«Կարևոր փուլում ԼՂՀ-ն կմտնի բանակցային գործընթաց». Արտակ Զաքարյանը՝ նախագահների հանդիպման մասին

«Եթե սահմանին մենք չունենք վստահության բավարար մեխանիզմներ և չունենք հրադադարի լիարժեք պահպանման հնարավորություններ, բնականաբար, ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել դրանց կիրառման մեխանիզմներ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել բանակցային փուլում, կարող է խախտվել՝ կախված հայ-ադրբեջանական սահմանի դրությունից:

«Երեկվա հանդիպումներում կարևորն այն է, որ Ադրբեջանն ինքը համաձայնություն տվեց սահմանագծում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում վստահության մեխանիզմների դնելուն, ինչը տարիներ շարունակ մերժում էր: Սակայն ընդունելն ու կյանքի կոչելը բավականին տարբեր բաներ են, մենք պետք է հավաստիանանք, որ ղարաբաղաադրբեջանական շփման գիծը գտնվում է հրադադարի պահպանման ներքո: Ապրիլյան պատերազմի ֆոնի ներքո՝ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները հույս են տալիս, որ կարող ենք սահմանագծում ունենալ միջազգային հանրության կողմից ճանաչված և ընդունված համապատասխան մեխանիզմներ»,- նշեց Ա. Զաքարյանը:

Նրա կարծիքով՝ այդ մեխանիզմների ներդրմամբ հնարավոր կլինի վերահսկել հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները, իրականացնել հետաքննություն և անել նաև քաղաքական հայտարարություններ. «Սա կարող է Ադրբեջանի համար լինել զսպող մեխանիզմ, որպեսզի ագրեսիան և սահմանային լարվածությունը թուլանա»:

Ա. Զաքարյանն ընդգծեց, որ առանց Ղարաբաղի մասնակցության՝ բանակցությունները վերջնարդյունք ունենալ չեն կարող. «Կարևոր փուլում ԼՂՀ-ն կմտնի բանակցային գործընթաց: Կարևոր փուլը բոլոր ձեռք բերված համաձայնությունների լիարժեք կատարումը և վերջնական փաստաթղթի պատրաստումն է: Հայաստանի կողմից բազմիցս հայտարարվել է, որ մենք կարող ենք ունենալ բազմաթիվ համաձայնություններ, բայց մինչև պաշտոնական Ստեփանակերտն իր վերջնական համաձայնությունը չտա, մենք չենք կարող ասել, որ կյանքի ենք կոչում այս կամ այն փաստաթուղթը: Երեկ դեռ վաղ էր խոսել այս մասին, քանի որ այսօր բանակցությունների սկսման ցանկություն է, ոչ թե բանակցություն»:

Տեսանյութեր

Լրահոս