Որքան տարածք ենք կորցրել ապրիլյան պատերազմում. պատմում է Սերժ Սարգսյանը
Մեր զինված ուժերը կատարել են իրենց խնդիրը: Այս մասին ինքնաթիռում լրագրողների հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թե հայկական, թե ադրբեջանական կողմերը խոսում են հաղթանակի մասին:
«Իմ կարծիքով՝ հաղթանակը կամ պարտությունը հետևյալն է՝ թե դու ինչ նպատակ ես դրել և արդյոք կարողացե՞լ ես կատարել քո նպատակը: Այստեղ ես չեմ ուզում, որ մենք հետին թվով եզրակացություն անենք, կուրծք ծեծենք և ասենք՝ մենք հաղթել ենք: Կարող եք հարցնել պաշտպանության նախարարության ողջ սպայակազմից, ում հետ ես հանդիեպել եմ, կարող եք հարցնել մեր անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, թե ես ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռևս տարիներ առաջ և ինչ տեղի ունեցավ: Ես հստակ խնդիր եմ դրել մեր զինված ուժերին, անվտանգության համակարգին՝ թույլ չտալ մեր ճակատի չեղքում ու քայքայում, այսինքն՝ ձախողել հակառակորդի ծրագրերը:
Կարծում եմ՝ բոլորդ էլ համոզվել եք, որ ծրագրերը ձախողվեցին, այսինքն՝ եթե զինված ուժերը, եթե անվտանգության համակարգն, այդ խնդիրը կատարել են, ապա ինչպես ուզում եք, կոչեք: Ուզում եք ասեք՝ մարդիկ արհեստավարժորեն կատարեցին իրենց առջև դրված խնդիրը, ուզում եք ասել՝ իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հողը: Ինչ ուզում եք, ասեք, բայց արդյունքում գալիս ենք, որ նրանք խնդիրը կատարել են:
Ես համարում եմ, որ մեր զինված ուժերը, այո´, խնդիրը կատարել են: Միշտ կարելի է ժողովրդահաճո, այս պարագայում պիտի ասեմ՝ ամբոխահաճո հայտարարություններ անել և ասել՝ այ, եթե ինձ թույլատրեին, ապա ես կհասնեի չգիտեմ որտեղ, այ եթե այս սխալը չանեին, մենք սա կանեինք: Դա ասում են մարդիկ, ովքեր կյանքում վառոդի հոտ չեն զգացել: Դա ասում են մարդիկ, ովքեր շատ հեռու են ռազմական գործից, կամ ասում են մարդիկ, ովքեր միգուցե ինչ-որ տեղ վառոդի հոտ զգացել են, բայց երբեք դրանից հետո հաղթական զեկույցներ չեն տվել, իսկ հիմա ուրիշների հաշվին ուզում են երևալ շատ մեծ հայրենասերներ և հավերժ պատերազմի կոչեր են անում:
Մեզ հավերժ պատերազմ պետք չէ: Մեզ պետք չեն զինված ուժեր, որոնք կգնան արկածախնդրության, միգուցե հաջողության կհասնեն, միգուցե ոչ: Մեզ պետք են զինված ուժեր, ովքեր վստահաբար կկատարեն իրենց առջև դրված խնդիրները, և այդ խնդիրները կատարվել են: Բոլոր նրանք, ովքեր այս պահին փորձում են ինչ-որ թերություններ տեսնել, խնդիրներ, տեսենել, գործին չեն աջակցում, նրանց նպատակը գործին աջակցելը չէ, նրանց նպատակը նախկինում իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է: Սա շատ ակնհայտ է: Եթե ուզում ես անպայման ասեմ, որ մենք հաղթել ենք, կարող եմ ասել, բայց ամենաճիշտ ձևակերպումը հետևյալն է՝ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են, և տա Աստված, որ մշտապես կատարեն և կատարելու են»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով տարածքների կորստի մասին տեղեկություններին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ գոյություն ունեն քարտեզ, պարզ հաշվարկներ, գնահատական:
«Եթե դու ինչ-որ բան կորցրել ես, այդ մի բանը ի՞նչ նշանակություն ունի՝ ռազմավարակա՞ն նշանակություն ունի, մարտավարակա՞ն նշանակություն ունի, թե ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն: Նախ՝ եթե զուտ մետրով չափենք, ապա պիտի ասեմ հետևյալը, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հա, կորցրել են 800 հա-ի չափ. դա մեկ հազարերորդն էլ չկա: Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն: Զուտ հոգեբանական առումով, այո´, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են:
Բայց ուզում եմ մի համեմատություն անեք՝ 800 հա և յուրաքանչյուր հա-ի համար 1 զոհ, 2 վիրավոր՝ ենթադրենք: Ճիշտ թվերը միայն իրենք գիտեն, բայց նույնիսկ եթե կես զոհ, մեկ վիրավոր, էլի շատ է: Համեմատեք, տեսեք՝ այդ 800 հազարը գրավելու համար ինչքան զոհ պիտի տային: Երբ ես ասում եմ՝ մեր զինված ուժերն իրենց խնդիրը կատարեցին, հավատացե´ք՝ մեր զինված ուժերն ի վիճակի էին այդ ստատուս քվոն վերականգնելու: Ընտրության խնդիր էր՝ արդյոք արժե՞ր այդ 800 հա-ի համար զոհել ևս 35, 40 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու:
Երևանում սրճարանում նստած՝ քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ իրենք գնան, վերցնեն և ոչ թե ուրիշներին խորհուրդ տան, հասկանան իրավիճակը և գնահատեն մետրի և մարդու արժեքը: Ինձ համար շատ ավելի կարևոր են մեր զինվորներն ու սպաները, նրանք դեռևս իրենց խնդիրը մինչև վերջ չեն կատարել: Նույնիսկ կատարելուց հետո իրենք պետք են, և որևէ մեկը չի կարող ասել, որ այդ մարդիկ քաղաքացիական կյանքում շատ ավելի քիչ հաջողությունների կարող են հասնել, քան ռազմական»: