենց վերահսկողության տակ են, ըստ էության, և ոչ մի բան չասվեց Ադրբեջանի դեմ՝ իբրև ագրեսոր պետության, բայց  այն արդյունքները, որոնք ունենք, թույլ են տալիս եզրակացնել, որ համանախագահները գիտեն` ով է նախաձեռնել պատերազմը, քանի որ կարևորում են վերահսկողական մեխանիզմների ներդրումը, ինչը հայկական կողմի պայմանն էր: Այս ամենից  շատ բան չշահեց Ադրբեջանը՝  թե՛ ճակատում, թե՛ դիվանագիտական բեմի վրա, ընդհակառակը` հաստատվեց նաև, որ  Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը չեն ցանկանում պատերազմ այս տարածաշրջանում: Յոթերորդ կետն էլ այն է, որ սա ուղերձ էր Թուրքիային անուղղակի կերպով, որ նա այլևս չմիջամտի, այդ վատ խաղը չխաղա Ղարաբաղի շուրջ:

– Կարելի՞ է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի երեք պայմաններից երկուսը կատարվեցին:

– Պետք է  տեսնել, թե այս Վիեննայի հայտարարությունն ինչպես է իրականացվելու, այսինքն` այն, ինչ ամրագրվել է թղթի վրա` հայտարարության մեջ, ինչպես է գործի դրվելու, իսկապես Կասպրչիկն ունենալու է ավելի լայն լիազորություններ, և միջնորդները, քան նախկինում, երբ է իրականացվելու այդ գործընթացը, մեկ ամիս հետո՞, երբ նորից կհանդիպեն նախագահները, քանի որ արդեն այդ մասին խոսվել է:

Կարող ենք  ասել, որ հայկական կողմի համար բավարար են այս արդյունքներն այս փուլում, քանի որ հայտարարության մեջ  բավարարվել են հայկական կողմի որոշ պայմանները: Հարցն այն է, թե իրականության մեջ կկիրառվե՞ն, թե՞ ոչ: Մյուս հարցն այն է, թե Ալիևը ինչպես դրանք կկիրառի՞, քանի որ գիտենք`  Ալիևը սովորություն ունի՝ «այո» ասել, բայց այլ կերպ վարվել:

Օրինակ` նա մի քանի անգամ հայտարարեց, որ  համաձայն է Մադրիդյան սկզբունքների հետ, այսինքն`  տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և խաղաղ կարգավորում, բայց իրականում շեշտը դնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա, չի խոսում ինքնորոշման մասին: Այսինքն` իրականությունն  ու քայլերն այլ են: Հայաստանը պետք է զգույշ լինի թե՛ ճակատում, թե՛ դիվանագիտության մեջ, բայց ավելի զորացնելով դիվանագիտությունը, ամրացնելով, քանի որ նոր հանգրվան է բացվում: Ուզում եմ շեշտը դնել այն բանի վրա, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը համաձայնեցին, որ  տարածաշրջանը պետք է հանգիստ լինի, չեն ցանկանում  պատերազմ, քանի որ կան պատերազմներ ու ճգնաժամեր` Ուկրաինա, Սիրիա, ուստի այլ ճակատներ չեն ցանկանում:

– Տպավորություն ստեղծվեց, որ  Մոսկվան, որն իր քաղաքականության միջոցով ցանկանում էր հասնել անմրցունակ առաջատարի դիրքի տարածաշրջանում` սրելով իրավիճակը շփման գծում, այն մեղմելով, ամերիկյան նախաձեռնությունները արգելափակելով, կարծես հասկացել է, որ այլևս չի կարողանում միայնակ կարգավորել տարածաշրջանում գլուխ բարձրացրած խնդիրները: Կարծես Մոսկվան համաձայն է աշխատել Արևմուտքի հետ:  Ի՞նչ եք կարծում այս մասին:

– Չեմ կարող ասել՝ այդ տպավորությունը ճի՞շտ է, թե՞ ոչ: Հասկանալի է, կարևորն այն է, որ  ռուսների համար կարևոր էր, որ Թուրքիան չմիջամտի տարածաշրջանային հակամարտությանը:

Ռուսաստանի  դրական  համագործակցությունն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ այս  հարցի շուրջ  ցույց է տալիս, որ բոլոր համանախագահներն էլ ցանկանում են խաղաղություն, ցանկանում են, որ դրսից որևէ մեկը չմիջամտի հակամարտության խնդիրներին: Այստեղ երեք կետ է կարևոր: Առաջինը՝ երեք պետությունները  չեն ցանկանում պատերազմ տարածաշրջանում, երկրորդ պատճառը` լավ չեն հարաբերությունները Թուրքիայի հետ` խոսքը թե ԱՄՆ-Թուրքիա, թե Թուրքիա-Ռուսաստան, թե Թուրքիա-ԵՄ հարաբերությունների մասին է: Երրորդ` Իրանի ապագան, քանի որ  նոր ծրագրեր ու հեռանկարներ կան Իրանի շուրջ, դրանք անցնում են Կովկասով, ուստի կարևոր է Կովկասի  անվտանգությունը: Կարող ենք ինչ-որ տեղ ասել, որ Ալիևի փորձերն արդյունքների չհանգեցրեցին, այլ՝ հակառակը: Հարցը նաև Ալիևի հետագա պահվածքն է:

Դրական է նաև, որ իմացանք, թե նոր հանդիպումը պետք է տեղի ունենա հունիս ամսին:  Առաջին անգամն է, որ համանախագահներն այդպես աշխատեցին, քանի որ  նախկինում հաջորդ հանդիպման մասին չէր հայտարարվում, քանի որ չգիտեին: Հիմա գոնե գիտենք, որ նույնիսկ  տեղի է ունենալու նոր հանդիպում  նախագահների միջև, ինչը դրական է, որովհետև դինամիկա ու ճնշում է ձևավորվում կողմերի նկատմամբ:

– Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը՝ հասկանալով, որ Ռուսաստանը սկսում է գործել Արևմուտքի հետ, գնա փոխզիջումների և հրաժարվի «Ռուսական ծրագիր» կոչվածից, որի մասին անընդհատ խոսվում է:

– Դեռ կանուխ է այդ մասին խոսել: Պետք է տեսնենք, թե Վիեննայի բանակցություններն ինչ արձագանք կստանան թե՛ համանախագահ, թե՛ հակամարտող երկրներում: Չեմ խոսում «Լավրովի ծրագրի» մասին, քանի որ ասում են՝ կամ դա կա, կամ չկա: Հստակություն չկա այս առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031